Բաժանարար գծի անվտանգության ապահովումը կլուծի՞ գերության խնդիրը. Գերեվարված եւ խոշտանգված

Բաժանարար գծի անվտանգության ապահովումը կլուծի՞ գերության խնդիրը. Գերեվարված եւ խոշտանգված
Բաժանարար գծի անվտանգության ապահովումը կլուծի՞ գերության խնդիրը. Գերեվարված եւ խոշտանգված

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար  Արթուր Սաքունցի կարծիքով, հայ գերի Կարեն Պետրոսյանի հետ տեղի ունեցածում պատասխանատվության իր բաժինն ունի նաեւ Հայաստանի իշխանությունը, որը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը:

«Ադրբեջանի պատասխանատվության հարցը պարզ է եւ անհերքելի: Ինքնին մահվան փաստի հիման վրա ադրբեջանական կողմը պատասխանատու է գերության մեջ գտնվող մարդու մահվան, նրան անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար: Այս  փաստով պետք է անպայման դիմել ՄԻԵԴ` որպես ամենաարդյունավետ ատյան: Սակայն, բացի այս, կա նաեւ ՀՀ իշխանությունների պատասխանատվության հարցը` սեփական քաղաքացու անվտանգությունն ապահովելու տեսանկյունից, մասնավորապես սահմանային ռեժիմի կամ բաժանարար գծի  կառավարման ու անվտանգության այն միջոցների կիրառման տեսանկյունից, որ քաղաքացին չհայտնվի գերության մեջ»,-«Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Ըստ իրավապաշտպանի, այս մասին երբեք չի խոսվում, բայց սա լուրջ խնդիր է, որովհետեւ բոլոր դեպքերում , երբ ՀՀ քաղաքացիները, լինեն զինծառայող, թե քաղաքացիական անձ, հայտնվում են Ադրբեջանի տարածքում, պատասխանատվության իր բաժինն ունի նաեւ պետությունը, որը պատասխանատու է այն հանգամանքների  համար, որոնց հետեւանքով տվյալ քաղաքացիները հայտնվել են գերության մեջ:

Հիշեցնենք, որ  Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը. օգոստոսի 7-ին, դեռևս չպարզված հանգամանքներոււմ հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ եւ լուսանկարներ էին տարածել,  որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով սահմանամերձ Չինարիի բնակչին՝ որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Տեսանյութում երեւում է, որ անզեն գերին անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել:

Օգոստոսի  8-ին  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, որ  Կարեն Պետրոսյանը մահացել է: Ադրբեջանական իշխանությունները մահվան պատճառ են նշել սրտանոթային հիվանդությունը, այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքացու բժշկական փաստաթղթերի համաձայն, վերջինս առողջական խնդիրներ, առավել ևս սրտանոթային հիվանդություններ չի ունեցել և եղել է փաստացի առողջ:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում հայտնված ՀՀ անզեն քաղաքացիները բռնության են ենթարկվում կամ սպանվում: 2014թ. հունվարի 28-ին օրինակ, ՀՀ քաղաքացի, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքում, տեղանքում չկողմնորոշվելով, հատել էր ՀՀ պետական սահմանը, եւ հայտնվել գերության մեջ: Մինչեւ մարտի 4-ը գերության մեջ մնալուց հետո Կարմիր Խաչի օգնությամբ նա Հայաստան էր վերադարձվել` կտտանքների ենթարկված եւ կարճ ժամանակ անց մահացել էր:

Տարբեր կազմակերպություններով հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ու կտտանքների փաստերով հայցեր են ներկայացրել ՄԻԵԴ:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավաերդյանի խոսքով, Հայաստանը պետք է միջազգային մակարդակով բարձրացնի այս հարցը:  

«ՄԻԵԴ-ն միայն հարթակներից մեկն  է: Մենք ունենք մեխանիզմներ հանձինս Կասպերշիկի մանդատի, բայց չենք օգտագործում այդ լծակը»,-«Մեդիալաբին» ասում է Լարիսա Ալավերդյանը:

Նրա կարծիքով, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը պետք է կառավարության առջեւ սահմանի ձեւավորման խնդիր դնի:

«Տարիներ շարունակ ասում ենք, որ այնտեղ երեւելի սահման չկա, բոլոր օղակները` ԱԺ, Կառավարությունը պետք է այդ խնդիրով մտահոգ լինեն»,-նշում է նա:

Իրավապաշտպան Սրթուր Սաքունցը եւս խոսում է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ինստիտուտի մասին, որը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիրտարկում իրականացնելու առաքելություն ունի, բայց հրադադարի խախտման դեպքերով քննություն իրականացնելու մանդատ չունի:

Ըստ իրավապաշտպանի, անցնող 20 տարիների ընթացքում, ոչ կողմերը, ոչ էլ ԵԱՀԿ-ն այս ուղղությամբ պատշաճ քաղաքական կամք չեն դրսեւորել:

«Կողմերը հետեւողականություն չեն դրսեւորել, որ հրդադարի ռեժիմի խախտման փաստերով քննություն իրականացնող մեխանիզմներ եւ ինստիտուտներ ձեւավորվեն, ավելի շատ աշխատել  են դիմացինի թերացումներն ընդգծելու եւ սեփական պատասխանատվությունը բացառելու մոտեցմամբ: Մյուս կողմից էլ, ԵԱՀԿ կամ ԵԽ-ն էլ  պատշաճ հետեւողականույուն չի եղել ցուցաբերել: Քաղաքական նպատակահարմարությունը գերադասվել է մարդու իրավունքներին»,-ասում է Արթուր Սաքունցը:

Ըստ իրավապաշտպանի, քննող մեխանիզմների բացակայության պարագայում տրամաբանական է, որ հարցը բարձրացվի ԵԽ ունեցած մեխանիզմների շրջամակներում:

«ԵԱՀԿ-ն որոշումները ի տարբերություն ԵԽ-ի իմպերատիվ չեն: Հարկավոր է օգտվել ԵԽ-ի ունեցած մեխանիզմներից `հանձինս Ստրասբուրգի դատարանի կամ Ադրբեջանի ու Հայաստանի հարցերով համազեկուցողների : Զեկուցողները  մարդու իրավունքների պաշտպանության հարցերը պետք է  դիտարկեն  ոչ միայն Ադրբեջանի  ու ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլեւ  հենց ռազմագերիների կամ քաղաքացիական անձանց  իրավունքների տեսանկյունից »,-նշում է նա` հավելելով, որ այս ինստիտուտը պետք է զարգացնել:

Մյուս կողմից, իրավապաշտպանը նկատում է, որ այս խնդրի կարգավորումը նաեւ  արտաքին քաղաքականության ու դիվանագիտության հարթության մեջ է :

«Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ՀՀ ԱԳՆ-ն ամուլ է, ոչ ադեկվատ ու անգործունակ է, որովհետեւ ՊՆ-ն էր զբաղվում դեսպաններով ու միջազգային կառույցներով »,-եզրափակում է Արթուր Սաքունցը:

Լուսանկարում` Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով չէր կողմնորոշվել տեղանքում եւ Ադրբեջանի տարածքում էր հայտնվել այս տարվա հունվարի 28-ին: Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո Մամիկոն Խոջոյանը Հայաստան է վերադարձվել` խոշտանգված, ճնշված, առողջական լուրջ խնդիրներով: Մայիսի 20-ին Մամիկոն Խոջոյանը մահացել է: 

Էմմա Քալաշյան

© Medialab.am