Մեր կռիվը

Վահրամ Թոքմաջյան

«Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս — 

Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես: 

Ասորիքն է եղել մեր թշնամին — ահա՛ 

Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա»:

Տերյանի ողջ փիլիսոփայությունը թողած՝ մեր դպրոցներում հատկապես անգիր անել ենք տալիս այս տողերը։ Ասմունքողը պետք է հատկապես շեշտված ճչա բաբելոնական ախոյանիզմը հորդելու հատվածում։ 

Դա պետք է անի այնպես, որ կարծես Բաբելոնն ու Ասորեստանը մենք ենք կործանել։ Ինչու միայն Բաբելոնն ու Ասորեստանը։ Մի քիչ Հռոմն ենք կործանել, մի քիչ՝ Մակեդոնական կայսրությունը, ձեռի հետ էլ՝ Ցարական Ռուսաստանն ու Օսմանյան Թուրքիան։ 

Ոչինչ, որ վերջինիս կործանման փլատակների տակ մնացինք։ Չմոռանանք, որ որոշ «պատմաբաններ», հաստ գլուխները տմբտմբացնելով ու դատարկ հայացքին լուռ խոհեմություն հաղորդելով, մինչ օրս պնդում են, թե ղարաբաղյան հարցից սկսեց ԽՍՀՄ փլուզումը։ Հետևություն՝ ԽՍՀՄ-ը ևս մենք կործանեցինք։

Մենք հաշտ չենք մեր պատմության հետ։ Մենք անընդհատ կռիվ ունենք մեր անցյալի հետ։ Խոհեմ ազգերը կռիվ չունեն սեփական անցյալի հետ։ Խոհեմ ազգերն ազնիվ են սեփական պատմության հետ։ Նրանք ունակ են սեփական պատմության հետ ուղիղ առերեսվելու՝ դեռահասին բնորոշ կապանքները և ռոմանտիկներին բնութագրական մելանխոլիան մի կողմ դնելով։ Խոհեմ ազգերի մոտ «բախտի տերը թաղեմ» ասույթը գոյություն չունի։ 

Որևէ մեկը չի կարող ֆրանսիացի պատմաբանին արգելել քննական վերլուծության ենթարկել կամ քննադատորեն մոտենալ ժամանակակից Ֆրանսիան ստեղծած Նապոլեոնին։ Նույնը գերմանացին՝ նա կարող է Բիսմարկին դատափետել որքան ուզի, բայց՝ հիմնավոր։ Դե մի հատ փորձեք թթու խոսք ասել Տիգրան Մեծի հասցեին։

Մենք կռիվ ունենք մեր խորհրդային անցյալի հետ, ցարական անցյալի, թուրքական անցյալի, պարսկական անցյալի, արաբների հետ 1000 տարի առաջ ենք շփվել, բայց մինչև հիմա խնդիր ունենք։ 

Իմ մանկության Կումայրիում, երբ Վարդավառի ժամանակ մեկը մյուսին դժգոհում էր ջրվելուց, հակադարձումը լինում էր՝ «ջուր է, խո արաբի արուն չէ»։ 

Այսինքն՝ արաբի արյունը պիղծ է։ 

Չի կարող ցեղասպանության ենթարկված ազգն այսքան անուս լինել պատմության հարցերում։ Չի կարող ցեղասպանություն տեսած ազգն այսքան կեղծիք դրսևորել սեփական պատմության նկատմամբ։ Չի կարող նման պատմություն ունեցած ազգը քաջություն չունենա սեփական պատմության հետ ուղիղ առերեսվելու։ Բայց արի ու տես, որ տրամագծորեն հակառակն է։ 

Եթե մեկն ասում է, որ Վարդանի «բարոյական հաղթանակ» երազախաբությունը վերջին ճշմարտությունն է, ուրեմն հաջորդ 1500 տարիների սերունդների կողմից դա պետք է լինի անքննելի։ 

Նույն խնդիրն ունեն մեր չորս հարևաններից երեքը։ Նրանց մոտ այդ խնդիրները յուրովի են. մեկը՝ Վրաստանը, մինի կայսրություն է։ Ադրբեջանը նոր-նոր ձևավորվող ինքնության հարացույցները պետք է շեղի ամենակեր ու ամենակուլ մոդելների շուրջ՝ առանցքում ունենալով միայն Ղարաբաղը: 

Թուրքիան հաշտ չէ աշխարհի հետ, բայց հաջողել է։ Թերևս այստեղ է, որ «բախտը», ինչպես նաև «շուն Թալեաթի պոռնիկ մերը» կարող ենք գիտականորեն սահմանել։ Մնացած բոլոր դեպքերում դրանք մեկնելի չեն։

Բացառություն է միայն պարսկական խոհեմությունը։ Ի դեպ, պարսիկներն անկախության օր չունեն։ Նրանք համարում են, որ իրենց պետությունը գոյություն է ունեցել շարունակաբար։ Եվ թերևս իրավացի են։ 

Միայն պետության հմայքը հասկացող ազգը կարող էր նման պահվածք դրսևորել։ Հակառակ դեպքում նրանք էլ կարող էին հայտարարել, որ ժամանակակից Հայաստանի ու Ադրբեջանի տարածքների զգալի մասը մինչև 1828 թ. պատկանել է Իրանին։ Հետևաբար՝ տիրոջ իրավունքով պահանջում են։

Իսկ մեզանում հակառակն է։ Մենք կարծես կրակն ենք ընկել մեր պետության ձեռքը։ Եթե շատ անկեղծ կուզեք, աշխարհը մեզ ինչ-որ պահի գթաց ու այս փոքր տարածքում ճանաչեց մեր իրավունքները։ Չհասկացանք աշխարհի կարգը։ Ոնց կարո՞ղ է Գրիգոր Լուսավորիչ ունեցած (ոչինչ, որ պարթև էր, հայ չէր), աշխարհին Շառլ Ազնավուր ու Քարդաշյան տված ազգը բավարարվի։ 

Սա արդեն պատմության տրագիկոմեդիան է, երբ ողբերգությունից անգամ չես խրատվում։ Իսկ ա՛յ մեզ անընդհատ կործանել ցանկացող հրեան 2000 տարի երազեց ու սրանից փոքր տարածքում կառուցեց իր պետությունը։ Իրական պետությունը։

Հայաստանի գոյութենականության հիմքում ընկած են երկու իրարամերժ գաղափարներ՝ համակեցություն աշխարհի հետ և անընդհատ պահանջատիրություն։ Երկրորդ գաղափարի ջատագովները միշտ էլ կլինեն։ Բայց նրանք պետք է անպայման մատնանշեն, թե ում հետույքով ենք անընդհատ պահանջատեր մնում։ 

Չի կարող մի ողջ ժողովուրդ սեփական գոյությունը հիմնավորի միայն թուրքի առկայությամբ։ Երբ մի պայծառ առավոտ թուրքը չեղավ, հա՞յն էլ է դադարելու լինելուց։ Սա ի՜նչ տմարդիության բարձրակետ է։

Այս երկու հակադրությունների լուծման միակ ուղին սեփական պատմության հետ անկեղծ ու ուղիղ լինելն է։ Հատկապես՝ վերջին 30 տարիների պատմության հետ։ Անշուշտ դաժան է լինելու առերեսվելը, բայց այլ դեղամիջոց չկա։ 

Հ․ Գ․ Ազգ հասկացությունը տեքստում ներկայացվում է հարաբերականորեն։ Հավաքական ազգը չի մեղադրվում։ Մեղադրվում են այդ սին մտայնություններ սահմանողները և կեղծիքներ տարածողները։ Հավաքական խմբին այդ կապանքների մեջ պահողները։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am