«Ռումբը մի մետր հեռավորության վրա է պայթել, ամուսինս հրաշքով է փրկվել»․ Ասրյանների ընտանիքը երազում է Հադրութ վերադարձի մասին

Արմինե Ասրյանի ընտանիքը Արցախում թողել է ամեն ինչ՝ տուն-տեղ, հողամաս, այգիներ, այն, ինչ ստեղծել էին երկար տարիներ, այդուհանդերձ, սփոփանք ունեն՝ պատերազմի ժամանակ հրաշքով փրկվել է ամուսինը և հաղթահարել ծանր վիրավորումը, այժմ վերականգնման փուլում է։

«Որ ինքը էդ վիճակից դուրս ա եկել, փրկվել ա, ես ոչ մի բանի մասին չեմ մտածում, որ ինքը մեր մոտ ա, իմ երեխաների մոտ ա, էդ իմ համար ամեն ինչ ա։ Մարդկային կյանքն ա, որ չես կարողանում վերականգնես, մնացածը սաղ ինքն իրան կգա»,- ասում է 37-ամյա կինը։

Արմինեն ընտանիքի հետ մինչ Արցախյան պատերազմը ապրել է Հադրութի շրջանի Մայրամաձոր գյուղում, պատերազմի առաջին օրը երեխաների հետ տեղահանվել է՝ չմտածելով, որ վերադառնալու հնարավորություն այդպես էլ չի ունենա։

Նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից 44 օր անց, պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարություն ստորագրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանական կողմին անցած բնակավայրերի թվում էր նաև ԼՂՀ հարավ-արևելքում գտնվող Հադրութի շրջանը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ շրջանում բնակեցված բնակավայրերի թիվը 43 էր, բնակչության թիվը՝ շուրջ 15000: 

«Ամուսինս զինծառայող է, սեպտեմբերի 27-ին արդեն պոստում էր, զանգեց, ասեց՝ դուրս գնացեք բարեկամի հետ, ասեց՝ հնարավորություն չկա, ես գամ, անպայման երեխաներին կվերցնես, դուրս գաք։ Մենք գնացինք Գորիս, մեր բարեկամներն ասում էին՝ եկեք Երևան, ասում էինք՝ չէ, հետ ենք գնալու: Ո՞վ էր մտածում, որ սաղ կկորցնենք ու չենք վերադառնա»,- հուզմունքով պատմում է կինը։

Արմինեի ամուսինը՝ Էլսոն Ասրյանը, վիրավորվել է հոկտեմբերի 12-ին, ոտքի երկու վիրահատություն է տարել, դեռ մեկ վիրահատության էլ պետք է ենթարկվի ականջի հատվածում: Դժվարությունները շատ են, բայց ընտանիքն անհամբեր սպասում է նրա ամբողջական ապաքինվելուն:

«Ռումբը մի մետր հեռավորության վրա է պայթել, հրաշքով է փրկվել, բեկորային վիրավորում է ստացել: 70 օր հվանդանոցում ա պառկել, դրանից հետո մի ոտքը պիտի կտրեին, վերքերը շատ խորն էին, փառք Աստծո, փրկեցին էդ ոտքը։ 

Ուղեղի ցնցում ա նաև ստացել, ականջը պետք ա վիրահատեն, բժիշկներն ասեցին՝ մի քիչ էլ ժամանակ պիտի անցնի, որ վիրահատեն, հիմա վերքեր կան մեջը»,- ասում է Արմինեն և պատմում, որ ամուսնու վիրավորվելու մասին պատահական են իմացել: 

«Իր ընկերներից մեկը Ֆեյսբուքով գրեց, մենք նույն էջից ենք օգտվում, հարցնում էր՝ Էլսո՛ն, իմացել եմ՝ վիրավորվել ես, ճի՞շտ ա: Կարդացի ու թուլացած ընկա գետնին։ 

Ահավոր զգացողություն էր, ինքը մեզ տեղյակ չէր պահել, իրա քեռուն էր զանգել, որ բժիշկ ա: Վիրահատվում էր, մենք չէինք իմանում, հետո իմացանք։ Որ գնացինք, տեսանք, նոր հանգստացանք, չեմ ուզում էդ օրերը հիշեմ»։

Արմինեն նշում է, որ այժմ չեն կարողանում ոչ մի բանի մասին մտածել, սպասում են ամուսնու վերականգնմանը, դեռևս ապագայի վերաբերյալ ծրագրեր չունեն։

Այս պահին գլխավոր ցանկությունն է, որ ամուսինը լիարժեք վերականգնվի, և Հադրութը վերադարձվի, ընտանիքով վերադառնան հայրենիք։

«Շատ եմ ուզում, որ հնարավոր լինի Հադրութ վերադառնալ, ու նորից էնտեղ ապրենք։ Հարազատ Արցախս չեմ կարողանում մոռանալ, ես Արցախը շատ եմ սիրում։

Մենք շատ ենք ափսոսում, որ մնաց թշնամու հսկողության տակ։ Ամենաշատը ափսոսում եմ, որ հիշում եմ՝ մեր սրբավայրերը պիտի մնան իրանց մոտ։

Մեր մեծերը որ պատմում էին, չէինք հասկանում, հիմա եմ հասկանում «կարոտ» բառը։ Երեխեքս էլ են շատ կարոտում, աղջիկս լացում ա՝ էն շորն եմ ուզում, որ թողել ենք թշնամուն, տեսնես՝ շորերս ի՞նչ են անում, պայուսակս ի՞նչ են անում։

Հարազատ հայրենիքը կորցնելը մի անբացատրելի բան ա»,- ասում է նա:

Արմինեն նշում է, որ Հայաստանում աջակցություն են ստանում, մարդիկ ևս օգնում են, բայց հարմարվել չի կարողանում: 

«Էնտեղ մենք աշխատում էինք, վաստակում էինք, ամեն բան ունեինք, մեր կյանքով երջանիկ ապրում էինք, հիմա լրիվ նոր կյանք է: Էստեղ մեզ օգնողներ կան, շատ շնորհակալ ենք, բայց ցավ եմ ապրում, մենք ինքներս էինք մեր ամեն ինչը հոգում, հիմա չեմ կարողանում համակերպվեմ, անհարմար իրավիճակ է»,- մտահոգ ասում է Արմինեն։

Արփինե Արզումանյան

MediaLab.am