Ժենգյալով հացից մինչև տուրիզմ. Ստեփանակերտի շուկայում առեւտուրն աշխուժացել է, սակայն «նախկին կյանքը չկա»

Դոնարա Գասպարյանը

Ստեփանակերտի կենտրոնական շուկայում կարծես թե նախկին եռուզեռն է, այն հիմնականում ապահովողը մայրաքաղաքում հայտնված բռնի տեղահանվածներն են ու, իհարկե, ստեփանակերտցիները։ 

Ժենգյալով հացը՝ Տատ ու պապի հետ, Արցախի հիմնական այցեքարտն է։ Շուկայում հայտնի ուտեստի թխման 10 կետ կա։ 

Դոնարա Գասպարյանը հին ժենգյալով հաց թխողներից է, 1992 թվականին է կցվել գործին։ Ասում է, որ պետք է տարբեր տեսակի կանաչեղեն լինի, որպեսզի կանաչ հացի համն ու հոտը տեղը լինեն․ 

«Օրինակ՝ Գանձասարում թխվող ժենգյալով հացը ոչ բոլորն են հավանում, որովհետև եղինջը շատ են լցնում, ու համն էն չի լինում»: 

Պատերազմի ժամանակ տիկին Դոնարան ժենգյալով հաց էր թխում, ուղարկում դիրքեր՝ տղաներին։ Արցախյան հանրահայտ ուտեստը ապրուստի միջոց էր Երևանում հայտնված կանանց համար․ 

«Կռվի ժամանակ 10 օր եմ մնացել Երևանում, էլի իմ գործով էի զբաղվում»,- ասում է տիկին Դոնարան։ 

Նրա գործընկերուհին՝ Արմինե Աբրահամյանը, Հյուսիսային պողոտայում աղջկա հետ էր ժենգյալով հաց թխում, ողջ հասույթը Արցախ էին փոխանցում։ Ասում է, որ դեպքեր էին լինում, որ մեկ ժենգյալով հացի համար 100 դոլար էին վճարում, երբ իմանում էին, թե հասույթն ինչ նպատակի է ուղղվելու։ 

Արմինե Աբրահամյանը

Երևանում գործը լավ էր, Հայաստանում սիրով էին վերցնում արցախցիների թխած ժենգյալով հացը, սակայն Արմինեն թևաթափ հայրենիք վերադարձավ։ 

Վատ լուրը շուտ է տեղ հասնում՝ մինուճար որդին՝ Սուրեն Աբրահամյանը, զոհվել է Սղնախում։ 25 տարեկան էր, 4 ամսվա ամուսնացած, դուստրը ծնվել է հոր մահից հետո։ Այժմ կրկին շուկայում է՝ Սուրենին մեծացրել է, հիմա էլ Սերինեին պիտի մեծացնի, որը տատիկի մարտի 8-ին ծնված սփոփանքն է։ 

Պատերազմից հետո նույն գործով նույն վայրում են Ստեփանակերտի շուկայի մյուս աշխատողները։ Նախկին անցուդարձը չկա՝ իրենց սպառողները հիմնականում զբոսաշրջիկներն էին, այժմ նրանց թիվը պակասել է։ Արցախի բրենդը հիմնականում Երևան են տանում, մեծ քանակով, ունեն նաև հիմնական հաճախորդներ։ 

Կանաչի մատակարարողների ցանկում փոփոխություն է տեղի ունեցել, շատ են հադրութցիներն ու թշնամու վերահսկողության տակ հայտնված մյուս բնակավայրերից տեղահանվածները։ 

Նորագյուղում հաստատված Ազոխ գյուղի բնակիչ տիկին Նելլին արդեն հասցրել է տնամերձում կանաչեղեն ցանել ու ժենգյալով հացի լցոնը մի քանի անգամ տրամադրել է շուկայում ժենգյալով հաց թխողներին։ 

«Տանտերն ասում է՝ իմ ձեռքին տնամերձում ոչինչ չէր աճում։ Մշակել է պետք, ես Ազոխում խաղողի այգի եմ թողել, վերջին բերքը սեպտեմբերի 26-ին եմ հավաքել։ Հիմա այս մի փոքր հողակտորում միայն կանաչի ու բանջարեղեն կարող եմ աճեցնել»,- ասում է նա։ 

Կատակում է նույնիսկ այս ոչ միանշանակ իրավիճակում․ «Թոռս ասում է՝ Հադրութից միայն մի «ս» է մնացել (նկատի ունի Հադրութի բարբառը, որում բառերի վերջին «ս» տառ են ավելացնում), ափսոսում եմ նրա դպրոցական հագուստի համար, որ այդպես էլ կարգին չհասցրեց հագնել, թողել եմ աթոռին՝ խնամքով արդուկած»: 

Ազոխից հիշողությունն է մնացել, ասում է՝ տուրիստներ շատ էին գալիս, գալիս էին Ազոխի քարանձավը տեսնելու։ 

«Իմ տունը հենց քարանձավի դիմաց էր, այն կա, կանգուն է։ Էն օրը տեսանյութ էին դրել թուրքերը, տեսել եմ։ Վերադառնալ եմ ուզում, ես իմ տունն եմ ուզում»,- ասում է ազոխեցի կինը։ 

Հադրութի հրաշալիքներից մեկն էլ Տողի մելիքական ապարանքն էր, որտեղ բազմիցս գինու փառատոներ են կազմակերպվել։ Դե իսկ գինիների գինին «Կատարո»-ն էր, որի անունը հայտնի լեռան՝ Կատարո-Դիզափայտի փառքի պսակն էր կրում։ 

Պատերազմի հետևանքով Արցախը կորցրեց իր տարածքի երեք քառորդը, այժմ հանրահայտ զբոսաշրջային վայրերի զգալի մասը թշնամու վերահսկողության տակ է։ Զբոսաշրջության զարգացման հեռանկարով փորձում են հանրահռչակել համեմատաբար քիչ հայտնի հուշարձանները։ 

Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալության տնօրեն Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ դրանք ոչ պակաս կարևոր հոգևոր կենտրոններ են, ինչպիսիք, օրինակ՝ Հակոբավանքը, Ուլուբաբի Պտկեսպերք վանքը, Բրի Եղցի վանքը՝ Մարտունու շրջանում, բազմաթիվ այլ վայրեր, որոնց հանրահռչակման համար որոշակի աշխատանք կատարվում է։ 

Վերջերս Արցախ ժամանած Հայաստանի տուրիզմի զարգացման ջատագովները պաշտպանում են այդ քաղաքականությունը․ «Ես կարծում եմ, որ բոլոր կողմերը գիտակցում են և պետք է գիտակցեն, որ Արցախում զբոսաշրջություն պետք է լինի և կարող է լինել»,- ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ 

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջային կոմիտեի գլխավոր քարտուղար Մարի Գրիգորյանն էլ այն միտքն է առաջ տանում, որ համավարակի ու այլ ֆորսմաժորային իրավիճակներում կարելի է ու պետք է փոխել աշխատանքի ուղղվածությունը․ 

«Հիմնական ուղղվածությունը ակտիվ մարքեթինգային քաղաքականությունն է։ Արդեն հասցրել ենք երկու ցուցահանդեսի մասնակցել, որոնցից մեկը աշխարհում հայտնի զբոսաշրջային միջոցառումներից մեկն է՝ Բեռլինի ցուցահանդեսը, որին օնլայն ռեժիմով ենք մասնակցել»: 

Բեռլինյան ցուցահանդեսներին մասնակցելու փորձ Արցախում ունեն, Սերգեյ Շահվերդյանը մեկ անգամ չէ գլխավորել մեր պատվիրակությունները արտերկրում ու սովոր է հարևանների վայրագություններին պատասխան տալ նաև այնտեղ։ 

Այսօր նա երկու կարևոր խնդիր է առանձնացնում, որոնց լուծմանը, անշուշտ, նաև այդ ցուցահանդեսներին մասնակցելը կնպաստեր․ «Թիվ 1 խնդիրը այսօր Հայաստանի մեր հայրենակիցներին ցույց տալն է, որ կարելի է շարունակել գալ Արցախ, ինչպես մեկ տարի առաջ։ Թիվ 2 խնդիրը մարդկանց մեջ անվտանգության զգացումը վերականգնելն է»: 

Հարցը ակտիվ համացանցային քննարկման թեմա է, նրանք, ովքեր գեթ մեկ անգամ եղել են Արցախում, կրկին այցելելու ցանկություն ունեն։ Սակայն համոզված չեն, որ նույն տրամադրություններով կհեռանան։ Այստեղ շատ բան է փոխվել․ ճիշտ է, բնության հմայքն ու մարդկանց հյուրասեր բնույթը նույնն են մնացել։ 

Մարինե Մկրտչյան

Արցախ

MediaLab.am