Ինչո՞ւ է թանկանում առաջին անհրաժեշտության ապրանքը. ըստ Բաբկեն Պիպոյանի՝ «Սոցիալական շատ ավելի խոր խնդիրներ են սպասվում, քան թվում է»

Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ է արձանագրվում, սակայն այս փուլում դժվար է ասել, թե որ ապրանքատեսակը որքան է թանկացել։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Մենք ընդհանուր մոնիթորինգ ենք արել, ոչ թե ոլորտային։ Պատճառն այն է, որ այս օրերին տեսնում ենք ապրանքների գների պարբերական տատանումներ, որոնք տարբեր պատճառներով են լինում՝ սկսած նրանից, որ որոշ ապրանքների մատակարարման խնդիր կար որոշ օրերի։ Երկրորդ՝ նաև փոխարժեքի տատանմամբ պայմանավորված էին գները փոխվում։

Մենք հասկացանք, որ այս պայմաններում մեր մոնիթորինգը չի կարող ճշգրիտ արտացոլել իրավիճակը, որովհետև լինում էին դեպքեր, երբ մեկ օրվա ընթացքում գները տատանվում էին։

Այսինքն՝ չէր բացառվում, որ ունենայինք վերջնարդյունք, որը ծիծաղելի լիներ սպառողի համար»,- «Մեդիալաբին» ասում է Պիպոյանը։

Նրա խոսքով՝ տատանողականության հետևանքով դադարեցրել են մոնիթորինգը մինչև ամբողջական կայունացումը։ Բայց գների կայունացում դեռ չկա։

«Ինչ-որ ծավալի դոլար, իհարկե, ներարկվեց տնտեսություն, բայց ասել, որ ունենք դոլարի կուրսի կարգավորում, տարօրինակ կլինի»,- հավելում է նա։

Նշենք, որ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը նկատվում է դրամի արժեզրկման ու դոլարի արժևորման պայմաններում։

Մասնավորապես, օրերս ահազանգ էր եղել ալյուրի ու հավի ձվի թանկացման մասին։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանել էր՝ առևտրային ցանցերում ալյուրի և հավի ձվի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ։

Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումների մասին ՏՄՊՊՀ-ն պարզաբանել է, որ ապրանքների իրացման գների բարձրացումն առավելապես պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով՝ ներմուծման գների բարձրացմամբ, դրամի արժեզրկմամբ, միջազգային գների բարձրացմամբ։

Մասնավորապես, արձանագրվել է շաքարավազի իրացման գնի 6-7 տոկոսով բարձրացում, եգիպտացորենի ձեթերի գներն աճել են 2-7 տոկոսով։

ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման համաձայն՝ Հայաստանում սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1,6%։ Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գներն աճել են 1,3 տոկոսով։

Նոյեմբերին մրգի, կաթնամթերքի, շաքարավազի, յուղերի և ճարպերի, բանջարեղենի շուկայում 1,9-20,5 տոկոս գնաճ է արձանագրվել։

Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 12,96%:

Վերոնշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 10,32% տեսակարար կշիռ՝ նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1,3 տոկոսային կետով։

Բաբկեն Պիպոյանն ասում է՝ հետագա զարգացումները պայմանավորված են լինելու տնտեսության կառուցվածքով, վիճակով, փոխարժեքով և մի շարք այլ գործոններով։

«Այսօր չենք կարող բացառել, որ կունենանք գների կայունացում, չենք կարող նաև բացառել, որ կլինի ապակայունացում, ինչն ավելի վատ իրավիճակ կստեղծի։

Այսօր այնպիսի լարված վիճակ է, ընդհանուր ֆոնն է լարված, որ այս փուլում կանխատեսում անելը սխալ աշխատանք է։

Խոր բևեռացված տարբեր պատկերներ կարող ենք ունենալ այս փուլում, դրա համար չպետք է կանխատեսում արվի»,- ասում է նա։

Բաբկեն Պիպոյանը նաև նշում է, որ սոցիալական լուրջ խնդիրներ են սպասվում։ «Սոցիալական շատ ավելի խոր խնդիրներ են սպասվում, քան մեզ թվում է։

Ընդամենը պետք է հասկանանք, որ բյուջեի մուտքերը սպասվածից քիչ են լինելու, տնտեսական մինչև երկնիշ անկում է կանխատեսվում։

Դա այն դեպքում, երբ ծախսերը պլանավորված են եղել տնտեսական աճով, մինչև պատերազմը մոտավորապես 9-10 տոկոս անկում էր պլանավորված, իսկ հիմա՝ անկում գումարած էականորեն ավելի ծախսեր։

Բնականաբար, դա ունենալու է իր հետևանքը»,- ասում է Պիպոյանը՝ նշելով, որ դրան էլ գումարվելու է գնաճը, ինչը լրացուցիչ սոցիալական խնդիրներ է առաջացնելու։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am