Տուրիստական բում. Ըստ մասնագետների՝ դեպի Եգիպտոս եւ ԱՄԷ պահանջարկը շատ մեծ է, մինչդեռ ներքին տուրիզմի ցուցանիշները նվազել են 32%-ով

Հայաստանում տուրիզմի ոլորտի զարգացման հույսեր նշմարվում են արդեն, բայց առկա խնդիրները պետք է արագ լուծվեն։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Տուրիզմի ոլորտում, թեկուզ փոքրիկ, բայց հույսեր կան, հետաքրքրություններ ու հարցումներ կան, նաև քիչ-քիչ այցելություններ կան դեպի Հայաստան։ Դա կարծես թե հույս է տալիս, բայց զուգահեռ մղում է գործողությունների։

Աշխատանք պետք է տանել, որ այդ հարցումներն իրականություն դառնան, նոր հարցումներ լինեն, և ոլորտում արդեն վերականգնման ու զարգացման գործընթաց լինի»,- ասում է Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ զբոսաշրջիկին հուզող հարցերի պատասխանները պետք է տրվեն՝ ապացուցելով, որ Հայաստանում անվտանգ է, այդ թվում նաև՝ հանրային առողջությունը վատ մակարդակի վրա չէ, թեկուզ կորոնավիրուսի համավարակ է ամբողջ աշխարհում։

«Եթե անգամ հիվանդությունը մեզ մոտ տարածվում է, պետք է հաշվի առնել, որ կանխարգելիչ միջոցառումները բավարար մակարդակի վրա են, կորոնավիրուսային իրավիճակը շատ երկրների համեմատ ավելի բարվոք է այստեղ։ Մենք կարող ենք և պատրաստ ենք ընդունելու զբոսաշրջիկներին։

Եվ դրա մասին պատշաճ իրազեկում պետք է իրականացնենք աշխարհում՝ նպատակային ու պոտենցիալ շուկաներում։ Եվ պետք է կարողանանք ապահովել, որ մարդկանց մուտքը երկիր լինի հնարավորինս դյուրին՝ իհարկե պահպանելով անվտանգության խնդիրները»,- հավելում է նա։

Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ այսօր բավական լավ ռեժիմ է գործում Հայաստան մուտքի համար՝ 72 ժամ վաղեմությամբ կորոնավիրուսի թեստի պատասխանով մարդիկ կարող են ժամանել Հայաստան ու ազատ տեղաշարժի հնարավորություն ունենալ։

«Բայց այստեղ մի խնդիր կա, որ անհրաժեշտ է հաշվի առնել և հնարավորինս սեղմ ժամկետում լուծել այն խնդիրը, որ մեր նպատակային շուկա հանդիսացող շատ երկրներում, հատկապես, եվրոպական, արդեն ակտիվ սկսվել է պատվաստման գործընթացը։

Մեզ մոտ, բացի թեստի արդյունքով ազատ մուտքի ռեժիմ ապահովելուց, չկա պատվաստված լինելու հանգամանքով պայմանավորված ազատ մուտք ապահովելը։

Ժամանակն է, որ դրա մասին մտածեն պատկան մարմինները և թույլ տան, որ եթե մարդն արդեն պատվաստված է և ունի դա հավաստող փաստաթուղթ, դա նույնպես հիմք լինի նրա ազատ մուտքն ապահովելու համար»,- նշում է Ապրեսյանը։

Մեխակ Ապրեսյանն անդրադառնում է նաև ներքին զբոսաշրջությանը, արդյոք հայաստանյան հյուրատները գո՞հ են առկա հոսքից։

Ներքին տուրիզմի առումով համեմատաբար բարվոք է եղել նաև 2020 թվականը, երբ ճանապարհների փակ լինելու հետևանքով մարդիկ ստիպված արտերկիր հանգստի չէին մեկնում, ճամփորդում էին Հայաստանի տարածքում։

Սակայն, չնայած ակտիվությանը, պաշտոնական տվյալներով, 2020 թվականին 2019-ի համեմատ ներքին տուրիզմի ոլորտում ցուցանիշները նվազել են ավելի քան 32 տոկոսով։

«Զբոսաշրջության վերականգնումն սկսվեց ներքին զբոսաշրջությունից, այն անհամեմատ ավելի ակտիվ էր, բայց, այնուամենայնիվ, ունեցանք անկում։ Երևացող ակտիվության պայմաններում, արի ու տես, ներքին զբոսաշրջության ոլորտում 2020 թվականին այցելությունների թիվը մոտ 32 տոկոսով պակաս էր, քան 2019-ին»,- ասում է Ապրեսյանը։

Մասնագետն ասում է, որ ակնկալվում է, որ այս տարի ներքին զբոսաշրջության ոլորտում ակտիվություն կլինի։

«Հուսանք, որ այս տարի անհրաժեշտ միջոցառումների ապահովման պայմաններում զգալի առաջընթաց կունենանք, քան նախորդ տարի։ Էլի եմ ասում՝ ճիշտ քաղաքականություն պետք է վարվի։ Ներքին տուրիզմի ոլորտում էլ սպասումներ կան, որ պետք է ավելի լավ լինի»,- ընդգծում է նա։

Չնայած փակ սահմաններին ու աշխարհում համավարակով պայմանավորված իրավիճակին, Հայաստանի բնակիչների մի մասն իրենց հանգիստը շարունակում է անցկացնել որոշ ծովափնյա երկրներում։ Այսօր հնարավորություն կա Հայաստանից մեկնելու այնպիսի ծովափնյա երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Շրի Լանկան, Մալդիվները։

«Շելբի տուր» ընկերության ղեկավար Մարինա Ավետիսյանի խոսքով՝ այս տարի Ամանորին Հայաստանից հիմնականում Եգիպտոս են մեկնել, այս շրջանում ևս հոսքը մեծ է։

«Նոր տարուց հետո էլ ավելի ակտիվացավ հոսքը, որովհետև գներն իջան, Ամանորին ավելի բարձր էին։ Հունվարից սկսած ավելի էկոնոմ, մատչելի ու հարմար փաթեթներ ի հայտ եկան, չվերթերը շատացան, այսօր Հայաստանից շաբաթական 4 չվերթ է իրականացվում դեպի Եգիպտոս։

Եվ ինքնաթիռում ազատ տեղեր չկան, պահանջարկը շատ մեծ է։ Ե՛վ հունվար, և՛ փետրվար, և՛ մարտ ամիսներին հոսքը մեծ է եղել, ակտիվ ամրագրվում են նաև ապրիլ-մայիս ամիսների համար»,- «Մեդիալաբին» ասում է Մարինա Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ մեկնողների մոտ համավարակի նկատմամբ որևէ վախ չկա, պայմանների մասին են հետաքրքրվում ու մեկնում։

Եգիպտոսից բացի, շատ են մեկնում նաև Արաբական Միացյալ Էմիրություններ։

«Մոտ մեկուկես ամիս առաջ ավիաընկերությունների կողմից մեծ ակցիա իրականացվեց, և ավիատոմսերն ավելի քան 50 տոկոսով զեղչվեցին։

Այսինքն՝ այնպես ստացվեց, որ սովորական փաթեթի համեմատ, երկու անձի համար փաթեթը մոտ 500 դոլարով մատչելի դարձավ։ Եվ Եգիպտոսի ու ԱՄԷ-ի փաթեթների վաճառքի գները գրեթե հավասարվեցին»,- նշում է նա։

Դեպի Եգիպտոս փաթեթների արժեքը նախորդ տարվա համեմատ նույնն է մնացել, չնայած ճգնաժամին, գների նվազում չկա, հոսքը նույնպես գրեթե նույնն է։

Մարինա Ավետիսյանն ասում է, որ Հայաստանից այս շրջանում հանգստի են մեկնում այն մարդիկ, որոնք գումար ու ժամանակ ունեն։

«Շատ գումար ունեցող մարդիկ նույնպես այսօր ստիպված են գնալ Եգիպտոս ու Էմիրություններ, քանի որ եվրոպական ուղղություններում ճանապարհները փակ են։

Կան նաև այլ ուղղություններ, որոնք բաց են, օրինակ՝ Մալդիվներ, Շրի Լանկա, սակայն այնտեղ հասնելու համար երկար ժամանակ է պահանջվում։ Բացի դա, գներն են համեմատաբար բարձր։ Հարցում անողները շատ են, բայց մեկնողները՝ քիչ»,- նշում է նա։

Եգիպտոս ու ԱՄԷ մեկնելու համար ՀՀ քաղաքացիները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն, բացասական թեստի պատասխանի դեպքում մեկնում են։ «Սակայն կա հնարավորություն նաև Եգիպտոսում թեստավորվելու, բայց ոչ ոք այդ տարբերակը չի ընտրում»,- նշում է Ավետիսյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am