«Զոհաբերում` հանուն խաբկանքի». ո՞ւմ էր խանգարում Տիգրան Սարգսյանը

«Զոհաբերում` հանուն խաբկանքի». ո՞ւմ էր խանգարում Տիգրան Սարգսյանը
«Զոհաբերում` հանուն խաբկանքի». ո՞ւմ էր խանգարում Տիգրան Սարգսյանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը երկրում գոյություն ունեցող տնտեսական, սոցիալական, ներքին ու արտաքին քաղաքական կարեւորագույն խնդիրներից քաղաքացիների ուշադրությունը շեղելու նպատակ է հետապնդում: 

Այս մասին «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:  

«Հայաստանում տնտեսության, սոցիալական ապահովվածության, ներքին ու արտաքին քաղաքականության  ոլորտներում գոյություն ունեցող աղետալի վիճակի  համար  պատասխանատու մի անձ կա՝ Սերժ Սարգսյանը: Տիգրան Սարգսյանի զոհաբերմամբ կարող են որոշակի  գոլորշի բարձրացնել կամ ներկայացնել այն  որպես հանրային դժգոհության բավարարում , բայց իրականում դա կլինի խաբկանք»,-«Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ  հրաժարական է տվել վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

Այս տեղեկությունը լրագրողներին հայտնել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանվը ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո:

Շարմազանովը մանրամասներ չի հաղորդել, նշել է միայն , որ վարչապետի հրաժարականը ոչ թե պահի ազդեցությամբ, այլ մեկ ամիս առաջ  կայացված որոշում է եղել: Իսկ Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դեռևս փետրվար ամսին դիմել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին խնդրանքով՝ ընդունել իր հրաժարականը:

«Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով»,-գրել է Տիգրան Սարգսյանը:

Արթուր Սաքունցի խոսքով,  վարչապետի դիրքը Հայաստանի կառավարման համակարգում  այնքան վճռորոշ ու էական նշանակություն չունի, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը երկրի համար էական նշանակություն ունենա:

«Մեզ մոտ նախագահի միանձնյա կառավարման համակարգն է աշխատում եւ, եթե անգամ փորձեն որոշ մեկնաբանություններով ներկայացնել, թե սա իբր ոչ իշխանական ուժերի պահանջների բավարարումն է, դա անհեթեություն կլինի», -նշում է իրավապաշտպանը՝ հավելելով, որ այս հրաժարականը պայմանավորված չէ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի՝ ապրիլի քսանութին սպասվող գործողություններով:

Տեղեկացնենք, որ քպրիլի 28-30-ն ընկած ժամանակահատվածում, ԱԺ ոչ իշխանական ուժերը` ՀԱԿ-ը, ՀՅԴ_ն, «Ժառանգությունը», եւ ԲՀԿ-ն հայտարարել էին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքների մասին, որի գլխավոր նպատակը կառավարությանն անվստահություն հայտնելն էր լինելու: 

Ըստ իրավապաշտպանի, իշխանությունը միշտ ինչ-որ թեմաներ գտնում է հանրային ուշադրությունը բուն պատճառներից դեպի երկրորդական ու երրորդական հարցերի վրա շեղելու համար:

«Սա ընդամենը հանրային մեծ դժգոհությունը ժամանակավորապես մարելու նպատակ ունի: Մանավանդ որ մեկ ամիս հետո Հայաստանի`Մաքսային Միությանն անդամագրման գործընթացն է սկսվում»,-«Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով, 2008-ին երբ Տիգրան Սարգսյանը վարչապետ էր նշաակվում, մեկ գործոն կար, որով հիմնավորվորվում էր այդ նշանակությունը. միջազգային հանրությունը որպես ԿԲ նախագահի նրա անձն ընդունելի էր համարում: Եւ քանի որ 2008-ին իրավիճակը բավականին վիճահարույց էր` մարտիմեկյան իրադարձություններ,  զոհեր, լեգիտիմություն, ուստի Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, որը մինչ այդ քննարկման առարկա չէր, առաջադրվեց, որպես իրավիճակը հաղթահարելու լավագույն տարբերակ:

Սակայն, սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի` Հայաստանի Մաքսային միությանն անդամագրվելու աննախադեպ հայտարարությունից հետո, Տիգրան Սարգսյանի անձի նշանակությունը եւ կարեւորությունը միջազգային  հանրության հետ հաղորդակցման տեսանկյունից մեծ հաշվով ոչ միայն վերացավ, այլեւ անցանկալի դարձավ, քանի որ վարչապետ Սարգսյանը հայտնի էր իր եվրոպամետ մոտեցումներով:

«Այս ամենից հետո առաջին պլան մղվեցին Կրեմլի հետ ունեցած հարաբերությունները,-նշում է Արթուր Սաքունցը եւ հավելում,-Հրաժարականի փոխարեն, «օֆշորային» սկանդալով պայմանավորված, պետք է քրեական գործ հարուցվեր Տիգրան Սարգսյանի նկատմամբ»:

Մինչ քաղաքական ուժերը ձեռնպահ են մնում հայտարարություններ անելուց, արդեն իսկ սկսել են շրջանառվել հնարավոր վարչապետի թեկնածուների անուններ, որոնց մեջ են պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Վիգեն Սարգսյանի, Արմեն Գեւորգյանի եւ այլ անուններ:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետին նշանակում է նախագահը:

Սահմանադրության 55.-րդ հոդվածի համաձայն,  «Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա, նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում»:

Հանրապետության Նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին:

Էմմա Քալաշյան

© Medialab.am