Օտար ափերի հայկական «Ծիծեռնակը». հայկական խնդիրները` Տալլինի տրամադրություններում

Օտար ափերի հայկական «Ծիծեռնակը». հայկական խնդիրները` Տալլինի տրամադրություններում
Օտար ափերի հայկական «Ծիծեռնակը». հայկական խնդիրները` Տալլինի տրամադրություններում

«Բարի երեկո, մեծարգո՛ հայրենակիցներ, դուք լսում եք «Ծիծեռնակ» ռադիոհաղորդումը Էստոնական ռադիոյի 4-րդ ծրագրով…»:

22 տարի ռադիոալիքները Էստոնիայի ողջ տարածքով մեկ սփռում են Գոհար Վարդանյանի հայերեն ողջույնը:

«Հետո հնչում է «Սպարտակ» բալետի մեղեդին, հետո նույնը կրկնում եմ ռուսերեն, ու սկսվում է ռադիոժամը՝ իրադարձությունների ու փաստերի մեկնաբանությամբ: Նախ 15 րոպե քաղաքական լուրերին է հատկացվում, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ իրավիճակ է Հայաստանում և Արցախում, հետո շարունակվում է մշակութային մասը, մեր տեղական ռեպորտաժները»,- ասում է Տալլինում գործող միակ հայկական «Ծիծեռնակ» ռադիոհաղորդման հիմնադիր ու հաղորդավարուհի Գոհար Վարդանյանը:

Տալլինի «Տալլինկա» հյուրանոցի սրահում նրա զրույցը հայ լրագրողների հետ ջերմ է ու կարոտած: Հարազատի նման կիսվում է, պատմում ռադիոյի հիմնադրման պատմությունը, հուզվում, վերհիշում, թե ինչպես Երևանից տեղափոխվեց Տալլին, ուր հայ համայնքը կազմված է 1600 հոգուց: Ավելի ուշ զրույցին է միանում ամուսինը՝ Յուրի Վարդանյանը, և լրացնում կնոջը:

«Առաջին հաղորդումը եթեր ենք տվել 1992 թվականի մայիսի 28-ին: Դրանից առաջ մեզ արդեն զանգահարել էին պետական ռադիոյից ու շաբաթական կես ժամով ռադիոժամ առաջարկել: Անմիջապես կապվեցինք Հանրային ռադիոյի հետ, ասացինք, որ մեզ Տալլինում առաջարկում են հայկական ռադիոժամ ունենալ, մենք կարող ենք դա անել, եթե Հայաստանից ունենանք Ձեր աջակցությունը: Այն ժամանակվա ռադիոյի պատասխանատուն՝ Սամվել Գևորգյանը, միանգամից արձագանքեց՝ առաջարկելով Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդի ձայնադարանը: Այն տարիներին Հանրայինը ֆինանսավորում էր մեզ, և մենք տարեկան երկու անգամ գալիս էինք Երևան ու ձայնագրություններ բերում»,- պատմում է Յուրի Վարդանյանը:

Այդ տարիներին համացանցը դեռ չկար: Վարդանյաններին տեղեկատվության տրամադրման հարցով աջակցում է նաև «Ա1+»-ը: Էստոնիայի հայ համայնքը սկսում է իրազեկվել Հայաստանի և Արցախի քաղաքական ու մշակութային իրադարձություններին, եթեր են արձակվում գիտական և պատմական, հոգևոր թեմաներով հաղորդումներ, հայկական երաժշտություն:

Ամուսինների որոշումն է լինում ռադիոհաղորդումն անվանել «Ծիծեռնակ»:

«Նախ՝ այդ շատ հայտնի հայկական երգի բառերի հեղինակը սովորել է այստեղ՝ Տարտուի համալսարանում, և հետո՝ ծիծեռնակը համարվում է էստոնացիների ազգային թռչունը»,- բացատրում է Գոհար Վարդանյանը:

Սկզբում հաղորդումները լինում են շաբաթական կես ժամով, հիմա «Ծիծեռնակը» հեռարձակվում է ամիսը մեկ անգամ՝ մեկ ժամով:

«Ռադիո 4»-ը եթեր է տրամադրում անվճար: Ամուսիններն աշխատում եմ երկուսով՝ կամավորության սկզբունքով: Համացանցը թեթևացրել է նրանց աշխատանքը՝ նորությունները վերցնում են ամենահավաստի կայքերից: Քաղաքական մասը ներկայացնում է Յուրի Վարդանյանը, իսկ մշակութայինը՝ կինը:

Մասնագիտությամբ թավջութակահար Գոհար Վարդանյանը ծնվել ու մեծացել Հայաստանում: 1989-ին ծանոթանում է արմատներով ղարաբաղցի Յուրիի հետ, ով ծնվել ու մեծացել էր Էստոնիայում, ամուսնանում են, և Գոհարը տեղափոխվում է մերձբալթյան փոքրիկ հանրապետությունը:

«Դեռ Երևանում էին առաջարկում ռադիո գնալ, ասում էին՝ ձայնս հաջող է: Ճակատագիր էր, պետք էր ապրելու համար տեղափոխվել այստեղ՝ ռադիո գնալու համար»,- կատակում է Գոհարը:

Ամուսիններն ասում են, որ էստոնացիները իհարկե սիրում են հայերին, բայց մեծ շարժ՝ հայկական չկա:

«Ծիծեռնակը» փորձում է լրացնել այդ բացը ու լսելի դարձնել Հայաստանի ձայնը: Մի քանի պատմական հաղորդումներից հետո բախում է տեղի ունենում ադրբեջանական համայնքի հետ, որից հետո նաև ադրբեջանական համայնքին է ռադիոժամ տրվում:

«Ռադիո 4»-ը նրանց էլ է ժամ տվել՝ ամիսը 20 րոպե, բայց նրանցը ռեպորտաժների տեսքով է: Մենք փաստորեն ունենք քաղաքական, մշակութային և մեր սեփական ռեպորտաժները: Օրինակ՝ Տալլինում բեմադրեցին Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը, հարցազրույց արեցինք ռեժիսորի հետ, կամ Տարտուի համալսարանում ցեղասպանության թեմայով դասախոսություն էր կարդում Ռաֆիկ Գրիգորյանը, ով նաև Տարտուի հայ համայնքի ղեկավարն է, սկայպով միանում ենք Հայաստան և հարցազրույցներ վերցնում հայտնի մարդկանցից»,- ասում է Գոհարը:

22 տարվա աշխատանքի արդյունքում հայկական ռադիո «Ծիծեռնակը» հասցրել է դառնալ Եվրոպայի և Էստոնիայի ժուռնալիստների միության անդամ, Էստոնիայի ամբողջ տարածքով մեկ լսելի է հայկական ռադիոն, որը նաև լոբբինգի դեր է կատարում:

Ամուսիները տեղեկացնում են, որ «Ծիծեռնակը» հայկական տեղեկատվության այն փոքրիկ աղբյուրն է, որով բարձրաձայնվում է հայերի եւ հայկական խնդիրների մասին:

«Փորձում ենք անդրադառնալ բոլոր թեմաներին, սակայն նաեւ այնպես ենք անում, որպիսի մեծ լարում չառաջացնենք եւ զերծ մնանք խնդիրներից»,-ասում են հայկական ռադիոհաղորդման  «Ծիծեռնակի» հիմնադիրները` Եվրոպայի փոքրիկ անկյունում:

Գայանե Մկրտչյան

© Medialab.am