«Մենք չունենք այնքան բնակչություն, որ օրը 20-ից ավելի մահ տանք». Համաճարակաբանը նշում է՝ պատվաստանյութը փրկություն է

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Մերի Տեր-Ստեփանյանը, որը նաև Երևանի ծննդատներից մեկի փոխտնօրենն է, կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով: 

«Ես պատրաստ էի պատվաստվել նաև «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, եթե այն ժամանակ դա լիներ: Որպես համաճարակաբան կարող եմ հստակ ասել՝ մեզ համար պատվաստանյութը հարցի լուծում է»,-«Մեդիալաբին» ասում է համաճարակաբանը:

Մերի Տեր-Ստեփանյանը կորոնավիրուսով չի վարակվել, պատվաստվել է որպես քովիդ-խոցելի խմբի ներկայացուցիչ: Ասում է՝ պատվաստվելուց հետո մեկ օր ունեցել է մարմնի ջարդվածություն, գլխացավ, ջերմություն, բայց այդ ամենը տևել է մեկ օր, որից հետո վերադարձել է բնականոն կյանքին: 

Համաճարակաբանը ստեղծված արտակարգ իրավիճակում, երբ կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահվան օրական վիճակագրությունն աճում է, պատվաստումը հատկապես խոցելի խմբի համար փրկություն է համարում:

Հայաստանը միայն վերջին օրերին է պատվաստանյութ ստացել քովիդ-խոցելի խմբի շրջանում պատվաստումներ սկսելու համար: Առայժմ գործընթացի մեկնարկի ժամկետների մասին առողջապահության նախարարությունը տեղեկություններ չի հաղորդում: 

Մի քանի օր առաջ ներմուծվել է «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը, իսկ այսօր Հայաստանում դիմավորել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար չափաբաժնով: Հայտնի է, որ դրանով առաջին հերթին պատվաստվելու են խոցելի խմբերը: 

«Ակնկալում եմ, որ պատվաստման գործընթացի մեկնարկին կունենանք խոցելի խմբերի ակտիվ մասնակցություն, որովհետև դա այժմ օրհասական է: Եվ հատկապես 65 տարեկանից բարձր անձանց, որովհետև այսօր ամենախոցելին այդ տարիքային խումբն է, մահացությունը ամենաբարձրը այդ տարիքային խմբում է»,- ասում է Մերի Տեր-Ստեփանյանը: 

Նրա խոսքով՝ այդ խմբի համար պատվաստանյութի տեսակը որևէ նշանակություն չունի: 

«Ես կասեի՝ պատվաստանյութի տեսակի մասին խոսելն ընդհանրապես իմաստ չունի, եթե այն լիցենզավորված է համապատասխան կառույցի կողմից՝ առավել ևս: 

Պատվաստումներից այն բարդությունները, որոնց մասին մամուլն անընդհատ գրում է, համենայնդեպս, 65-ից բարձր տարիքային խմբում չեն արձանագրվել: Ես ուզում եմ հանգստացնել մեր բնակչությանը և հորդորում եմ ընդգրկվել պատվաստումային գործընթացում, գնալ և պատվաստվել, որովհետև դա առաջին հերթին նվազեցնելու է մեր մահերը: Մենք չունենք այդքան բնակչություն, որ օրը 20-ից ավելի մահ տանք»,- ընդգծում է համաճարակաբանը:

Ըստ մասնագետի՝ համավարակի տարածման նախորդ մեկ տարվա ընթացքում պարզ էր, որ առավել ծանր են տանում ուղեկցող հիվանդություններ ունեցող քաղաքացիները, հետևաբար նրանք առավել շահագրգռված պետք է լինեն պատվաստվելու հարցում: 

«Մարդիկ, ովքեր ունեն ուղեկցող խնդիրներ՝ սիրտանոթային հիվանդություններ, դիաբետ, ճարպակալում, նրանք ավելի հակված են քովիդից բարդությունների, և նրանց մոտ մահվան հավանականությունը ավելի բարձր է: Եվ այդ ամենը հաշվի առնելով՝ ժամ առաջ պատվաստումը կարող է կյանք փրկել»,- նշում է նա:

Հարցին, թե արդյոք փոքր խմբեր պատվաստելով հնարավո՞ր է նվազեցնել վարակի տարածումը կամ ունենալ դրական արդյունքներ, Մերի Տեր-Ստեփանյանը արձագանքում է. 

«Կարծում եմ՝ երկար ժամանակ արդյունք չենք նկատի, որովհետև այդ դեղաքանակը, որ կարող է իմունային շերտ ապահովել, դեռ հնարավոր չէ ունենալ: Ուղղակի այս պատվաստումները կարող են շատերի մոտ հնարավոր բարդությունները կանխել, կարող ենք նվազեցնել մահերի քանակը: Մեր առաջնային նպատակը այս պահին մահերը նվազեցնելն է»: 

Արձագանքելով դիտարկմանը, թե հանրության շրջանում պատվաստանյութի և, ընդհանրապես, պատվաստումների նկատմամբ մեծ անվստահություն կա, Տեր-Ստեփանյանն ասում է՝ քաղաքացիների հետ իր ամենօրյա շփումներում փորձում է հակառակն ապացուցել. 

«Այո՛, ես նույնպես անվստահություն եմ նկատում և փորձում եմ փարատել մտահոգությունները, որովհետև որպես մասնագետ պատվաստանյութերի հետ աշխատելու արդեն 15 տարուց ավելի փորձ ունեմ և ամեն օր առնչվում եմ կոնկրետ երկու պատվաստանյութերի՝ ԲՑԺ-ի և Հեպատիտ Բ-ի հետ, ու իմ աշխատանքային փորձի ընթացքում, համենայնդեպս, այս երկու պատվաստանյութերից ես չեմ տեսել հետպատվաստումային այնպիսի անբարեհաջող դեպքեր, որից շատերն անհանգստանում են: Ես թերահավատորեն չէի վերաբերվի պատվաստանյութերին»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am