Երևանին պետք չեն մահարձաններ. Քննարկումներ` Միկոյանի հուշարձանի շուրջ

Երևանին պետք չեն մահարձաններ. Քննարկումներ` Միկոյանի հուշարձանի շուրջ
Երևանին պետք չեն մահարձաններ. Քննարկումներ` Միկոյանի հուշարձանի շուրջ

Անաստաս Միկոյանի արձանի նախատիպը կանգնեցվել է անցած դարի 80-ական թվականներին և դասականորեն դա գերեզմանի վրա դրվելիք արձան է, որը Երևանի կենտրոնում որպես արվեստի ստեղծագործություն դնելն անթույլատրելի է:

«Քաղաքը լի է մահարձաններով, կարծես գերեզմանոցի վերածված լինի, արվեստի իրական արժեք ունեցող արձանները քիչ են, այս արձանի տեղադրումը հետապնդում է քաղաքական նպատակներ»,- ասաց քանդակագործ, արվեստագետ Սահակ Պողոսյանը:

Բոլշևիկ, խորհրդային շրջանի պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի, ինչպես նաև քաղաքում արձանների տեղադրման սկզբունքների վերաբերյալ «Մեդիա կենտրոնում» այսօր տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին նաև արվեստաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր և տնօրեն Նազարեթ Կարոյանը, պատմաբան Արայիկ Հարությունյանը և նկարիչ Զարուհի Մուրադյանը:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Հակասական կենսագրություն ունեցող բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու աղմկահարույց որոշումը կայացվել էր Երևանի ավագանու ապրիլի 30-ի նիստում: Այս որոշումից հետո հասարակական լայն շրջանակներում բարձրաձայնվեց Միկոյանի կենսագրության մութ կողմերի մասին՝ ցույց տալով նրա կապը Ստանլինյան բռնաճնշումների հետ:

«Միկոյանը ոչ միայն մասնակցել, այլ նաև խրախուսել ու նախաձեռնողներից մեկն է եղել իրականացված բռնաճնշումների, անգամ Բերիայի ժամանակ այդքան մարդ չի սպանվել»,- նշեց պատմաբան Արայիկ Հարությունյանը: Ըստ նրա՝ արդեն այնքան փաստաթղթեր ու այլ տվյալներ են հրապարակվել, որ Միկոյանի մասնակցությունն այդ հանցանքներին որևէ կերպ հերքել հնարավոր չէ:

Անաստաս Միկոյանի ավագ որդին՝ Ստեփան Միկոյանը, երեկ՝ հունիսի 1-ին, Երևանի ավագանուն ուղղված նամակում շնորհակալություն հայտնելով արձանի տեղադրման որոշման համար, նշել էր, որ իր հայրը միշտ եղել է Հայաստանի կողքին, օգնել սննդի մատակարարմամբ, իսկ հետստալինյան շրջանում եղել է ապաստալինացման և «ռեաբիլիտիացիայի» նախաձեռնողներից:

Քանդակագործ Սահակ Պողոսյանն առնվազն անպատկառություն համարեց խորհրդային շրջանում 60 միլիոն բռնադատված մարդկանց մահն արդարացնելը:

Նկարիչ Զարուհի Մուրադյանն անդրադարձավ Երևանի գլխավոր ճարտարապետի այն պնդմանը, որ արձանի տեղադրման որոշումը կայացվել է բազմաթիվ մարդկանց դիմումների հիման վրա.

«Ես նամակով դիմել էի քաղաքապետարանին` առաջարկելով Երևանի մի քանի փողոցներ վերանվանել մեր հայտնի նկարիչների անուններով, սակայն նամակս մնացել է անպատասխան: Անհասկանալի է՝ ինչ սկզբունքով է քաղաքապետարանը պատասխանում նամակներին»:

Նկարիչ Զարուհի Մուրադյանն անընդունելի է համարում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այն հայտարարությունը, որ պետք չէ քննարկել անցյալն ու պետք է միայն լավը հիշել: Մուրադյանի կարծիքով՝ նախարարն այդպիսի հայտարարությունից հետո պետք է հրաժարական տար:

Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր և տնօրեն Նազարեթ Կարոյանը խոսեց Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման՝ հասարակության վրա ունեցած ազդեցության մասին, նշելով, որ դա հիշողության քաղաքականության մի մասն է, և Միկոյանի արձանը տեղադրելով մատուցվում է նախընտրելի գործչի կերպարի օրինակը:

«Միկոյանի մասին հիշողության պահպանման գործողությունները սկսել են դեռևս խորհրդային շրջանում, իսկ հիմա մենք կրկին վերադառնում ենք անցյալ,- ասաց Կարոյանը, նշելով, որ սիմվոլիկ իմաստով խիստ կարևոր է, թե ում արձանն ես տեղադրում,- Լենինի արձանը հանելով` մենք հաստատեցինք մեր անկախությունը՝ սիմվոլիկ իմաստով»:

Խոսելով քաղաքում արձանների տեղադրման սկզբունքներից՝ Զարուհի Մուրադյանն ասաց, որ հուշարձաններ տեղադրելիս անհրաժեշտ է անցկացնել մրցույթներ.

«Կոչ եմ անում քաղաքապետարանին կամ անցկացնել մրցույթներ կամ չտեղադրել արձաններ որոշ ժամանակ` սկսելով հենց Միկոյանի արձանից»:

Իսկ քանդակագործ Սահակ Պողոսյանը ասաց, որ ինքը թեպետ դեմ է վանդալիզմի ցանկացած դրսևորման, սակայն եթե մարդիկ որորշեն վնասել կամ պայթեցնել Միկոյանի արձանը, ապա այն կլինի իրենց պատասխանը:

Պատմաբան Արայիկ Հարությունյանն առաջարկեց կիրառել արտասահմանում ընդունված փորձը և խորհրդային շրջանի բոլոր գործիչների արձանները և այդ շրջանին վերաբերող այլ կոթողները հավաքել մի ընդհանուր թանգարանում՝ լուծում տալով ստեղծված խնդրին:

Նշենք, որ Անաստաս Միկոյանի բրոնզաձույլ արձանը գրեթե պատրաստ է: Բոլշևիկ գործչի հուշարձանը նախատեսվում է տեղադրել Երևանի կենտրոնում՝ Իսահակյան- Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում։

«Մեդիա կենտրոն»