Արցախցիներին հյուրատներից հանում են, իսկ վարձակալությամբ բնարականներ գտնելը լուրջ խնդիր է․ «Գնան էնտեղ` ինչ է լինելու, մնան էստեղ` ով է իրենց տերը»

Պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիներին հյուրատներից հանում են, իսկ վարձակալությամբ բնարական գտնելը դարձել է լուրջ խնդիր։ Թեպետ Արցախ վերադառնալու բազմաթիվ կոչերին՝ արցախցիները դեռևս և՛ անվտանգ չեն համարում ճանապարհ ընկնելը, և՛ չեն պատկերացնում՝ ինչպես է լինելու իրենց կյանքը հայրենիքում։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի դիտարկմամբ` այժմ արցախցիների առաջնային խնդիրներից է նրանց բնակարաններով ժամանակավորապես ապահովելը: 

«Վարձակալությամբ բնակարան գտնել հնարավոր չէ, հիմա հյուրատներից դուրս են հանում՝ ասելով՝ ձեր հարցերը լուծվել են, քիչ թե շատ խելամիտ գներով վարձակալությամբ բնակարաններ ևս չկան»,- նշում է նա։

Այս օրերին Զառա Հովհաննիսյանը ընդգրկված է Արցախից Հայաստան եկած քաղաքացիներին աջակցություն և օգնություն տրամադրելու գործում։

Նրա խոսքով՝ թեպետ Արցախ վերադառնալու կոչեր են արվում, սակայն քաղաքացիները ապագայի հանդեպ անորոշ պատկերացնում ունեն՝ և՛ ցանկություն ունեն վերադառնալու հայրենիք, և՛ չեն պատկերացնում՝ ինչպես է լինելու իրենց կյանքն այնտեղ: 

«Ե՛վ ուզում են գնալ իրենց տները, և՛ չեն կարող գնալ, շատ կասկածամիտ են վերադառնալ-չվերադառնալու հարցում։ Վախեր ունեն նաև՝ ճանապարհը որքանով ապահով կլինի, արդյո՞ք անվտանգ է։

Նույնիսկ Արցախի կանանցից մեկն ինձ հետ զրույցում ասաց, որ գնացել է մի տեղ, ասել են՝ ճանապարհին մի աղջիկ են գողացել, անվտանգ չի, որ գնան, հասնեն տեղ։ Վախեր կան, պատերազմ տեսած մարդիկ են՝ վախեցած, ընկճված, իրենց ապագայի մասին անիմանալի պատկերացումներով»,- նշում է Հովհաննիսյանը։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան է տեղափոխվել շուրջ 90 հազար քաղաքացի։ Նախորդ օրերին Հայաստանից Արցախ է վերադարձել շուրջ 7000 արցախցի։

Հովհաննիսյանի խոսքով՝ պետության կողմից որոշակի օգնության մեխանիզմների համակարգ սկսել է գործել, սակայն արցախցիների՝ մի բնակարանից կամ հյուրանոցից մյուսը տեղափոխումով փաստաթղթային հարցեր են առաջանում։ 

«Թաղապետարանների, համայնքապետարանների միջոցով գործում է օգնության մեխանիզմը, բայց էդտեղ էլ մարդիկ պետք է հստակ ամրագրված լինեն, երբ դուրս են գալիս, պետք է նորից հաշվառում անցնեն, ինչը բնական է: Լինում է՝ ընտանիքները կիսվում են, մի մասը վերադառնում է, մյուս մասը մնում է, տեղափոխվում այլ բնակարան, նորից պետք է վերագրանցվեն, սակայն հաճախ մնում են օդում»,- նշում է Հովհաննիսյանը։

Կառավարությունը նոյեմբերի 16-ին որոշում ընդունեց, ըստ որի՝ Արցախի քաղաքացիներին կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն՝ յուրաքանչյուր մարդու համար նվազագույն աշխատավարձի չափով՝ 68000-ական դրամ։

Հովհաննիսյանն ընդգծում է՝ այս պահին կենցաղային և ֆինանսական հարցերից զատ Արցախից տեղահանված քաղաքացիները նաև հոգեբանական, մասնագիտական աջակցության անհրաժեշտություն, կարիք ունեն։

Նրա խոսքով՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակին Ազգային ժողովը կարող էր լուծում տալ, եթե ինքնուրույնություն հանդես բերեր։

«Եթե Ազգային ժողովն ինքնուրույն մարմին լիներ, կկարողանար լուծել այս ճգնաժամը, անվստահություն կհայտներ կառավարությանը, մի կառավարության, որը վստահություն ընդհանրապես չունի, արագ նոր կառավարություն կձևավորեր:

Շատ ծանր է իրականում։ Մարդիկ իրենց ապագան չեն պատկերացմնում, չգիտեն՝ գնան էնտեղ՝ ինչ է լինելու, մնան էստեղ՝ ով է իրենց տերը»,- իրավիճակը ներկայացնում է Հովհաննիսյանը։

Պատերազմի ավարտից 9 օր անց՝ երեկ կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Քննարկման հիմնական թեման է եղել Հայաստանում Արցախից տեղահանվածների, ինչպես նաև արդեն Արցախ վերադարձած անձանց կացարանային ապահովման հետ կապված հարցերը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am