Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի խոսքով, կարելի է ակնկալել ճակատային գծում իրավիճակը հանդարտեցնելու և բանակցային սեղանի շուրջ փոխընդունելի լուծումների փնտրտուքը շարունակելու վերաբերյալ հավաստիացումներ:
«Շփման գծում իրավիճակի սրումը կապված է Ալիևի կողմից ճամբարի ընտրության վերաբերյալ որոշումը հետաձգելու ցանկության հետ. նա պետք է հստակ ասի, արդյոք Ռուսաստանի կողքին է, թե՞ նախընտրում է անցնել Արևմուտքի ճամբարը: Առայժմ նա գերադասում է ժամանակ ձգել ճակատային գծում զինված միջադեպեր հրահրելով»,- «Մեդիալաբին» ասում է Արման Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկությունը տարածվեց վերջին օրերին՝ հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի համատեքստում: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա օգոստոսի 8-9-ը` Սոչիում:
«Հույս ունենք, որ այդ հանդիպման ընթացքում ձեռք կբերվեն մեզ համար կարևոր պայմանավորվածություններ»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը:
Վերլուծաբանները, սակայն, առանձնահատուկ կարևորություն չեն տալիս այս հանդիպմանը:
«Հանդիպումը ներկա լարված իրավիճակը հանգստացնելու համար է, այստեղ ուրիշ ոչինչ չկա»,- «Մեդիալաբին» ասում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը:
Նրա խոսքով, ոչ այս հանդիպումից հետո, ոչ էլ տևական ժամանակ չպետք է ԼՂ հիմնախնդրի լուծում ակնկալել:
«Այդ հանդիպման միջոցով լարվածությունը հնարավոր է թոթափել, որովհետև Ադրբեջանի ղեկավարությունն ինքն է ուզում լարված վիճակը հանգստացնել: Նրանք հասկացան, որ իրավիճակի լարումը հենց իրենց համար, հենց իրենց երկրի ներսում վտանգավոր է դառնում»:
Շփման գծում իրավիճակի սրումն այս փուլում, Ստեփան Դանիելյանի խոսքով, արտառոց ոչինչ չի նշանակում:
«Ժամանակ առ ժամանակ միշտ էլ լինում է այդպես: Ադրբեջանն ուզում է այս խնդիրը տաք պահել, բայց հերթական անգամ իրավիճակն իրենց վերահսկողությունից դուրս եկավ, և իրենք որոշակի դաս ստացան: Մյուս անգամ ավելի զգույշ կլինեն»,- ասում է նա:
Արման Մելիքյանը նկատում է, որ Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպմանը, այդպիսով, մասնակցեցին բոլոր համանախագահները՝ Ֆրանսիան հանդես եկավ այն կազմակերպելու առաջարկով, ԱՄՆ հորդորեց այդ հանդիպումը հնարավորինս արագ կազմակերպել, իսկ Ռուսաստանն էլ առաջարկեց այն անցկացնել Երևանից ու Բաքվից ոչ շատ հեռու գտնվող Սոչիում՝ «հավանաբար չցանկանալով, որ պարոնայք Ալիևն ու Սարգսյանը ճանապարհի վրա շատ ժամանակ ծախսեն»:
Արման Մելիքյանի խոսքով՝ կարգավորման գործընթացում առկա բանակցային հիմնադրույթների կիրառմամբ խաղաղ լուծում ակնկալելն իրատեսական չէ, սակայն խաղաղության պահպանման հեռանկարի տեսանկյունից բանակցային գործընթացն արժե շարունակել, մինչև նոր գաղափարների ի հայտ գալը:
«Այս պահին բոլոր երրորդ պետությունները կգերադասեն համահավասար հեռավորություն պահպանել հակամարտության կողմերի հանդեպ և դիտարկել վերջիններիս միևնույն հարթությունում»,- կարծում է նա:
ԼՂՀ նախկին արտգործնախարարի խոսքով՝ հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի վերսկսման հնարավորությունը պետք չէ բացառել, սակայն դրա հավանականությունն առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում մեծ չէ:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ տվյալներով՝ վերջին օրերին շփման գծում լարված իրավիճակի և ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիաների հետևանքով զոհվել է 6 հայ զինծառայող: Ադրբեջանը նույն ժամանակահատվածում ունեցել է ավելի քան 25 զոհ:
Մարի Ներսեսյան
© Medialab.am