Հայաստանում ցածր եկամուտներ ունեցող ընտանիքները չեն սնվում անհրաժեշտ վիտամիններով, գնաճը սրում է իրավիճակը․ Ի՞նչ են ցույց տալիս հարցումները

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերի գների աճը շարունակվում է։ Սպառողների պաշտպանների գնահատականներով՝ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ գներ թանկացել են շուրջ 20 տոկոսով։ 

Այնինչ, վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2021 թ. փետրվարը 2020 թ. փետրվարի նկատմամբ, կազմել է 5.3 տոկոս։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 7.8 տոկոսով, ալկոհոլային խմիչքներինն ու ծխախոտինը՝ 8.7 տոկոսով, հագուստի ու կոշիկի գները՝ 5.2 տոկոսով։

Մարտին գների աճը շարունակվում է։ Մասնավորապես, աճել են առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքների գները, ինչպիսիք են կարագը, բուսական յուղը, ձուն, կաթնամթերքը, միրգն ու բանջարեղենը։

2020 թվականին Հայաստանում, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ըստ Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի, կազմել է 61 հազար 390.7 դրամ։ Այդ թվում՝ պարենային զամբյուղի արժեքն ամսեկան կտրվածքով կազմել է 34 հազար 684.0 դրամ։

Պարենային զամբյուղում ներառված սննդամթերքի ցանկը, բացի հացից, մակարոնեղենից ու կարտոֆիլից, ներառում է նաև տավարի միս, պանիր, ձու, ձուկ, կաթնամթերք, բուսական յուղ, մրգերից՝ խնձոր, բանջարեղենից՝ կաղամբ։ 2020 թվականին օրական էներգետիկան մեկ շնչի հաշվով 2 412.1 կկալ է կազմել։

Այն պարագայում, երբ գներն աճում են, իսկ մարդկանց եկամուտները մնում են նույնը կամ նվազում, գնողունակությունը նվազում է։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում առևտրի շրջանառությունը նվազել է 11․3 տոկոսով։

Հայաստանում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ սննդամթերքի գների աճի պարագայում տնային տնտեսությունները ավելի քիչ են սկսում օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ։ Չբալանսավորված սնունդն իր հերթին թուլացնում է օրգանիզմն՝ առաջ բերելով տարբեր առողջական խնդիրներ։ 

Այս մասին «Մեդիալաբին» ասում է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։

Էկոկենտրոնի մասնագետները սննդամթերքի սպառման վերաբերյալ հետազոտություններ են իրականացնում յուրաքանչյուր տարի։ Արդյունքները փաստում են, որ մարդկանց կողմից սպառումը պայմանավորված է սննդամթերքի գներով։ 

Մասնագետների ուսումնասիրությունները պարզել են, որ եթե, օրինակ՝ ձմռան սեզոնին լոլիկի գինը էժան է լինում, սպառման ծավալները մեծանում են։ 

Նախորդ տարվանից Էկոկենտրոնի մասնագետները հետազոտություններ են անցկացնում նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սպառման ծավալների վերաբերյալ։

«Նախորդ տարի փորձեցինք մեր հետազոտություներով կապ գտնել ընտանիքի եկամտի և սննդամթերքի սպառման միջև։ Մարդկանց բաժանել էինք երեք տարբեր խմբերի և փորձել ընտանեկան եկամուտը վերլուծել։ 

Վերցրել էինք ամսական մինչև 150 հազար դրամ եկամուտ ունեցող, 150-250 հազար և 250-400 հազար դրամ եկամուտ ունեցող խմբերը։ Եվ այստեղ մենք նկատեցինք, որ գերխոցելի են մինչև 150 հազար դրամ եկամուտ ունեցող խմբերը։ 

Այդ մարդիկ շեշտել էին, որ չնայած երկրում սննդի առկայության խնդիր չեն հայտնաբերել, այսինքն՝ համավարակի օրերին խանութներում սննդամթերքի պակաս չի եղել, բայց համավարակի ու սահմանափակումների շրջանում մշտապես ստիպված են եղել ավելի էժան սնունդ գնել։ 

Ընդ որում, միտումն այսպես է՝ եթե միսն է թանկանում, այդ մարդիկ սկսում են ավելի էժան մթերք գնել, միս չգնել, եթե ընդեղենն է թանկանում, ընդեղեն չեն գնում և այլն»,- «Մեդիալաբին» ասում է Դավիթ Պիպոյանը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ խոցելի են նաև 150-250 հազար դրամ եկամուտ ունեցող ընտանիքները։ 

«Որպեսզի ձեզ հայկական ընտանիքի մոդելով օրինակ բերեմ, պատկերացրեք՝ ընտանիքը 4 հոգանոց է, որտեղ երկու ծնողն աշխատում է, և տանն ունեն երկու աշակերտ, որոնք չեն աշխատում։ Եվ այդ պարագայում, երբ ընտանիքում կա 4 հոգի ուտող անձ, ամսական 250 հազար դրամ եկամուտ ունեցող ընտանիքն իր եկամտի բավական մեծ տոկոսը պետք է ծախսի սննդամթերքի վրա։ Սա շատ կարևոր խնդիր է»,- նշում է Պիպոյանը։

Կորոնավիրուսի համավարակի տարածման պայմաններում տարբեր միջազգային կազմակերպություններ ու բժիշկներ մարդկանց խորհուրդ են տալիս բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունն ու վիտամիններով հարուստ սնունդ ընդունել։ Սակայն գների աճի պայմաններում, երբ միաժամանակ չեն բարձրանում ընտանիքի եկամուտները, շատերը չեն կարողանում ապահովել դա։

Դավիթ Պիպոյանն ասում է, որ մասնագետները մշտապես խոսում են օրական 4-5 չափաբաժին թարմ պտուղ-բանջարեղենի օգտագործման մասին։ 

«Հիմա դեռևս չի սկսվել միրգ-բանջարեղենի սեզոնը, և մինչև հունիս ամիս մենք ունենք բարձր գներ։ Եթե մեկ անձը օրական 4-5 չափաբաժին պետք է ստանա, եթե անգամ մեկ չափաբաժինը 80 գրամը վերցնենք, օրական կազմում է 400 գրամ։ 

Այսինքն՝ եթե 4 հոգանոց ընտանիքը մեկ հոգու համար օրական 400 գրամ միրգ-բանջարեղեն գնի, դա կազմում է 1 կգ 600 գրամ։ Մենք շատ լավ գիտենք մրգերի այսօրվա գները։ 

Այսօր անգամ կատակում ենք, որ տարիներ առաջ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ 2021 թվականին կարող է խանութի ամենաէժան միրգը բանանը լինել։ 

Այսինքն՝ այս պարագայում, երբ թանկանում է միսը, որը սպիտակուցներ է պարունակում, որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի դիմադրողականության համար, թանկանում են թարմ միրգն ու բանջարեղենը, մարդիկ լուրջ խնդրի առաջ են կանգնում։ Թանկանում է նաև բուսայուղը, կարագը, իսկ մենք միշտ մարդկանց խորհուրդ ենք տալիս էժանագին յուղեր ու սփրեդ չօգտագործել»,- նշում է նա։

Դավիթ Պիպոյանի խոսքով՝ խնդիրները սուր են նաև մարզերում, քանի որ այնտեղ մարդկանց եկամուտներն ավելի ցածր են։

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ այն խմբերը, որոնք ամսական ունեն մինչև 150 հազար դրամ եկամուտ, նրանց սննդակարգը կազմված է ալրային հենքով մթերքից՝ հացից, մակարոնեղենից, կարտոֆիլից։ 

Եվ այս խմբերում այս սեզոնին մեծ խնդիրներ են առաջանում։ Մինչև հունիս ամիս միրգը-բանջարեղենը թանկ է։ Մինչև լոլիկի գինը չիջնի 200-250 դրամ, մինչև սեզոնային բանջարեղենն ու մրգերը մատչելի գին չունենան, այս խմբի մարդիկ չեն գնում այդ մթերքները։ 

Նկատվում է, որ այս սեզոնին սննդակարգում ցածր է մրգի ու բանջարեղենի քանակը։ Բայց այդ վիտամիններով հարուստ մթերքը հիմա է պետք մարդկանց օրգանիզմին, քանի որ մեր բնակլիմայական պայմաններն այնպիսիք են, որ ամռանը Հայաստանում սուր վարակիչ հիվանդությունների թիվը նվազում է։ Իսկ այս փուլում, բացի նրանից, որ ամեն օր աճում են կորոնավիրուսային հիվանդության թվերը, զուգահեռ աճում է նաև սուր ռեսպիրատոր հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, որոնց կորոնավիրուսի թեստը բացասական է լինում»,- ասում է մասնագետը։

Պիպոյանի խոսքով՝ վիտամիններով հարուստ սննդամթերքի փոխարեն ածխաջրածիններով հագեցած սնունդ ընդունելու դեպքում նաև երկարատև հիվանդություններն են գլուխ բարձրացնում մարդկանց շրջանում։ 

«Այսօր խոսում ենք ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումից, ամբողջ աշխարհը խոսում է սրտանոթային համակարգի հիվանդություններից, շաքարային դիաբետից։ Եկեք հասկանանք, որ սրանք սննդակարգով պայմանավորված հիվանդություններ են։ Օրինակ՝ այսօր բոլոր գիտեն, որ սրտանոթային հիվանդությունների զարգացման գործում մեծ դեր ունեն տրանսճարպաթթուները»,- հավելում է նա։

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամբողջ աշխարհում բարձրացվում է այն հարցը, որ ռիսկի խմբին են դասվում նաև ճարպակալում ունեցող անձինք։ 

«Ինչքան մարդու սննդակարգը բաղկացած է ալրային հենքով սննդից, այնքան նա ճարպակալված է։ Հատկապես Հայաստանում ոչ թե ամբողջահատիկ հացն է տարածված, այլ ցորենի բարձր տեսակի ալյուրից պատրաստված հացը։ 

Մարդկանց մոտ թյուրիմացություն կա, որ երբ խոսում ենք թերսնումից, մենք նկատի ունենք սննդակարգում վիտամինների, սպիտակուցների պակասը։ Թերսնուցումը չպետք է շփոթել թերքաշի հետ։ Ընտանիքներ կան, որոնք շատ ցածր եկամուտ ունեն, բայց նրանց ընտանիքի անդամները կարող են ճարպակալում ունենալ»,- ասում է Պիպոյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am