Այդ տարօրինակ ու անսպասելի, հիանալի ու աղետալի հայական ուտեստ խաշը՝ օտարեկրացի փեսաների աչքերով. «Ալամեզոն» Բլոգ

Այդ տարօրինակ ու անսպասելի, հիանալի ու աղետալի հայական ուտեստ խաշը՝ օտարեկրացի փեսաների աչքերով. «Ալամեզոն» Բլոգ
Այդ տարօրինակ ու անսպասելի, հիանալի ու աղետալի հայական ուտեստ խաշը՝ օտարեկրացի փեսաների աչքերով. «Ալամեզոն» Բլոգ

Այս տարի նոյեմբերյան հենց առաջին ցրտերի հետ մտքիս եկավ, թե բա խաշի սեզոնն է բացվել Հայաստանում, ու այդ օրից սկսած ֆեյսբուքյան էջս լցվեց ընկերներիս տեղադրած խաշի նկարներով։ Շատերն են խաշ սիրում, շատերը համարում են գաստրոնոմիկ աղետ։

Մտածեցի՝ հարցնեմ օտարերկրացիներին, ավելի ճիշտ հայուհիների օտարերկրյա փեսաներին, թե ինչպես են իրենք վերաբերվում հայկական այս արտասովոր ուտեստին և, ընդհանրապես, հայկական խոհանոցին, արդյունքում ստացվեց հետաքրքիր տեսակետներ մեր խոհանոցի մասին:

Օմեր, Հունաստան

Խաշին փաստորեն ծանոթ էի, նման ուտեստ մենք էլ ունենք, կոչվում է պացաս։ Բայց շատ զարմացա, երբ տեսա՝ ինչպես է կինս՝ Տաթևը, խաշը ձեռքով ուտում։ Ամուսնությունից հետո, իհարկե, պացասը գնաց, հիմա մենք միայն խաշ ենք ուտում։ Թեև դեռ չեմ եղել Հայաստանում, կնոջս շնորհիվ ծանոթ եմ հայկական խոհանոցին։ Աղցաններ, տոլման, քաղցրավենիքը, հատկապես մեղրով տորթն եմ շատ սիրում։ Թերևս ամենատարօրինակը ինձ համար հայկական Զատկի փլավն է, քաղցրը բրնձի հետ ինձ համար անսովոր էր, երկու գդալ կերա, հետո, որ կնոջս չնեղացնեմ, ասեցի՝ կլինի՞ իմ բաժինը հետո ուտեմ։ Կինս տարբեր ազգային խոհանոցների ուտեստներ է պատրաստում, բայց, իհարկե, առաջին տեղում է հայկականը, որն իսկապես շատ եմ սիրում։

Ալեքսանդրը և Ալլան

Ալեքսանդր, Գերմանիա

Չնայած խաշ չեմ սիրում, այնուամենայնիվ, հարգում եմ հայկական խոհանոցի այս արտասովոր ավանդույթը։ Ընդհանրապես, ինչ կնոջս հանդիպել եմ, խուսափում եմ սխտորով ցանկացած ուտեստից… դե, որ հետո կնոջս կարողանամ համբուրել: Եղել եմ Հայաստանում, ծանոթ եմ հայկական խոհանոցի գրեթե բոլոր ուտեստներին, բայց ինձ համար ամենահամովը հայկական խորովածն է, թաթախված լավաշով, բանջարեղենով ը՜մմ, ու թեև կինս պատրաստում է հայկական ուտեստներ, բայց, մեկ է, խորովածն ինձ համար լավագույնն է մնում։

Էմմանուել, Ֆրանսիա

Խաշ երբեք չեմ փորձել, նույնիսկ չգիտեմ ինչ է, չնայած մի քանի անգամ արդեն եղել եմ Հայաստանում։ Ամենաշատը իշխան ձկան խորովածն եմ սիրում։ Մեր խոհանոցում հիմնականում կինս՝ Արևիկն է պատրաստում, և ամենաշատը կաղամբով տոլման եմ սիրում։ Հայկական կերակուրներ սիրում եմ իհարկե, բայց ցավալի է, որ Հայաստանում բոլոր ռեստորանների ճաշացանկը միանման է, ընտրության մեծ հնարավորություն չկա։

Բորիս, Սլովենիա

Ես ազգությամբ խորվաթ եմ, կինս՝ հայ, ահա և ընտանիք ենք կազմել ու ապրում ենք Սլովենիայում։ Հայաստանում արդեն եղել եմ և ամենաշատը սիրեցի հայկական խոհանոցի խորովածը, խեցգետինը, ձուկը և, իհարկե, լավաշը։ Խաշ չեմ փորձել, ճիշտն ասած, երբ կինս նկարագրեց, թե ինչպես են այն պատրաստում, ասեցի, ես էդ ուտողը չեմ, չնայած կինս վստահ է, որ կհավանեմ, եթե փորձեմ… եթե… Էլմիրան հայկական խոհանոցի ուտեստներ հաճախ չի պատրաստում, բայց ամենաշատը երևի թե հայկական խմորեղենն եմ սիրում։

Քրիստիան, Գերմանիա

Կինս՝ Շուշանը, ինձ վաղուց հայաֆիկացրել է։ Շատ հաճախ լինում ենք Հայաստանում, բնականաբար, մասնակցում հայկական կերուխումների։ Խաշ էնքան էլ չեմ սիրում, բայց շատ եմ սիրում խաշի սեղանը և հայ ընկերներիս հետ ընկերակցությունը։ Ընդհանրապես, շատ հայ ընկերներ ունեմ ու անգամ պատիվ եմ ունեմ հայ ընտանիքի կնքահայր լինել։ Հայկական ուտեստներից ամենատարօրինակը թերևս սպասն է, որ երբեք չեմ փորձի։ Սիրում եմ խորովածը, իսկ կնոջս պատրաստած հայկական ուտեստներից սիրում եմ տոլման, կարտոֆիլը հացով, ամառային աղցանը, պոնչիկ, բլինչիկ և այլն:

Էնցո, Իտալիա

Ւնձ համար ապուրներ ու ջրիկ ճաշեր գոյություն չունեն, չեմ պատկերացնում, որ երբևէ կփորձեմ խաշ, բայց երբ Հայաստանում էի, այն էլ՝ Նոր տարվա տոնակատարումների ժամանակ, պարզապես հիացած էի նոր տարվա սեղանով, այնքան բազմազան տեսականի կար, սեղանը պայթում էր առատությունից։ Տեսա նաև, ոնց են թոնրի մեջ լավաշ թխում, շատ համեղ էր, կինս հաճախ է պատրաստում տոլմա, շատ եմ սիրում հենց այդ հայկական կերակուրը։

Գայանե եւ Արթուր

Արթուր, Ուզբեկստան

Չնայած հայրս ազգությամբ հայ է եղել, ես մեծացել եմ Հայաստանից հեռու՝ Ուզբեկստանում, մայրս ուզբեկ է, տանն ուզբեկական ուտելիքներն են գերակշռել։ Երբ ամուսնացա Գայանեի հետ, հիմա էլ հնարավորինս հայկական ենք ուտում։ Խաշ փորձել եմ, բայց չարժեր առավոտյան վաղ արթնանալ ուտելու համար։ Չեմ սիրում հարիսան, տարօրինակ տեքստուրա ունի։ Իսկ տոլման և լահմաջոն ամենահամեղն են։

Լեշեկ, Լեհաստան

Հայաստանում միշտ եղել եմ ամռանը, կարծես թե բախտս բերել է, այդ սեզոնին խաշ չեն փորձում, չէ՞։ Իսկ ընդանրապես, հայկական խոհանոցը շատ բազմազան է, շատ սիրեցի խորովածը, բաստուրման, սուջուխը, երբեք չէի փորձել մարինացված շուշան, բամիա, մեզ մոտ նման բաներ չկան։ Կինս հաճախ է պատրաստում հայկական կերակուրներ, երբեմն որևէ չհաջողված, տարօրինակ կերակուր մատուցելիս ասում է՝ բա, դա հայկական է, էդ դեպքում կատակում եմ, չէ ՛, քո սարքած հայկականը չեմ սիրում:

Աքսել, Ֆրանսիա

Հայաստանում ընդհանուր առմամբ կես տարի ապրել եմ, ասել՝ չեմ սիրում հայկական խոհանոցը, սխալ կլինի, պարզապես դժվար է ինձ համար անցում անել լրիվ ուրիշ խոհանոց։ Հայկական տոլման եմ հավանել, դե, իսկ առավոտյան հաց, պանիր, կանաչի և հավկիթ ուտելը նորություն էր, հավանեցի։ Կինս տարբեր ազգային խոհանոցների ուտեստներ է պատրաստում, բայց քանի որ չեմ սիրում ապուրներ, կրեմով տորթեր, դրա համար էլ երևի թե քիչ եմ համտեսում հայկականը։ Ընդհանրապես, կնոջս հաճախ եմ հորդորում՝ երկար ժամանակ չծախսել խոհանոցային գործերի վրա, իսկ հայկական խոհանոցը շատ ժամանակ է խլում։ Դրա փոխարեն կարող է իր օրն ավելի հետաքրքիր զբաղմունքով անցկացնել:

Դիանան եւ Միրոն

Միրոն, Ուկրաինա

Խաշը չհավանեցի, յուրահատուկ է, բայց խաշի սեղանը, ընդհանրապես հայկական սեղանը շատ եմ սիրում։ Զարմացնում է նախուտեստների, պանրի ու կանաչու մեծ տեսականին հայկական սեղանին։ Սիրում եմ Հայաստանը, այնպես որ, ամուսնությունից հետո տեղափոխվեցինք և ապրում ենք Հայաստանում։ Խոհանոցում հիմնականում կնոջս մայրն է պատրաստում, բնականաբար, հաճախակի է պատրաստում հայկական կերակուրներ։ Նրա պատրաստածից տոլման եմ սիրում, շատ եմ սիրում, չէ, իսկապես շատ-շատ եմ սիրում տոլման:

Խաշի եւ սեղանի լուսանկարնեը՝ khash.org

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog