«Հիմնադիր Խորհրդարան»-ի հայտարարությունը շարժման անդամների կալանավորման վերաբերյալ

«Հիմնադիր Խորհրդարան»-ի հայտարարությունը շարժման անդամների կալանավորման վերաբերյալ
«Հիմնադիր Խորհրդարան»-ի հայտարարությունը շարժման անդամների կալանավորման վերաբերյալ

Հիմնադիր խորհրդարանը՝ որպես պետական ու ազգային ծրագիր կրող շարժում և ժողովրդի կամքը ներկայացնելու հավակնություն ունեցող պետական կառավարման այլընտրանքային մարմին, գիտակցելով իր պատասխանատվությունը, նախաձեռնել է ժողովրդին ազատագրական պայքարի նպատակով համախմբելու և քաղաքացիական անհնազանդության քայլերով կառավարող ապազգային ռեժիմին հեռացնելու և Նոր որակի՝ քաղաքացուն որպես հիմնական արժեք ընդունող և նրա վրա հիմնված ինքնիշխան, ժողովրդավարական, աշխարհիկ, իրավական, սոցիալական և […]

Հիմնադիր խորհրդարանը՝ որպես պետական ու ազգային ծրագիր կրող շարժում և ժողովրդի կամքը ներկայացնելու հավակնություն ունեցող պետական կառավարման այլընտրանքային մարմին, գիտակցելով իր պատասխանատվությունը, նախաձեռնել է ժողովրդին ազատագրական պայքարի նպատակով համախմբելու և քաղաքացիական անհնազանդության քայլերով կառավարող ապազգային ռեժիմին հեռացնելու և Նոր որակի՝ քաղաքացուն որպես հիմնական արժեք ընդունող և նրա վրա հիմնված ինքնիշխան, ժողովրդավարական, աշխարհիկ, իրավական, սոցիալական և մրցունակ հայկական պետության ձևավորման ու զարգացման գործընթացի մեկնարկը:

Գործող ռեժիմի կողմից 2015թ ապրիլի 7-ին Հիմնադիր խորհրդարանի ու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահայտ անդամների նկատմամբ իրականացված անօրինական ձերբակալությունները և դրանց հաջորդած կալանավորումները վերոնշյալ պայքարը կանխարգելելու նպատակ հետապնդող բռնադատական սին փորձեր են:

Հիմնադիր խորհրդարանի անդամների կալանավորումը ամիսներ առաջ սկսված քաղաքական հետապնդումների շղթայի (2014թ աշնանը Շարժման ավտոերթերի մասնակից ավտոմեքենաների հրկիզում, Գևորգ Սաֆարյանի վրա հարձակում, Բերձորի ահաբեկչություն, Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանի դանակահարություն) տրամաբանական շարունակությունն է:

Նշված բռնադատական գործողությունները այլ բան չեն, քան ծրագրված քաղաքական հետապնդում, որն ուղղված է Հայաստանում քաղաքական գործունեությունը, ազատ խոսքի, քաղաքական ազատությունների, միավորումներ կազմելու և խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների սահմանափակմանը:  

Ինչպես անցնող օրերի ընթացքում Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից բազմաթիվ առիթներով հավաստիացվել է, պետական ահաբեկչության այս գործողությունների միակ արդյունքն այն է, որ Շարժումն ու նրա անդամները վերոնշյալ նպատակներն իրականացնելու առումով տոգորվում են բազմապատկված վճռականությամբ:  Հիմնադիր խորհրդարանը որպես քաղաքական կառույց շարունակում է իր գործունեությունը: Ապրիլի 13-ին այն հրապարակում է «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման մասին Հռչակագիրը», որը կներկայացնի հայկական ապագա պետության տեսլականը:

Ապրիլի 17-ին ժամը 18:30-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը Ազատության հրապարակում հրավիրում է  բռնադատվածներին և նրանց մարմնավորած պայքարի նկատմամբ համերաշխության և պայքարը շարունակելու վճռականության վերահաստատման հանրահավաք և երթ: Իսկ ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության նահատակների նկատմամբ հարգանքի տուրքի մատուցումից հետո, ժամը 18:00-ից սկսյալ Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում տեղի կունենա «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման սպասված միջոցառումը:

Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր քայլերը և գործողությունները ամբողջությամբ լինելու են Սահմանադրության և օրենքների շրջանակներում, իսկ ապրիլի 24-ին առհասարակ չի կատարվելու որևէ գործողություն, որը կարող է վտանգել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների անցկացումը:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն