«Բումերանգի պես հետ է շրջվել՝ հիմա չինացիները որտեղ արտասահմանցի են տեսնում, զգուշանում են»․ «ամենաապահով» Չինաստանից՝ կորոնավիրուսին հետևելիս

Թեև կորոնավիրուսային հիվանդության «հայրենիքը» Չինաստանն է, որտեղից այն լայնորեն տարածվեց ամբողջ աշխարհով՝ դառնալով գրեթե 3 մլն մարդու մահվան պատճառ, այդուհանդերձ, այժմ Չինաստանը կորոնավիրուսի առումով համարվում է ամենաապահով երկիրը։ 

Այս մասին «Մեդիալաբին» ասում է Չինաստանում բնակվող Էմմա Պետրոսյանը, որը մեկ տարի անց կրկին վերադարձել է Չինաստան՝ Տյանցզին քաղաք, աշխատանքի նպատակով։

Էմմայի խոսքով՝ Չինաստանում կյանքը բնականոն հուն է մտել, գրեթե այնպիսին է, ինչպիսին մինչև կորոնավիրուսն էր, սահմանափակումներ գրեթե չկան, գործում են ժամանցի կենտրոնները: 

«Նույնիսկ դիմակ դնելն արդեն պարտադիր չէ, միայն փակ տարածքներում, այն էլ՝ ոչ ամենուր, և հիմնականում ստուգում են՝ դիմակ ունե՞ք, թե՞ չէ։ Ավելի մեծ խանութներում ջերմաչափում են։

Ուսումնական հաստատություններում է և տրանսպորտում դիմակը դնելը պարտադիր է, իսկ քաղաքում շրջելիս պարտադիր չէ։ Քաղաքների և մարզերի միջև տեղաշարժման համար մի ժամանակ պարտադիր կարանտին կար, հիմա նույնիսկ դա է վերացվում, այսինքն՝ բավական է կանաչ կոդ ունենալ, և կարող եք ազատ տեղաշարժվել երկրի ներսում»,- ասում է Էմման:

Նա ընդգծում է, որ ավելի դժվար է երկիր մուտք գործելը, այդ դեպքում շատ խիստ սահմանափակումներ են գործում:

«Ես մոտ մեկ ամիս առաջ եմ վերադարձել եմ Չինաստան, հենց երկիր մտնելուց առաջ է պետք պարտադիր կանաչ կոդ ստանալ, այժմ կարծեմ Հայաստանից պետք է ստանան, որից հետո նոր թույլ կտրվի մեկ այլ երկրի միջոցով մուտք գործել Չինաստան,- ասում է Էմմա Պետրոսյանը, այնուհետև բացատրում,- կանաչ կոդը թեստի արդյունքն է՝ նախապես քովիդի թեստ ես հանձնում, առողջական վիճակն են ստուգում և տվյալները օնլայն համակարգում լրացնելուց հետո ստանում ես արդեն կանաչ կոդը»։

Էմմա Պետրոսյանը պատմում է, որ երբ ինքն էր գրեթե մեկ ամիս առաջ Չինաստան մեկնում երկրորդ երկրի միջոցով, այդ ժամանակ Հայաստանում կանաչ կոդ ստանալը պարտադիր չէր:

«Մենք պարզապես թեստ ենք հանձնել և բացասական թեստի արդյունքով մեկնել ենք Նեպալ, Նեպալում արդեն մեկ շաբաթ պարտադիր կարանտին ենք պահել. Չինաստանը պարտադրում է երկրորդ երկրով մուտք գործելիս նաև թեստ հանձնել, ընդ որում, ինձ պարտադրեցին մեկ օրում երկու տարբեր բուժհաստատություններում թեստ հանձնել, մենք երկու անգամ թեստ անցանք և նոր կանաչ կոդ ստացանք և մուտք գործեցինք երկիր»,- պատմում է Էմման։

Երկիր մուտք գործած անձանց էլ օդանավակայանից պարտադիր տեղափոխում են իրենց ընտրած հյուրանոց, որտեղ կրկին կարանտին են պահում: 

Տեսարան՝ հյուրանոցի պատուհանից

«Սահմանափակումները շատ խիստ են, հյուրանոցի համարից ընդհանրապես դուրս գալ չես կարող, և երկու շաբաթ հետո, ինչպես նաև ընթացքում պարբերաբար էլի թեստ ենք հանձնել: Նրանք ընթացքին հետևում են, ախտանշաններ հայտնաբերելու դեպքում ուղարկում են բուժհաստատություն, որտեղ զննություն են կատարում։ 

Հասնելով մեր քաղաք՝ պարտադիր, էլի երկու շաբաթ կարանտին եմ անցել, հետո գնացել եմ բուժհաստատություն, թեստ հանձնել, ստացել եմ կանաչ կոդը ու հիմա տեղաշարժման որևէ խնդիր չունեմ»,- ներկայացնում է Պետրոսյանը։

14 օրյա կարանտինից դուրս գալու օրը

Էմման ասում է, որ եթե հյուրանոցում որևէ մեկը չնչին ախտանշան է ունենում, անմիջապես տեղափոխում են բուժհաստատություն:

«Շատ հայերի գիտեմ, որ մեզնից առաջ ճամփորդել են, հենց հյուրանոցից նրանց տեղափոխել են բուժհաստատություններ, որտեղ չնչին կասկածի դեպքում անգամ պահում են այնքան, մինչև վստահ լինեն, որ որևէ վտանգ չկա, որ այդ մարդը վարակված չէ կամ եթե վարակված էլ է եղել, մինչև վերջ բուժվել է: Դրանից հետո պարտադիր մեկշաբաթյա կարանտին են անցնում նրանք, որոնք բուժհաստատությունից են դուրս գալիս»,- նշում է Էմման:

Էմմայի դիտարկմամբ՝ Չինաստանում հնարավոր եղավ հաղթահարել վիրուսի տարածումը խիստ և հետևողական կանոնների պահպանման շնորհիվ:

«Ի սկզբանե սահմանափակումները, վերահսկողությունը խիստ էին, ու բոլորը հետևում էին, ու մինչև հիմա էլ չափազանց խիստ է: Ես տեսել եմ՝ ինչպես են հյուրանոցում կարանտինի ժամանակ իրենք պահպանում այդ զգուշությունը, շատ ուշադիր են բոլոր ժամանածների նկատմամբ, մաքսիմալ փորձում են, որ եթե վիրուս կա՝ ներսում պահեն, չթողնեն, որ տարածվի,- ասում է նա և ընդգծում,- էստեղ երևի թե վիրուսից վախենալ պետք չէ»։

Էմման նկատում է, որ վիրուսի հաղթահարումը միայն մարդկանց գիտակցությանը և պատասխանատվությանը թողնելով հնարավոր չէ, պետք է կանոնների պահպանման նկատմամբ խիստ վերահսկողություն լինի:

«Շատ երկրներ կային, որտեղ փորձում էին սահմանափակումներ մտցնել, բայց այդ սահմանափակումների կիրառումը ոչ մի կերպ չէր վերահսկվում, թեկուզ մեր երկրի օրինակով ես հասկանում եմ, որ շատ բան դրված է մարդկանց գիտակցության վրա, բայց միայն դրա վրա հույս դնել չի կարելի: Ի՞նչ է, Չինաստանում չկայի՞ն էնպիսի մարդիկ, որ կուզեին էդ սահմանափակումները խախտել: Իհարկե կային, բայց կար վերահսկողություն, էդ դեպքում Չինաստանի օրինակով կարող ենք տեսնել՝ ինչ արագ իրենք հաղթահարեցին վիրուսը»։

Էմման նշում է, որ եթե նախկինում մարդիկ տարբեր երկրներում չինացի էին տեսնում, փորձում էին զգուշանալ, հիմա հակառակն է՝ չինացիներն են արտասահմանցիներից զգուշանում:

«Բումերանգի պես հետ է շրջվել, որտեղ չինացիները արտասահմանցի են տեսնում, զգուշանում են: Ես նկատեցի, որ եկել էին ինձ մեկուսացնեին կարանտինի հետ կապված, հարևանները դժգոհություն ունեին, որովհետև առնչվել էին ինձ հետ. ես դուռը թակել էի և բան էի հարցրել իրենց»։

Էմման ասում է, որ Չինաստանում պատվաստումների փուլը սկսվել է, այժմ առաջնահերթ պատվաստվում են պետական մարմիններում աշխատողները, բժիշկները, հետո ուսուցիչները:

«Կոնկրետ իմ դպրոցում, որտեղ աշխատում եմ, աշխատակազմի մի մասը պատվաստվեց: Ինձ էլ առաջարկեցին, ես հրաժարվեցի, քանի որ չգիտեմ՝ պատվաստումն ինչպե՛ս կանդրադառնա ինձ վրա, վիրուսը ո՛նց կազդի ինձ վրա, իսկ քանի որ պարտադիր չէ, հրաժարվեցի: Գիտեմ, որ այս պահին ապահով է, վտանգ չկա, որոշեցի մի փոքր սպասել»,- նշում է Էմման և համոզմունք հայտնում, որ շուտով պատվաստումը նաև երկրում գտնվող արտասահմանցիների համար պարտադիր կլինի:

«Հիմա նրանք այսպիսի օրենք են կիրառում՝ արտասահմանցիները երկիր մտնելիս պետք է արդեն պատվաստված լինեն, ընդ որում՝ չինական պատվաստանյութով։

Չինաստանում օգտագործվում է հենց չինական արտադրության պատվաստանյութ, և Չինաստան մուտք գործողների համար էլ Չինաստանը պարտադրել է հենց չինական արտադրության պատվաստանյութով պատվաստվել, այսինքն՝ մյուս պատվաստանյութերի դեպքում նրանք պարզապես չեն թողնի երկիր մուտք գործել։ Կարծում եմ` ժամանակի ընթացքում մեզ բոլորիս կպարտադրվի, ժամանակի հարց է»,- նշում է Պետրոսյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am