Ֆուտբոլային դիվանագիտություն. Հայաստանը կարող է առաջի՞նը վավերացնել արձանագրությունները

Ֆուտբոլային դիվանագիտություն. Հայաստանը կարող է առաջի՞նը վավերացնել արձանագրությունները
Ֆուտբոլային դիվանագիտություն. Հայաստանը կարող է առաջի՞նը վավերացնել արձանագրությունները

Անցյալ շաբաթավերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԱԺ ուղարկված հայ-թուրքական երկկողմ հարաբերությունները կարգավորող արձանագրությունները երկուշաբթի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից շրջանառության մեջ դրվելուց հետո էլ տարաբնույթ կանխատեսումների տեղիք տվեցին` «փակուղում» հայտնված հարաբերությունների ընթացքի մասին:
«Միջազգային հարցեր-պայմանագրեր կան այս պահին, որոնք յոթ տարի չեն ընդգրկվել առօրյայում, այնպես որ, արձանագրությունների ճակատագիրը մեծ հաշվով կախված է Թուրքիայի վավերացումից: Գնդակը նրանց դաշտում է»,- «Մեդիալաբին» ասում է իշխանական կուալիցիայի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը համոզված է, որ վերջնաժամկետների մասին խոսելն այս դեպքում տեղին չէ:
Նա ասում է, որ պետք է հետևել գործընթացներին` ճշտելու` դրական ուղղությա՞մբ են զարգանում, լճացե՞լ են, թե՞ հետընթաց են ապրում:

«Ողջամիտ ժամկետի ընկալումը նաև պետք է համահունչ լինի միջազգային հանրության, Ամերիկայի, Ռուսաստանի, Եվրոպայի ընկալումներին»,- ասում է Նիկոյանը` նշելով, որ ամեն ինչ կախված է «զարգացումներից»:

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարների ստորագրած արձանագրությունները, որոնք տարաբնույթ մարտահրավերների և գնահատականների միջով հասել են Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններ, հարց է` կվավերացվե՞ն` ճանապարհ բացելով երկու հարևան թշնամական երկրների միջև:

«Ժամանակն անկասկած աշխատում է ի վնաս վավերացման,- «Մեդիալաբին» հավատացնում է ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, որի կուսակցությունը բազմիցս դեմ է արտահայտվել արձանագրությունների վավերացմանը:

-Միայն հոսանքի թուլացումն արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք հասել ենք արդյունքի»:

Փետրվարի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանը, որը գրեթե երկու տարի առաջ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախաձեռնողն էր, կրկին ակտիվացրեց թեման` Միացյալ Թագավորություն մեկնելու ճանապարհին օդային մեսիջներ ուղարկելով իր պաշտոնակից Աբդուլլահ Գյուլին`հորդորելով արագացնել գործընթացը:

«Բայց եթե հաստատվեն կասկածները, թե Թուրքիան փորձում է ընդամենը ժամանակ ձգել, մենք ստիպված կլինենք դադարեցնել գործընթացը»,- հայտարարել է ՀՀ նախագահն ավելի ուշ` Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի իր ելույթում:

Սարգսյանը նաև հաստատակամորեն ասել է, թե որպես Հայաստանի խորհրդարանական մեծամասնության ղեկավար` վերահաստատում է, որ Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումից հետո բացառվում է ՀՀ-ում դրանց տապալումը:

ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ և նախկին ՀՀԿ անդամ Տիգրան Թորոսյանը, որն առավել հավանական է համարում, որ արձանագրությունները չեն վավերացվի, նախագահ Սարգսյանի «երաշխիքներով» խոսելը կոպիտ սխալ է որակում:

«Անկախ որևէ բանից, խորհրդարանն անկախ մարմին է։

Ավելին` պատգամավորն ազատ է իր դիրքորոշումը արտահայտելու մեջ՝ դա սահմանադրական նորմ է»,- ասում է Տիգրան Թորոսյանը, որը համոզված է, որ Հայաստանն «այս ամենի դիմաց» չի ստացել որևէ բան և չի էլ ստանալու:

Ստեփան Սաֆարյանն ասում է, որ ինչքան էլ ԱԺ-ն «անկախ մարմին» լինի, շատերը հլու- հնազանդ սպասում են քվեարկության կոճակ սեղմելու` «հպատակի տրամադրությամբ»:

Նա հավատացնում է, որ «Ժառանգությունը» շարունակելու է ժողովրդին իրազեկելու աշխատանքները արձանագրությունների վերաբերյալ` ընդհուպ մինչև մարզային այցերն ու հանդիպումները, ինչպես նաև մոբիլիզացնելու է մարդկանց այն հատվածին ԱԺ-ում, ովքեր դեմ են արձանագրությունների վավերացմանը:

«Մենք համախմբելու ենք մարդկանց ԱԺ դարպասներից ներս և դուրս»,- ասում է Սաֆարյանը` նշելով հավանական բողոքի ակցիաների մասին:

Բողոքի հնարավոր ալիքի մասին է խոսում նաև արձանագրությունների դեմ բազմաթիվ բողոքի դրսևորումներ ցուցաբերած ազգայնական ՀՅԴ կուսակցությունը:

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը «Մեդիալաբին» ասում է, որ շարունակելու են պայքարել: Նա հավատացնում է, որ իրենց պատասխանն արձանագրություններին ՈՉ է, միևնույն ժամանակ տեղեկացնում է արդեն իսկ սկսված ստորագրահավաքի մասին:

«Իշխանության կողմից սկսել են հնչել տարօրինակ ձևակերպումներ` նախաձեռնողական քաղաքականությունը շարունակելու մասին, ինչը ձախորդ և չհաշվարկած քաղաքականության շարունակությունն է»,- ասում է Մանոյանը` մատնանշելով ԱԺ փոխնախագահի առաջադրած վավերացման երեք տարբերակների մասին:

Սամվել Նիկոյանը, սակայն, արձանագրությունների վավերացման հնարավորության երեք տարբերակ է նշում. առաջինի դեպքում գործընթացները զուգահեռ ընթանում են երկու խորհրդարաններում, երկրորդի դեպքում Հայաստանը սպասում է Թուրքիայի վավերացմանը, և երրորդ`Հայաստանը փորձում է շարունակել նախաձեռնողական քաղաքականությունը նաև վավերացման փուլում:

«Կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը շարունակի իր նախաձեռնողական քաղաքականությունը»,- ասել է ԱԺ փոխնախագահ Նիկոյանը փետրվարի 16-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Սակայն իշխանական «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հավատացնում է, որ այս դեպքում իրենց պատասխանը միանշանակ ոչ կլինի արձանագրություններին:

«Եթե հարց դրվի, որ մենք պետք է առաջինը վավերացնենք արձանագրությունները, մեր դիրքորոշումը միանշանակ բացասական է լինելու»,- «Մեդիալաբին» ասում է Նաիրա Զոհրաբյանը:

© Medialab.am