«Հայաստանում գնաճի իրական ցուցանիշը 10-15 տոկոս է, պատկերն ավելի վատթար է, քան մենք պատկերացնում ենք». Արմեն Պողոսյան

Yerevan market, photo credit Emily Lush

Հայաստանում գնաճի իրական ցուցանիշը 10-15 տոկոս է կազմում, ոչ թե 3,7 տոկոս, ինչպես պաշտոնական թվերն են։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասում է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։ 

Նրա խոսքով՝ իրենց դիտարկումները ցույց են տվել՝ թանկացել են ձուն, բուսական յուղը, կարագը, հացը, շաքարավազը, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Թանկացումներ կան նաև հասարակական տրանսպորտի ոլորտում՝ մարզային որոշ երթուղիների ուղեվարձերը բարձրացել են։ Ըստ Պողոսյանի՝ առողջապահության ոլորտում նույնպես նկատվում է ծառայությունների գների աճ։ 

«Գները բարձրանում են, բայց մարդկանց եկամուտները՝ ոչ։ Սա լուրջ խնդիր է, աղքատության ցուցանիշն աճում է»,- «Մեդիալաբին» ասում է Պողոսյանը։

Հայաստանում սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2020 թ. դեկտեմբերը 2019 թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 3,7%։

Թեպետ ընդհանուր գնաճի մակարդակը, Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, վերահսկելի մակարդակի վրա է և բարձր չի համարվում, սակայն առանձին ապրանքախմբերում էական գնաճ է արձանագրվել։

2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4,9%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 7.2% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում1 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2,8%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 35,9% գնաճ։

Մրգի ապրանքախմբում 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11,4%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ`6,5% գնաճ:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7,4%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 4,2% գնաճ։ Հացի և ալյուրի գնաճը 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ կազմել է, համապատասխանաբար, 7,3% և 10,0%։

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5,8%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 3,6% գնաճ: Ձվի գինը 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ աճել է 18,5%-ով, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 13,1%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 38,1%, իսկ 2020 թ. նոյեմբերի համեմատ՝ 3,0% գնաճ:

Արմեն Պողոսյանն ասում է, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած գնաճի ցուցանիշը չի համապատասխանում իրականությանը։

«Մենք տեսնում ենք, որ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գներն աճում են, նույնիսկ էլեկտրաէներգիայի սակագինն է բարձրացել։ Մեզ դժվար է ստույգ թիվ ասել, բայց հացից սկսած ամեն ինչ թանկացել է։ Եվ մենք ընդհանուր գնաճը գնահատում ենք մոտավորապես 10-15 տոկոս»,- նշում է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ վիճակագրական մեթոդաբանությունը Հայաստանում այնպես է, որ 400-ից ավելի ապրանքների ու ծառայությունների գներ են դիտարկվում, և միջին թիվ է հանվում։

Հետևաբար, հնարավոր չէ որոշել, թե առաջին անհրաժեշտության սննդամթերքի իրական գնաճը որքան է։

«Կան ապրանքներ, որ չեն թանկացել, և այդ պարագայում գնաճի ցուցանիշը ճիշտ չի արտացոլվում։ Եթե 20 ապրանք ու ծառայության գին դիտարկվեին, գնաճի պատկերն ավելի ճշգրիտ ու իրականությանը համապատասխանող կլիներ»,- նշում է մասնագետը։

Արմեն Պողոսյանի խոսքով՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ այն խավը, որը վճարունակ է, այդ խավի մոտ միրգ-բանջարեղենի սպառումը մոտ 3 անգամ ավելի է, քան աղքատ ու ոչ վճարունակ անձանց մոտ։

«Հարուստները 7 կգ են օգտագործում ամսական, իսկ ամենացածր խավը՝ 1,5-1,7 կգ միրգ-բանջարեղեն։ Այսինքն՝ եթե նույնիսկ գները չբարձրանային, մնային նույնը, արդեն տուժած են այն մարդիկ, որոնց սննդակարգում հացը, մակարոնն ու կարտոֆիլն են հիմնական մաս կազմում։

Մեզ մոտ մոտավորապես օրական 400 գրամ հացի սպառման ցուցանիշ կա, ինչն աղաղակող թիվ է, եթե մարդու սննդակարգում միայն 400 գրամը կազմում է հացը։ Այսինքն՝ պատկերն ավելի վատթար է, քան մենք պատկերացնում ենք»- ասում է Պողոսյանը։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում կա 37 տոկոս աղքատ խավ, այդ մարդիկ աղքատության շեմից ներքև են գտնվում, և շատ բաներ մատչելի չեն նրանց համար։

«Եվ այս իրավիճակում հույսը նպաստների ու օգնությունների վրա դնելն այնքան էլ արդարացված չէ, որովհետև անսահման չէ այդ աղբյուրը, որտեղից նպաստներ ու տարբեր օգնություններ են մատակարարվում։

Այս հարցում պետական վճռական քայլեր են պետք։ Մենք դեռ տարիներ առաջ առաջարկել ենք հանրային ծառայությունների ոլորտում դիֆերենցել սակագինը և ջրի կամ հոսանքի դեպքում այնպիսի սակագին սահմանել, որ քիչ սպառողները ցածր սակագնով վճարեն, իսկ բարձր սպառողները՝ մի քանի դրամով բարձր։

Այդ խավը չի զգա այդ տարբերությունը։ Այդ մեթոդը ես չեմ հնարել, դա գործող համակարգ է, մի քանի երկրներում ներդրված է»,- հավելում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am