«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձում հայտարարել է, որ Հայաստանն այժմ կարիք չունի ընտրելու ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև, որովհետև դրանց օրակարգերը դեռ համընկնում են: Երբ կդադարեն այդ համընկնումները, այդ ժամանակ էլ ընտրությունը կկատարվի: Ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյանի հայտարարությունը, ի՞նչ համընկնումների մասին է խոսքը:
– Այո՛, հասկանալի է, որ անհնար է միաժամանակ լինել երկու տարբեր տնտեսական միությունների անդամ, և սա խիստ տրամաբանական է ու կապ չունի՝ սա Ռուսաստա՞նն է ասում, թե ԵՄ-ն: Սա մի պարզ ճշմարտություն է, որը կրկնելու կամ բարձրաձայնելու կարիք չկա, բայց այդ կարիքն առաջանում է, որովհետև պաշտոնական Երևանը խաղում է սրա վրա, ու այդ խաղը, բնականաբար, առաջացնում է նաև արձագանք Ռուսաստանից: Խաղում է այն իմաստով, որ պատրաստվում է դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց ու գնալ դեպի ԵՄ:
Սա, կրկնեմ, խաղ է ու ոչ թե իրական պրոցես, որովհետև իրական պրոցեսի նշան այս գործընթացը չի պարունակում: Այս տեսանկյունից Ռուսաստանն էլ իր հերթին է արձագանքում այս խաղին՝ պարզապես փորձելով որոշակի իմաստով խաղը պահել վերահսկելիության դաշտում: Սա է պատկերը, ու այս պատկերը, իհարկե, Նիկոլ Փաշինյանը կխաղարկի առնվազն մինչև ընտրական պրոցեսի ավարտը, հետո արդեն կգործի ըստ իրավիճակի:
– Այդ խաղի իմաստը ո՞րն է, եթե դա խաղ է:
– Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես քարոզչական էական շեշտադրում է անում այդ հակառուսականության տոնայնության վրա, իհարկե, ինքն այդ մասին ոչ միայն չի խոսում, այլ նաև լրիվ հակառակն է խոսում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունը աննախադեպ մակարդակի վրա է, բայց իր թիմի պատգամավորներն ու նաև իշխանամերձ արևմտամետ քաղաքացիական ու քաղաքական շրջանակները ակտիվորեն գեներացնում են հենց այդ միտքը՝ ոչ առանց Նիկոլ Փաշինյանի հավանության, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դուրս է բերում Ռուսաստանի ազդեցությունից ու տանում է դեպի ԵՄ անդամակցություն:
Սա, բնականաբար, պետք է շարունակել մինչև ընտրական գործընթացի ավարտ, որովհետև ձայների որոշակի մաս է ապահովում, ու Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ կերպ խաղալ հակառուսական այն տրամադրությունների վրա, որ կան հասարակության որոշակի շերտում, ու որոնք իհարկե ունեն որոշակի օբյեկտիվ հիմքեր, հաշվի առնելով Ռուսաստանի քաղաքականության այն սխալները, որ գործվել են վերջին տասնամյակում և ավելի: Սա է ողջ տրամաբանությունը, դրանով Նիկոլ Փաշինյանը այլ քաղաքական խնդիրներ ևս լուծում է, որքան էլ տարօրինակ հնչի, խնդիրներ, որոնց լուծումը նաև բավարարում է Ռուսաստանին:
Այո՛, Հայաստանի այս խաղը ԵՄ-ի ուղղությամբ Ռուսաստանին բավարարում է նրանով, որ թույլ է տալիս Ռուսաստանը դուրս բերել տարածաշրջանի կայունության համար անմիջական պատասխանատվության դաշտից և միևնույն ժամանակ այդ դաշտ բերել ԵՄ-ին, այն ԵՄ-ին, որը Կովկասը դիտարկում էր Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու ուղղությամբ՝ ուկրաինական պատերազմի համատեքստում: Ու երբ Հայաստանը ԵՄ-ի հետ այսպես ասած հարաբերության խորացման պրոցես է ծավալում, զգալիորեն իմիտացիայով, բայց, այդուհանդերձ ծավալում է, սա որոշակիորեն կապում է ԵՄ-ի ձեռքերը:
ԵՄ-ն իհարկե ունի կասկածներ, բայց պաշտոնական Երևանը այս տեսանկյունից խաղում է այն դինամիկայով , որ Բրյուսելի փաստարկները այնքան էլ շատ չեն: Սա է տեղի ունենում արդեն ավելի բարձր, ավելի ընդգրկուն քաղաքական մակարդակով՝ եթե քարոզչականից դուրս գանք: Պրոցեսի ընդհանուր տրամաբանությունը բավարարում է Ռուսաստանին, նրա խնդիրն է ընդամենը թույլ չտալ, որ գործընթացն իր համար լինի անվերահսկելի, ու ժամանակ առ ժամանակ կարմիր գծերի հիշեցումն ունի հենց այդ նպատակը:
– Ստացվում է, որ նաև անիմա՞ստ է քննարկել, թե ինչ ընտրություն կկատարի հայկական կողմը, եթե ասում եք, որ սա խաղ է:
– Երբ Փաշինյանը խոսում է ընտրության մասին, բնականաբար դա բացատրությունն է այն հարցադրումների, թե ինչպե՞ս ենք համատեղում: Բնական է, ինչ-որ բացատրություն պետք է տա, ու այդ բացատրությունը հետևյալն է. քանի դեռ չկա անմիջական ընտրության իրավիճակ,մենք համատեղում ենք: Փաշինյանի պատասխանը տրամաբանական է, բայց, իհարկե, Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իրավիճակը երբեք չի գալու այդ ընտրության կետին առաջին հերթին այն պարզ պատճառով, որ ԵՄ-ն չունի Հայաստանի անդամության ցանկություն:
Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն անգամ Ուկրաինայի հարցում չի կարող քաղաքական ընդհանուր որոշման գալ ու դա Ուկրաինայի պարագայում, որն անմիջականորեն սահմանակից է ԵՄ-ին: Կովկասը ներառել ԵՄ-ի կազմ՝ առանց Թուրքիայի անդամության, նշանակում է ունենալ անկլավ, հիմա, ԵՄ-ին որքանո՞վ է ձեռնտու ունենալ անկլավ Իրանի, Ռուսաստանի ու նաև Ադրբեջանի, հեռակա իմաստով նաև՝ Չինաստանի, որոշակի շրջափակման պայմաններում: Այդ ամենի հետնաբակում ունենալ անկլավ, սա ԵՄ-ի համար ակտիվ հնարավորությո՞ւն է, թե՞ հակառակը:
– Պարո՛ն Բադալյան, եթե հունիսի 7-ից հետո ՔՊ-ն կրկին դառնում է իշխանություն Հայաստանում, Փաշինյանը ձեր ասած այդ խաղը էլի կշարունակի՞, թե՞ ոչ:
– Ընդհանուր տրամաբանությամբ, կարծում եմ՝ կշարունակվի, ինչ-որ բեկումնային փոփոխություններ չեն լինի: Փոփոխություններն արդեն կախված կլինեն թերևս նրանից, թե խոշոր խաղացողների միջև փոխհարաբերությունները Կովկասի հարցում ի՛նչ տրամաբանությամբ կզարգանան:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















