«Եթե չպայքարես, ելք չես գտնի ճահճից դուրս գալու համար». Վարազդատ հորեղբոր պատժից մինչև դատական քաշքշուկ

Գրասեղանի՝ իրար վրա դրված թղթերն ու գրքերը, անկյունի գրապահարանը, սեղանի հետևում պահ մտած համակարգիչն ու անցյալի հիշողություններով «ամփոփված» փոքրիկ արկղիկն ամբողջացնում են սենյակի տեսքը, որի՝ ննջարան լինելու մասին լուռ վկայում են, թերևս, միայն մահճակալները:
Սոֆյա Քալանթարյանի ստեղծած անկյունն է՝ իր նման պարզ ու հետաքրքիր: Ինչքան նուրբ է ու կանացի, այնքան էլ ուժ ու պայքար կա մեջը:
2008-ի նախագահական ընտրությունների օրը անկախությունից հետո բոլոր ընտրություններին մասնակցած 61-ամյա վանաձորցի Սոֆյա Քալանթարյանն ընտրատեղամասից միայնակ դուրս չեկավ:
Երկու ոստիկան, թևանցուկ անելով կնոջը, հեռացրին տեղամասից:

«Միշտ ցանկացել եմ, որ մարդիկ ձգտեն արժանապատիվ ապրել՝ օրենքի երկրում. դրա համար է իմ պայքարը: Գաղափար կա, որի հետևից պետք է մինչև վերջ գնալ»:

Ընտրություններն սկսվելուց արդեն 2 ժամ անց Քալանթարյանն արձանագրեց, որ իր ունեցած ու հաղորդվող տվյալների միջև 70-ի տարբերություն կա:

Անճշտությունների կապակցությամբ արդեն երրորդ անգամ էր ուզում գրավոր բողոք ներկայացնել հանձնաժողովի նախագահին, երբ տեղամաս մտած երկու ոստիկան իրեն հայտնեցին, որ պետք է հեռանա:

«Տեսան, որ բանը բանից անցնում ա, որ եթե մնամ տեղամասում, տվյալների տարբերությունը 70-ից կարող է 170 հասնել, մտածված հեռացրին, իբր խոչընդոտում եմ»,- պատմում է Քալանթարյանը:

Դեպքից հետո նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով քրեական գործ է հարուցվում՝ ընտրություններին խոչընդոտում:

Սակայն տեղի ունեցածը Վանաձորում անգլերեն լեզվի հայտնի մանկավարժ Սոֆյային ո´չ վախեցրեց, ո´չ էլ ստիպեց հրաժարվել տարիներ շարունակ արդարության համար համառ պայքարից:

Կանաչ տարածքների պահպանում, արդար ընտրություններ, իրավունքների պաշտպանություն… Սոֆյան փորձում է իր ներդրումն ունենալ այն բոլոր ոլորտներում, որտեղ կարողանում է, իսկ հայրենի Վանաձորը նրա կարիքը միշտ ունի:

Քալանթարյանը Վանաձորում միակն էր, ով, թեև ապարդյուն, բայց մինչև վերջ պայքարել է բակի մերձակայքի կանաչ տարածքի պահպանման համար:

«Ամեն մարդ իր գործը պետք է լավ անի: Թե չէ ի´նչ տարբերություն՝ ո՞վ է նախագահը: Կարևորը` լավ անեն իրենց գործը, ի՞նչ ա պետք էս ժողովրդին: Ժողովուրդն էլ իր տեղը լավ կանի: Ծնողն իր երեխուն իր օրինակով է դաստիարակում, դրանից հզոր դաստիարակություն չկա: Եթե երկրի ղեկավարն ինքը կոռումպացված է, ինչքան էլ ասի՝ մի՛ հարստահարեք ժողովրդին, ո՞վ ա լսելու: Մեկը մեկին օրինակ է ծառայում: Աչքը տեսնում է: Պետք է մտածել խնդիրները վերացնել, ես` իմ տեղը, դու` քո տեղը: Սրտումդ տեղ լինի, ամանումն էլ յուղ կլինի»:

Մի անգամ համակարգչով աշխատելիս ինտերնետում պատահաբար տեսնում է տղայի նկարը` ծեծված, այլանդակված: Սակայն չի խառնվում իրար: Ասում է, որ երկու որդիներին էլ` Մհերին ու Արամազդին, դաստիարակել է ոչ թե խոսքով, այլ գործով առաջնորդվող:

«Որպես մայր կուզենամ թխսկանի նման պահեմ, բայց որ մտածում եմ` սաղ թխսկանի պես պահեն իրենց փեշերի մեջ, բա ո՞վ ա անելու: Իրանք քաղաքացի չեն լինելո՞ւ, մի խրտվիլակ էլ իրա՞նք են լինելու, մի ստրկամի՞տ էլ իրանք են լինելու: Բա էս երկիրը չպիտի՞ ունենա երիտասարդություն, որ ուզենա ավելի լավ երկրում ապրի»,- ասում է նա:

Նա հավատում է իր գործին, գիտի՝ կյանքը պայքար է, առանց դրա ամեն ինչ նույն տեղում կմնա, կտանի կործանման.

«Եթե չպայքարես, ելք չես գտնի ճահճից դուրս գալու համար»:

Համոզված է, որ այն մարդիկ, ովքեր չեն պայքարում, չեն ձգտում արդարության, օրենքի երկիր ստեղծելուն, մտածում են՝ ո՞վ պիտի լսի իրենց, դեռ մի բան էլ իրենք կզրկվեն իրենց ունեցածից.

«Վախ կա: Դա նրանց պաշտպանական մեխանիզմն է: Բայց չեն պատկերացնում, որ եթե մենք մի ցանցի մեջ ենք, ես էլ, ինքն էլ նույն ճակատագրին ենք արժանանալու, քանի որ երկուսս էլ ցանցում ենք. եթե փրկվելու լինենք, երկուսով կփրկվենք»:

Անկոտրում բնավորությունը ժառանգել է «էրգրից» գաղթած պապերից ու փոքրուց էլ անվախ է եղել:

Ժպիտով հիշում է հոր հորեղբորը՝ Վարազդատին, ով խիստ, ավանդապաշտ ու սարսափելի քչախոս մարդ էր: Չէր հանդուրժում հատկապես աղջիկ երեխաների կամակորությունները:

«5 տարեկան էի, չեմ հիշում՝ ինչ էի արել, ինձ ասաց՝ ներողություն խնդրի: Ես չհնազանդվեցի: Քույրիկներս, շունչները պահած, զարմացել էին իմ ռիսկի վրա: Տեսնելով, որ ներողություն չեմ խնդրում, երկու ոտքիցս բռնեց ու կախեց ներքեւ`դեպի նկուղը, բայց էլի ներողություն չխնդրեցի»,- ժպիտով հիշում է նա:

Այս դեպքից տարիներ անց էլ Սոֆյայի հայրը միշտ ասում էր՝ դե, դու էն գլխից էլ մշեցու կող ունես, կոտրվող չես, վախեցող չես:

Նա հույս ունի, որ իր չկոտրվելու ունակությունն օրերից մի օր հնարավորություն կտա իրեն հասկանալու, որ ապրում է սահմանադրական երկրում, ուր «օրենքի առաջ բոլորը հավասար կլինեն»:

Սակայն քրեական գործի հարուցումը, տուգանքի վճարումը, ընտանիքի բոլոր անդամների նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական ճնշումները չեն վհատեցրել նրան, գալիք ընտրություններին ավելի եռանդով է մասնակցելու, քանի որ չի հանդուրժում անարդարություն: Ինչպես ապրել է, այնպես էլ շարունակելու է ապրել՝ չդավաճանելով իր անցած կյանքի հետագծին:

«Աստված ամեն ինչ ստեղծել է մարդու համար, նոր վերջում մարդուն է արարել: Ու որպեսզի կարողանանք վայելել, տասը պատվիրան էլ տվել է: Ոչ մի գաղտնիք չկա, պարզ է»,- ժպտում է նա:

Տիկին Սոֆյան ամառը շատ է սիրում: Գիտի՝ թոռնիկները կգան ու տունը կլցնեն ուրախ ծիծաղով: Ինքն էլ իր տատիկի պես շերեփը ձեռքին՝ խոհանոցը կլցնի անուշ բույրերով ու հարազատների համար տեսակ-տեսակ ուտեստներ կպատրաստի:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am