«Հայաստանում ապստամբություն չի լինի, ընդդիմադիրները հուսահատությունից դիմում են նման կոչերի». Վարդան Հարությունյան

Հայաստանում ապստամբություն չի եղել ու չի էլ լինելու, հասարակությունը չի գնա դրան՝ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Մեր քաղաքացին բավական հստակ գիտի իր անելիքը և սպասում է գալիք ընտրություններին։ Երևի ընդդիմադիրները գործողություններ են փորձում անել, արդյունք չեն տեսնում, հուսահատությունից դիմում են այդ կարգի կոչերի, որոնք Հայաստանի պարագայում չաշխատող են»,- նշում է իրավապաշտպանը։

Նշենք, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Արարատի մարզում հունվարի 26-ին բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե սահմանադրական ճանապարհով չկարողանան հասնել վարչապետի հեռացմանը, ապա կդիմեն ապստամբության։

«Մենք հիմա սահմանադրական ճանապարհով ենք գնում, ուզում ենք դուրս վռնդենք Նիկոլ Փաշինյանին, եթե սահմանադրական ճանապարհը արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել: Դա ժողովրդի բնական իրավունքն է»,- հայտարարել է նա։

Լրագրողների հարցին, թե ի՞նչ նկատի ուներ ապստամբություն ասելով՝ Վազգեն Մանուկյանը պատասխանել է. «Շենքեր գրավելը և զոռով իշխանությունը փոխելը, իհարկե, առանց ֆիզիկական բռնության»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասում է՝ Վազգեն Մանուկյանի՝ ապստամբության մասին կոչերը չեն իրականանա։

«Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխության ձևն ընտրություններն են, իշխանափոխության ուրիշ ձև չկա։ Եվ, այո՛, գալիք ընտրություններում կուզենայի, որ ընտրողը մերժեր և՛ նախկիններին, և՛ այսօրվա իշխանավորներին»,- հավելում է նա։

Հարությունյանն անդրադառնում է հարցին, թե ինչո՛ւ Հայաստանում մարդիկ ընդդիմության կոչերին չեն հետևում ու դուրս չեն գալիս փողոց։ Տևական ժամանակ է՝ 17 կուսակցություններից բաղկացած ընդդիմությունը իշխանափոխության կոչեր է անում, սակայն նրանց գործողություններում հաջողություն չի նկատվում։

«Ըստ էության, այն ուժերի հետևից, որոնք իրենց հռչակել են ընդդիմություն, մարդիկ չեն գնում, դա ակնհայտ է։ Իրենք հրապարակում մենակ են։ Եվ իրենց ուժերն էլ բավարար չեն որևէ բան անելու, իրենց ցանկացած հաջողությանը հասնելու։ Այդ պատճառով էլ արդեն հուսահատությունից տարբեր կոչեր կարող են հնչեցնել»,- «Մեդիալաբին» ասում է Հարությունյանը։

Նրա խոսքով՝ խնդիրն այստեղ այն չէ, թե ի՛նչ են առաջարկում ընդդիմադիրները, խնդիրն այն է, թե ովքե՛ր են առաջարկողները։ Մարդիկ չեն ցանկանում նրանց նույնականացնել նախկին իշխանությունների հետ։

«Այն անցյալը, որը մենք ունեցել ենք, այն փորձը, որը մենք ձեռք ենք բերել նրանց հետ համատեղ ապրելով, կրկնել մարդիկ չեն ուզում։ Չեն մոռացել նրանց, չեն կարող մոռանալ։

Պատճառը, իհարկե, հների հետ չնույնականացվելն է։ Բայց դա ամենևին չի նշանակում, թե մարդիկ պաշտպանում են այս իշխանություններին։

Մարդիկ ուղղակի չեն ցանկանում նրանց հետ ճանապարհ անցնել, նրանց արդեն մերժել են։ Եվ, ինչպես ցույց է տալիս մեր այսօրը, նրանց մերժել են մեկընդմիշտ»,- նշում է Վարդան Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն գնում իշխանությունների՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին ընդառաջ, որովհետև տեսնում են, թե հասարակությունն ինչ վերաբերմունք է ցուցաբերում իրենց նկատմամբ։

«Ընդհանրապես, նրանք ընտրություններից խուսափում են։ Եվ, կարծում եմ՝ շատ ավելի ռեալ են լինելու այն ուժերը, որոնք շեշտը կդնեն ընտրությունների վրա և կփորձեն ընտրությունների միջոցով երկրում փոխել իշխանություն։ Ուղղակի պետք է հասնել նրան, որ երկրում լինեն ընտրություններ»,- ասում է Վարդան Հարությունյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում իշխանության փոփոխություն կարող է լինել առաջիկայում։ «Ես սպասում եմ արտահերթ ընտրությունների»,- ասում է Վարդան Հարությունյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am