Սերժ Սարգսյանը` ԱԺ նախագա՞հ. Ըստ վերլուծաբանի, նա ամենեւին էլ չի հավաքում ճամպրուկները

Սերժ Սարգսյանը` ԱԺ նախագա՞հ. Ըստ վերլուծաբանի, նա ամենեւին էլ չի հավաքում ճամպրուկները
Սերժ Սարգսյանը` ԱԺ նախագա՞հ. Ըստ վերլուծաբանի, նա ամենեւին էլ չի հավաքում ճամպրուկները

Այսօրվա իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը հայտ է ներկայացնում, որ փորձում է վերարատադրել իր իշխանությունը: 

Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի այսօրվա այն հայտարարությանը, թե ինքն այլևս չի առաջադրվելու նախագահի ու վարչապետի պաշտոնում:

«Այստեղ ճամպրուկները հավաքելու մասին խոսք անգամ չկա, հակառակը»,-ասում է Երվանդ Բոզոյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Սերժ Սարգսյանին է ներկայացվել ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է Հայաստանում անցում կատարել խորհրդարանական կառավարման մոդելին: Հայեցակարգը դեռ պետք է հանրային քննարկման դրվի:

«Քննարկումների փուլն սկսելուց առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Երվանդ Բոզոյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հետևյալ կերպ կարելի է հասկանալ՝ ինքը չի ուզում լինել նախագահ, որովհետև նախագահի լիազորությունները փոքրանում են, չի ուզում դառնալ վարչապետ, որովհետև վարչապետի լիազորությունները փոքրանում են, այլ ուզում է դառնալ ապագա Ազգային ժողովի նախագահ՝ այսօրվա նախագահի լիազորություններով:

«Շատ դժվար չէ դա հասկանալը, մարդն ակնհայտորեն հայտարարել է, որ ինքը ուզում է վերարտադրվել: Ազգային ժողովի նախագահի լիազորություններն ինքը դարձնում է այսօրվա նախագահի լիազորություննեը: Ընդ որում, այդ Ազգային ժողովի նախագահը փաստորեն ընտրվելու է պատգամավորների կողմից, և փաստորեն ինքը ցմահ կարող է դառնալ Ազգային ժողովի նախագահ՝ մեծ լիազորություններով՝ չընտրվելով ժողովրդի կողմից»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը: 

© Medialab.am