«Ճնշե՞լ են, խնդրե՞լ, աղաչել-պաղատել, թե՞…». ՄԱԿ-ի բանաձեւից հետո, Արեւմուտքը հնարավոր է այլ աչքով նայի Հայաստանին

«Ճնշե՞լ են, խնդրե՞լ, աղաչել-պաղատել, թե՞...». ՄԱԿ-ի բանաձեւից հետո, Արեւմուտքը հնարավոր է այլ աչքով նայի Հայաստանին
«Ճնշե՞լ են, խնդրե՞լ, աղաչել-պաղատել, թե՞…». ՄԱԿ-ի բանաձեւից հետո, Արեւմուտքը հնարավոր է այլ աչքով նայի Հայաստանին

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանի դեմ քվեարկելը ռազմավարական սխալ էր:

Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը, ով նշում է, որ Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր այդ բանաձևին:

«Այս պահին Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է ակտիվ չեզոքության քաղաքականությունը: Եվ այդ իմաստով Հայաստանի ազգային պետական շահին համընկնում էր, որ Հայաստանը ձեռնպահ քվերարկեր»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

Հիշեցնենք, որ մարտի 27-ինՆյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն էր տվեց Ուկրաինայի հարցով բանաձևին: Այդ բանաձևով ՄԱԿ-ը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմի հանրաքվեն: Բանաձևին կողմ էր քվեարկել 100, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 58 երկիր:

Հայաստանը դեմ էր քվեարկել, դեմ քվեարկած մյուս 10 երկրներն են Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն:

Քվեարկությունից  մեկ օր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու:

Հայաստանի դիրքորոշման փոփոխությունը վերլուծաբանները Ռուսաստանի գործոնով են բացատրում: Երվանդ Բոզոյանն ասում է, որ Հայաստանն այլ գործիքներ ու լծակներ ուներ Ռուսաստանին աջակցելու համար:

«Այսինքն՝ այն մտավախությունը, որ եթե Հայաստանը ձեռնպահ քվեարկի, կարող էր փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մեղմ ասած, լուրջ չէ:

Փոխարենը մենք այդպիսի պահվածքով շարունակում  ենք վարկաբեկվել Արևմուտքում, մեզ դիտարկում են որպես կցորդ, և այդ իմաստով ես լուրջ մտավախություն ունեմ, որ Արևմուտքում կառաջանա լուրջ փոփոխություն Հայաստանի նկատմամբ:

Քանի որ մենք ունենք չլուծված Լեռնային Ղարաբաղի խնդիր, ապա դա կարող է ազդել նաև դրա վրա, ինչը մեզ համար խիստ վտանգավոր է»,- ասում է Բոզոյանը: Վերլուծաբանի խոսքով՝ փաստացի կարելի է ասել, որ Հայաստանը հրաժարվում է «և, և»-ի քաղաքականությունից:

Սակայն, ի տարբերություն վերջին օրվա ընթացքում հնչող քննադատություններին, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը դեմ քվեարկելով բանաձևին՝ պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքը:

Նրա խոսքով՝ ազգերի ինքնորոշման խնդիրը Հայաստանի համար արժեքային համակարգ է, և բնական է, որ պետք է դեմ քվեարկեինք:

«Հայաստանը Կոսովոյի վերաբերյալ նման բան չի հայտարարել, Կոսովոյի անկախությունը մինչև հիմա չի ճանաչել: Այսինքն՝ եթե Գալուստ Սահակյանն այդ սկզբունքի կողմնակից, է ապա նախ պետք է ճանաչեր Լեռնային Ղարաբաղի, Կոսովոյի, Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, հետո նոր Ղրիմի անկախությունը: Այսօր աշխարհում նույնիսկ գերտերություններն արդեն հրաժարվում են սկզբունքներից և ռեալ պոլիտիկի սկզբունքով աշխատում են՝ իրենց ազգային պետական շահը հետապնդելով: Այդ իմաստով խոսել սկզբունքի մասին, մեղմ ասած, ծիծաղելի է»,- ի պատասխան Գալուստ Սահակյանի ասում է Երվանդ Բոզոյանը:

Քաղաքական վերլուծաբան, «Ժառնագություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ասում է, որ եթե Հայաստանը անգամ աշխարհին դեմ գնար այդ քվերկությամբ, բայց հետապնդեր իր շահը, հասկանալի կլիներ:

«Ես գտնում եմ, որ վտանգավոր է Ղրիմի և Ղարաբաղի հարցով զուգահեռներ տանելը այն էլ այս շրջանում, երբ աշխարհը հստակ դիրքորոշում ունի: Հետևաբար, այդ պատրվակը բերել, թե իբր դրանք երկուսն էլ նույնն են, ուստի պիտի կողմ քվեարկել, պաշտպանել հանրաքվեն, չեն կարող»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում քվերակության ժամանակ Հայաստանն ուղղակի սպասարկել է այլ երկրի շահը, բայց ոչ իր, ոչ Լեռնային Ղարաբաղի:

Վերլուծաբանի խոսքով՝ դրա վառ ապացույցն այն էր, որ քվերակությունից մեկ օր առաջ Հայաստանը հայտարարեց, թե ձեռնպահ է քվեարկելու, ինչը մեզ բոլորիս և աշխարհի համար հասկանալի դիրքորոշում էր:

«Ես չգիտեմ՝ ճնշել են, համոզել են, խնդրել են, աղաչել են, պաղատել են, թե՞ Հայաստանն է հաճոյացել Ռուսաստանին, բայց մի բան ակնհայտ է է, որ Հայաստանը քվեարկել է անևին էլ ոչ իր կենսական շահի դիրքերից»,- ասում է նա:

Ստյոպա Սաֆարյանը նաև նկատեց, որ այս քվեարկությունից հետո Հայաստանի մասին միջազգային հանրության մոտ առաջին հերթին վատ իմիջ է ձևավորվելու, ոչ այնքան նրա համար, որ Հայաստանը հայտնվել է Զիմբաբվեի, Սուդանի կամ Հյուսիսային Կորեայի խմբում, այլ որովհետև Հայաստանն ամբողջ աշխարհին  հայտարարել է, որ քվեարկելու է այլ կերպ, բայց քվեարկել է այլ կերպ:

«Հետևաբար, երբ երկիրը ասում էր, թե իր շահերից է բխում եվրաասոցացման համաձայնագրի կնքումը, բայց սեպտեմբերի 3-ին ճիշտ հակառան է անում, սա էլ գալիս է էլ ավելի խորացնելու այդ անկանխատեսելիությունը: Հայաստանին լուրջ պետություն չեն ընկալի, կընկալեն, որ Հայաստանի դիրքորոշումներն այլ քաղաքում են ձևավորվում, բայց ոչ Երևանում, սա վտանգավոր է»,- ասում է վերլուծաբանը:

© Medialab.am