Վստահե՞լ, թե՞ ոչ հայկական Gallup-ին. երկու Gallup-ների պատմությունը. Fip.am

Հայ հանրության շրջանում մշտապես ոչ միանշանակ են ընդունվել հանրային կարծիքի մասին հարցումների արդյունքները՝ հատկապես նախընտրական շրջանում։

Հարցականի տակ են դրվել, մասնավորապես, Gallup անվամբ հանդես եկող կազմակերպության հարցումները։ Gallup International Аssociation-ը, որի ներկայացուցիչ կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է հարցումներ, որևէ կապ չունի միջազգայնորեն ճանաչված Gallup Inc.-ի հետ։

Fip.am-ը որոշել է անդրադառնալ «Գելափ» անվանումով հայտնի երկու կազմակերպություններին, դրանց պատմությանը և դրանցից մեկի գործունեությանը Հայաստանում։

«Գելափների» ծագումը

Ներկայում գործում է Gallup անվանումը կրող երկու ընկերություն՝ Gallup Inc.-ը և Gallup International Аssociation-ը, և երկու ընկերությունների միջև Gallup անվան մտավոր սեփականության շուրջ իրավական պայքար կա: Միջազգայնորեն ճանաչվածը Gallup Inc.-ն է, որի կայքը www.gallup.com-ն է։

Gallup, Inc-ը հիմնադրել է ամերիկացի վիճակագիր Ջորջ Գելափը (George Gallup) 1935 թ․-ին՝ որպես Հասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտ (American Insitute of Public Opinion)։ Այն գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում և համարվում է այդ երկրի առաջատար սոցիոլոգիական հարցումներ իրականացնող ընկերություններից մեկը։ Գելափի մահից հետո ընկերությունը ձեռք բերվեց Selection Research Inc. կազմակերպության կողմից։

Հայաստանում հարցումների մշակմանն անուղղակիորեն մասնակցած Gallup International Association-ը («Գելափ միջազգային ասոցիացիա») հիմնադրվել է Շվեյցարիայում՝ 1947 թ.-ին նույն Ջորջ Գելափի օգնությամբ։ Նա դեմ չէր իր անունը տարբեր երկրներում հարցումներ իրականացնող ընկերությունների կողմից օգտագործելուն։ Սկզբում այդ ցանցի անդամ էին 11 ընկերություն, բայց դրանց թիվը 2008 թ.-ի դրությամբ արդեն 60 էր։ Ըստ Gallup International Аssociation-ի կայքի, ներկայում այն ունի 40 անդամ կազմակերպություն, այդ թվում՝ Ադրբեջանում, Աֆղանստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ավստրիայում և այլ երկրներում։

Gallup International Аssociation-ը չունի այն վստահելիությունը, ինչ Gallup Inc.-ը, և դա բացատրվում է նրանց իրականացրած որոշ հարցումներով։ Մասնավորապես, այդ հարցումներից մեկի համաձայն, որն իրականացվել է 2011 թ.-ի փետրվարին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համար 90% քվե էր երաշխավորվում, երբ այդ մարդը 1990-ից ի վեր ինքնակալ ղեկավարել է երկիրը, և Ղազախստանը 2011 թ.-ին ժողովրդավարության ցուցանիշներով 167 երկրների շարքում 137-րդն էր։

«Գելափը»՝ Հայաստանում

Հայաստանում Gallup International Аssociation-ը գործակցում է MPG LLC (Marketing Professional Group)` «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի հետ` 2011 թ.-ից։ MPG-ն, իր հերթին, պատկանում է «Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ին։ Ե՛վ ՀԿ-ի, և՛ ՍՊԸ-ի ղեկավար է հանդիսանում Արամ Նավասարդյանը։

Երկու «Գելափների» պայքարն անվան համար

Վերը նշված երկու կազմակերպությունները տարբեր երկրներում պայքարել են «Գելափ» անվան համար։ Ըստ «Հարցումների հետազոտական մեթոդների հանրագիտարանի» (2008), որոշ երկրներում ամերիկյան Gallup Inc.-ը կարողացել է դատական կարգով հաստատել «Գելափ» անվան մենաշնորհը։ Սակայն շատ երկրներում Gallup International Аssociation-ի անդամ ընկերությունները գործածում են Gallup International կամ «Գելափի հարցում» անունները։

Պակիստանում, օրինակ, Gallup International Аssociation-ի գործընկեր կազմակերպությունը պարտավորված է նշել, որ իրենք կապ չունեն ամերիկյան Gallup, Inc․-ի հետ։

Հայաստանում, սակայն, այդպիսի պարտավորություն սահմանված չէ։

www.Fip.am