Փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց. Սերյոժա Ավետիսյանը մահացավ

Փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց. Սերյոժա Ավետիսյանը մահացավ
Փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց. Սերյոժա Ավետիսյանը մահացավ

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության, չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: 

Հիշեցնենք, որ երեխայի առողջական վիճակի վատացման մասին Առողջապահության նախարարությունը իրազեկել էր այսօր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Որոշվել է կատարել պերիտոնեալ դիալիզ: 

Հիշեցնենք, որ փոքրիկ Սերյոժան հունվարի 12-ին Գյումրիում դաժանորեն սպանդի ենթարկված յոթ հոգանոց ընտանիքի միակ անդամն էր, ով ծանր վնասվածքներով հրաշքով կենդանի էր մնացել: 

Գյումրիում աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը չնայած բողոքի մեծ ալիքին, առայսօր գտնվում է Ռուսաստանի արդարադատության իրավասության տակ: Դաժան սպանության շարժառիթների մասին որեւէ սպառիչ պատասխան դեռ չի հնչել: Ըստ պաշտոնական վարկածի, Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն` ջուր խմելու եւ դաժանաբար գնդակահարել եւ սրախոխող է արել ընտանիքի բոլոր անդամներին` ներառյալ երկու տարեկան եւ վեց ամսական երեխաներին: 

Յոթ օր շարունակ Հայաստանի և արտերկրի լավագույն բժիշկները պայքարում են վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի բարելավման և կայունացման համար:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշել էր, որ երիկամային և սրտանոթային անբավարարության խորացման պատճառով կատարվել է պերիտոնեալ դիալիզ:

«Երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Նա Գյումրիից Երևան է տեղափոխվել բազմաօրգանային անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում,  արյան կորստի, հեմոռագիկ շոկի պայմաններում, նրա մոտ առակա էր բոլոր օրգան-համակարգերի անբավարարություն»,- ներկայացնելով երեխայի առողջական վիճակի ասել էր Դալլաքյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին` նա նշեց, որ այս պահին երեխայի առողջական վիճակի մասին կանխատեսումներ անել հնարավոր չէ:

«Թե տեղի, թե արտերկրի լավագույն մասնագետները գիշեր-ցերեկ աշխատում են երեխայի կյանքը փրկելու  համար»,- ընդգծել էր տնօրենը:

Երիկամային անբավարարությունը, որը սկզբնական շրջանում հաջողվել էր կանգնեցնել, երեկվանից նորից խորացել է, որն էլ շղթայական ռեակցիայով բերել է օրգանիզմում հեղուկի և շլակների կուտակման: Երեխան այտուցվում է, թոքերում զարգանում է այտուց, հեղուկի կուտակում և շնչառական անբավարարություն:

«Նույնիսկ առաջին հարկ իջեցնելը կարող է ճակատագրական լինել: Տա աստված, որ երեխային կարողանանք այս կրիտիկական վիճակից հանել, կայունացնել սրտանոթային համակարգի աշխատանքը, թոքային անբավարարությունը և նաև բնականաբար երիկամները»,- հայտարարել էր  մասնագետը:

Սակայն, ներդրված ջանքերը արդյուքն չտվեցին: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց:

© Medialab.am