Կոմպլեմենտար քաղաքականությո՞ւն. Ռուսաստանի նախագահի հաջորդիվ այցերը քննարկումների տեղիք են տվել

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան և Ադրբեջան կատարած հաջորդիվ այցերն ու միջպետական համաձայնագրեր ստորագրելը բազմաթիվ քննարկումների և կանխատեսումների տեղիք տվեցին մեր հյուսիսային հարևանի` այս կամ այն կողմին հակված լինելու, նրա վարած արտաքին քաղաքականության և դիվանագիտության շուրջ:
Անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի վարած քաղաքականությունը «ասիմետրիկ-կոմպլեմենտար» է որակում:
«Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, բնական է, որ ավելի ռազմավարական բնույթ ունեցող քաղաքականություն է վարում: Ռուսաստանը, սակայն, որոշել է ամեն ինչ անել, որպեսզի ուժեղացնի իր ազդեցությունը նաև Ադրբեջանի վրա»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:

Ըստ նրա` Ադրբեջանի հետ այս համագործակցությունը Ռուսաստանին անհրաժեշտ է Արևելք-Արևմուտք էներգակիրների գործոնը չեզոքացնելու համար, ինչը հակասում է Եվրոպական Միության և ընդհանրապես Արևմուտքի շահերին: Այս պարագայում Ադրբեջանին հաջողվում է վարել կոմպլեմենտար քաղաքականություն: Քաղաքագետի կարծիքով` այս գործընթացում հիմնական դեր է խաղում արցախյան չլուծված հարցը, որը Ռուսաստանին «մանևրելու» մեծ հնարավորություն է տալիս:

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները բնութագրվում են որպես ռազմավարական դաշնակիցների, հարևանների և բարի ընկերների հարաբերություններ:

Այս խոսքով Դմիտրի Մեդվեդևին սեպտեմբերի 2-ին դիմավորեց Իլհամ Ալիևը, որը համատեղ ասուլիսի ժամանակ նշեց, որ բարձր են գնահատում Ռուսաստանի` այդ հզոր պետության նախագահի այցը Ադրբեջան:

Պաշտոնական Բաքվի ջերմ ողջույններին հաջորդեց ռուս-ադրբեջանական չորս պայմանագրերի ստորագրումը, ի թիվս որոնց` երկու երկրների միջև պետական սահմանի մասին և Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից բնական գազի առքուվաճառքի մասին պայմանագրերը:

Փորձագետների կարծիքով` Դմիտրի Մեդվեդևի` Բաքու կատարած այցը նախևառաջ պայմանավորված էր դրանից առաջ Հայաստան կատարած նրա այցով, քանի որ օգոստոսի 20-ին Երևանի և Մոսկվայի միջև Հայաստանում ռուսական ռազմակայանի ժամկետների երկարացման մասին պայմանագրում փոփոխությունների մասին փաստաթղթի ստորագրումից հետո Բաքվում ահազանգեցին, թե Ռուսաստանը հստակեցրել է իր դիրքորոշումն արցախյան հարցում:

Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի համար ռուսական զորքերի առկայությունը Գյումրիում անվտանգության երաշխիք է մեր երկրի համար:

«Եթե մեր կողքի հարևանը Ամերիկայի հետ համաձայնագիր կնքելով ապահովում է իր անվտանգությունը, Ադրբեջանը Թուրքիայի հետ համաձայնագիր կնքելով ապահովում է իր անվտանգությունը, Հայաստանն էլ ռուսների հետ կկնքի նման պայմանագրեր և կապահովի իր անվտանգությունը»,- ասում է Ռաֆիկ Պետրոսյանը:

Սակայն, ի տարբերություն Պետրոսյանի, Հայաստանում շատերը չէ, որ կիսում են այդ ոգևորությունը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Մեդվեդևի կատարած այցը Բաքու տարածաշրջանում ռուսական քաղաքականության համատեքստում բավական տրամաբանական է համարում:

«Մենք ավելի քան վստահ ենք, որ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել Ադրբեջանը: Որքան Ադրբեջանը միտված է դեպի Արևմուտք, այնքան բարձր է Ռուսաստանի համար Հայաստանի գինը, սակայն մեր հույսը չպետք է դնենք այդ պայմանագրերի վրա: Պետք է ժամանակն օգտագործել Հայաստանի հզորացման համար»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:

Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը չի զարմացնում նաև «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանին:

«Կարծես թե բոլորիս համար հասկանալի է, որ Ռուսաստանը` որպես երկիր, որը հավակնում է լինել երկու պետություններից մեկը որպես գերտերություն, հետևողականորեն իրականացնում է բոլոր քայլերը, որոնք կապահովեն իր անվտանգությունը և իր քաղաքական շահերի դաշտի ընդլայնումը»,- ասում է Լարիսա Ալավերդյանը:

Այնուամենայնիվ Մեդվեդևի` Բաքու կատարած այցից հետո ադրբեջանցի քաղաքագետների կարծիքներն ավելի մեղմացան, և մեջտեղ եկավ այն կարծիքը, թե «Մոսկվան վտանգավոր չէ»:

«Ռուսաստանն արդեն հասկացրել է, որ տրամադրված չէ պաշտպանելու Հայաստանին,- կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն: – Բանն այն է, որ (հայ-ռուսական պայմանագրում) խոսքը միայն ռազմաբազայի`Գյումրում տեղակայման ժամկետի մասին, ոչ ավելին: Չի փոխվում ո´չ գործունեությունը, ո´չ զենքի և ո´չ էլ զինվորականների թիվը»:

Իսկ Միլի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն էլ նշել է, որ Ռուսաստանը հանուն Հայաստանի չի պատերազմելու:

«Այսօր Հայաստանն ու այն ուժերը, որոնք կանգնած են այս երկրի հետևում, չեն կարող դիմակայել Ադրբեջանի ուժին»,- հայտարարել է Ասիմ Մոլլազադեն:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, սակայն, «Մեդիալաբին» ասում է, որ Բաքվում հնչող նման կարծիքները նույնպես Ռուսաստանի քաղաքականության արդյունք են:

«Իրականում այս վերջին իրադարձություններում Ռուսաստանը փորձել էր որոշ ձևով հավասարակշռված մոտեցում ցույց տալ և´ Հայաստանին, և´ Ադրբեջանին, բայց դրա հետ մեկտեղ ակնհայտ էր, որ այն քաղաքական երաշխիքները, որոնք տվել էր այդ նույն ռազմաքաղաքական պայմանագրով, իրականում, իհարկե, բավական որոշակիորեն հակադրվում էին Ադրբեջանի շահերին»,- ասում է Սերգեյ Մինասյանը:

Լիանա Խաչատրյան

© Medialab.am