«Սգի մեջ՝ ընկել ենք բանկերի դռները՝ որ տոկոս մի՛ ավելացրեք կամ դատարան մի՛ մտցրեք»․ ամուսնու զոհվելուց հետո Արմինեն անչահաս երեխաների հետ հայտնվել է ծանր վիճակում

Արմինե Սարիբեկյանը երկու անչահաս երեխաների հետ հայտնվել է անելանելի վիճակում․ մի կողմից՝ պատերազմի հետևանքով կորցրել է ամուսնուն, մյուս կողմից էլ՝ սգի ու դառը ապրումների հետ մեկտեղ բանկային ու ֆինանսական քաշքշուկի մեջ է հայտնվել։

«Սգի մեջ՝ ընկել ենք բանկերի դռները՝ որ տոկոս մի՛ ավելացրեք կամ դատարան մի՛ մտցրեք, ես առանձնապես էլ ոչ մի բան չունեմ»,- «Մեդիալաբին» ասում է Արմինե Սարիբեկյանը։

Արմինեի խոսքով՝ մինչև պատերազմը ամուսնու հետ վարկեր էին վերցրել՝ տունը կարգի բերելու, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով։ Նշում է, որ ամուսնու վարկերը ներվել են, բայց իր անունով վերցրած վարկերը բանկերը պահանջում են:

«Բանկերում ասում են՝ պետք ա բերեք, ասում եմ՝ կբերեմ, բայց հիմա ոչ մի գումար չի նստել, ամեն մի բանկը 300 հարյուր, 400 հարյուր հազար ա, կբերեմ, կտամ: Ասում եմ՝ գոնե դատարաններ մի՛ տվեք, ես էս փոքր երեխեքի հետ չեմ կարա էդքան դատարանների քաշքշուկների մեջ ընկնեմ»,- հուզմունքով պատմում է կինը:

Ասում է՝ մի կողմից չի կարողանում հաղթահարել ամուսնու կորստի ցավը, մյուս կողմից՝ հոգսերի ու ֆինանսական խնդիրների է բախվել:

«Շատ ծանր ա, ընդհանրապես չեմ համակերպվել։ Ինքը շատ հոգատար ամուսին ու հայր էր, շատ ընտանիքասեր։ Մինչև հիմա ուշքի չեմ գալիս, սպազմ ա մոտս առաջացել, երևի որ ուշագնացություններ են եղել մոտս, որ ինձ հետ են բերել, ձայնալարերն են վնասվել, նաև ասում են, որ սթրեսից ա էդ հազը։

Հիմա էլ էս վարկերի խնդիրները։ Ամուսնուս անունով վարկերն են մենակ ներել, բայց ընտանիքներինը՝ չէ: Ասում են՝ պետք ա բերես վճարես, դա բանկերի հայեցողությանն են թողնում, բանկերն էլ ասում են՝ մենք ոչ մի բան չենք կարող անել»,- մտահոգ ասում է Արմինեն։

Այնուհետև  նշում է, որ երբ ամուսինը 6 ամիս անհայտ կորած էր, երեխաներին պահելու համար ոսկի է գրավադրել, որոշ անհատներ են օգնել, իսկ պետությունից ստացել է ընդամենը 100 հազար, 200 հազար ամուսնու ծնողներին է հատկացվել:

«Մի երկու կտոր ոսկի ունեի, դրել էի, որ յոլա տանեի երեխեքին: 6 ամիս ինքը անհայտ ա եղել։ Ես երկու երեխեքին հազիվ յոլա էի տանում, դեռ ոսկին էլ չեմ հանել։ Ինքն էր մեր տան աշխատողը»,- ասում է նա:

Արմինեի ամուսինը՝ 28-ամյա Միքայել Միքայելյանը զոհվել է Ջաբրայիլում։ Ընտանիքը Միքայելի հետ վերջին անգամ կապ է հաստատել սեպտեմբերի 30-ին, այնուհետև ընտանիքի անդամները որևէ տեղեկություն չեն ունեցել նրա մասին մինչև մարտի 13-ը, երբ հայտնի է դարձել, որ գտնվել է նրա մարմինը։

«Սեպտեմբերի 27-ին ամուսինս գնաց պատերազմ, երկու օր գրել ա, սեպտեմբերի 30-ին առավոտ շուտ գրել ա` երեխեքին լավ կնայես, էլ չեմ կարա կապի դուրս գամ, ու էդ ա եղել ու կորել ա, մինչև մարտի 13-ին ԴՆԹ-ով գտել են: Ամուսնուս հայրը գնաց, ինքը ճանաչել ա, որ տղայի մարմինն ա, ես էլ հիշում էի՝ ինչ էր հագել, ես էլ հագուստն եմ ճանաչել եմ, որ իրա շորն ա։ Ադրբեջանցիք են տվել իրա մարմինը, 106 մարմինների մեջ իրա մարմինն էլ ա եղել՝ իրա ու իր ընկերոջ»,- պատմում է Արմինեն։

Չնայած հուղարկավորությունը եղել է, սակայն Արմինեն մինչ այժմ չի կարողանում հավատալ, որ ամուսինը մահացել է։ Ասում է՝ մշտապես սպասում է, թվում է՝ թե հեսա տուն կմտնի:

«Մենք հույս ունեինք, որ գերի ա, ու էդ հույսով ապրում էինք, մենք չէինք ուզում հավատայինք, որ ինքը չկա։ Էդ տղերքից էլ որ եկել էին, ասում էին՝ չենք տեսել ու վերջ: Հույսով ապրում էինք, մինչև անգամ գնչուհիների մոտ էլ գնում էինք, ասում էին՝ ողջ ա, էդ հույսով ապրում էինք։

Ես մինչև հիմա չեմ համակերպվում, ու որ մարմինը չես տեսել, մտածում ես՝ գալու ա, չեմ հավատում, ասում եմ՝ ինքը գալու ա, ինքը մեր համար կա»,- հուզված ասում է Արմինեն։

Արմինեին այժմ ուժ ու հույս տալիս են երկու երեխաները, ընդգծում է, որ երեխաների շնորհիվ է կարողանում առաջ նայել:

«Երեխեքը չլինեին՝ չգիտեմ ինչ կլիներ։ Երեխեքը մի քիչ ուժ են տալիս, մի քիչ հույս են տալիս, հոգս կա, ընկնում ես իրանցով պահի տակ, իմ մեջ ուժ եմ գտնում։ Որ երեխեքը կան իմ հետ, ես չեմ կարա ինձ կոտրված պահեմ։

Ոչ մեկին չեմ ցանկանա, որ էս ամեն ինչը տեսնի, գիտեմ, որ իմ նման շատ ընտանիքներ կան, գիտեմ 3 երեխա ունեցող, նոր ծնված երեխա ունեն, որ հերն էլ չի տեսել, գիտեմ, որ մենակ ես չեմ, ասում եմ՝ լավ ա, երեխեքս կան»,- նշում է Արմինեն։

Արփինե Արզումանյան

MediaLab.am