19-ամյա Միլենա Անտոնյանի նամակը՝ ուղղված զինվորին, ոչ միայն առիթ է դարձել նրանց շփման և հետագայում ընտանիք կազմելու ցանկության, այլև վտանգավոր իրավիճակում փրկել է զինվորի կյանքը։
Նամակի հեղինակը՝ Մինելա Անտոնյանը, «Մեդիալաբին» պատմում է, որ սկզբում չի ցանկացել նամակ գրել, բայց որոշել է զինվորներին ուղարկվող փաթեթի մեջ նամակ թողնել՝ որևէ զինվորի ժպիտ և ուրախություն պարգևելու համար։
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ շատ ու շատ աղջիկներ առաջնագծում զինվորներին ոգևորելու և դրական տրամադրություն փոխանցելու համար քաղցրավենիքի, սննդի հետ նամակներ էին ուղարկում սահման։
«Ընկերներս հենց պատերազմի կեսից որոշեցին նամակներ գրել, բայց ես՝ չէ, հետ մնացի այդ գաղափարից։ Մի անգամ քույրիկիս դպրոց տանելիս էնտեղ օգնում էինք արցախցիներին, կարիքավորների համար հագուստ էինք հավաքում, ու իրենք նամակ էին գրում զինվորներին: Էնպես ստացվեց՝ ինձ էլ համոզեցին, ու ես էլ գրեցի։ Մտածեցի՝ գրեմ, որ գոնե ինչ-որ զինվոր կարդա, ուրախանա։ Մենք շտապում էինք, ես ուրիշ իր չգտա և ծխախոտի տուփի վրա կպցրեցի նամակը»,- պատմում է Միլենան։
Ծխախոտի տուփի վրա փակցված «Անհամբեր սպասում եմ քո զանգին» գրառումը հասնում է պատերազմի ժամանակ հայրենիքը պաշտպանող զինծառայող Բաբկենին։
«Ու էնպես ստացվեց, որ իմ նամակը ոչ միայն հասավ, այլև այնպիսի իրադարձության մեջ իրեն օգնեց, որ ես ինքս զարմացա»,- ընդգծում է Միլենան։
Բաբկենը «Մեդիալաբին» պատմում է որ Միլենայի ուղարկած ծխախոտի տուփի վրա փակցված նամակը, որ տվել էին իրեն Արցախում, իր կյանքն է փրկել։
«Նահանջ էր, Արցախից հետ էինք իջնում, ավոտոբուսը մի քիչ ուշանում էր, մարդ էին սպասում, ես որոշեցի իջնել, ծխել, բայց ես ծխող չեմ: Վերցնում եմ ծխախոտը և ընկերոջս հետ դուրս եմ գալիս, ու անօդաչու սարքը ընկնում է ավտոբուսի մոտ… երկու զինվոր զոհվում է, մյուսները վիրավորում են ստանում։ Չգիտեմ՝ ես ինչպես որոշեցի, որ պիտի ծխեմ, երկու րոպե չի անցնում, ու այդ դեպքն է լինում։ Այդ դեպքից հետո ավելի շատ էի ուզում գտնել այդ աղջկան, որն ուղարկել էր նամակը՝ փակցված այդ ծխախոտի տուփի վրա»,- ասում է Բաբկենը։
Ավելի ուշ Բաբկենը քրոջ օգնությամբ նամակը հրապարակում է «Զինվորը քեզ է փնտրում» Ֆեյսբուքի խմբում և գտնում իր նամակի հերոսուհուն։
Նամակագիրը՝ Միլենան, որը ևս խմբի անդամներից է, ընկերուհու միջոցով իմանում է, որ իր նամակը հրապարակվել է խմբում, և զինվորը փնտրում է իրեն․ «Ես Ֆեյսբուքի այդ խմբում կայի, բայց ակտիվ չէի։ Ընկերներիցս մեկն էր տեսել նամակը ու ինձ տեղեկացրել, գրեցի՝ ես եմ հեղինակը։ Ու սկսեցինք շփվել զինվորի հետ, բայց զուտ ընկերական։
Ընթացքում հասկացա, որ ինձ համար շատ կարևոր է դառնում, կամաց-կամաց զգացմունք առաջացավ։ Երբ դիրքեր էր բարձրանում, շատ էի անհանգստանում»,- հիշում է Միլենան։
Բաբկենը նշում է, որ շատ նամակներ են ուղարկվել սահման, բայց ինչպես մյուս զինվորները, ինքը ևս մտածել է, որ դրանք պարզապես ոգևորելու համար են գրված:
«Մտածում էինք, որ ոչ մի լուրջ բան չի լինի այդ նամակներից, զինվորին են խաբելու (ծիծաղում է), բայց այս դեպքից հետո լավ զգացողություն եղավ։ Լավ բանի մի թեթև հույս եղավ, որովհետև էդ ընթացքում ամեն ինչ վատն էր գնում, ոչ մի լուսավոր բան չի եղել 40-ից ավելի օրեր»,- նշում է Բաբկենը։
Բաբկենը հույս է հայտնում, որ ամեն ինչ լավ կլինի, հարաբերությունները կզարգանան, և հետագայում ընտանիք կկազմեն։
«Դեռ երիտասարդ ենք, ամուսնանալ չենք ուզում, բայց ուզում ենք ամեն ինչ լուրջ լինի, Բաբկենն ասում է՝ ես քեզ հազիվ եմ գտել։ Իր հանդեպ իմ վստահությունը մեծ է։
Ու էնպես է, որ միասին ենք լինելու, մենք խոսք ենք տվել՝ էսքանից հետո թեկուզ ինչքան դժվարություն էլ լինի, իրար կողքի պիտի լինենք»,- նշում է Միլենան։
Մեկ շաբաթ անց Բաբկենը զորացրվելու է, այդ ժամանակ էլ տեղի կունենա Միլենայի և Բաբկենի առաջին հանդիպումը։
«Զորացրվելու նույն օրն էլ հանդիպելու ենք։ Մայրիկս նույնպես իմացավ, որ նամակս հասել է, ու շփվում ենք, «Զինվորը քեզ է փնտրում» խմբի ընկերներս ասում են՝ դա ճակատագիր է»,- ժպտալով ասում է Միլենան։
Արփինե Արզումանյան
MediaLab.am