ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը

Հայ Ազգային Կոնգրեսի վարչության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

Այսօր՝ մայիսի 18-ին, կայացավ Հայ Ազգային Կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որը քննարկեց Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Համակողմանի քննարկման արդյունքում, ընդունվել է հետևյալ որոշումը․

Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

Այդ կապակցությամբ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը ընդունել է նաև հետևյալ հայտարարությունը․

Հայաստանը գտնվում է ծանրագույն վիճակում։ Վտանգված են հայոց պետականությունը, քաղաքացիների ապահովությունը, երկրի սահմանները և տարածքային ամբողջականությունը, Արցախի գոյությունը։

Գործող իշխանությունը, ծանրագույն ռազմական պարտության տանելով երկիրն ու ժողովրդին, ապացուցել է պետությունը կառավարելու իր անկարողությունը։ Առաջացած կառավարման ճգնաժամը առավել բարդանում է երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով և լարված հակամարտությամբ։

Ժողովրդին ըստ էության առաջարկվում է ընտրություն կառավարման գործը ձախողած իշխանության և քրեա-օլիգարխիկ կեղեքիչ համակարգի վերականգնմանը ձգտող ուժերի միջև։ Հանրության մեծամասնությունը հուսահատված է նման ընտրանքի հեռանկարից և չի դիտարկում ընտրությունները՝ որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։ 

Նման իրավիճակում, Հայ Ազգային Կոնգրեսը, առաջնորդվելով պետության և ժողովրդի ճակատագրի համար իր պատասխանատվությամբ և անսալով հասարակության բազմազան հատվածներից եկող ազդակներին, որոշում է մասնակցել Ազգային ժողովի՝ հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրություններին։

Մենք վստահ ենք, որ Հայաստանում հնարավոր է ձևավորել կարող և արդար իշխանություն։ Հայաստանում պետք է նորից հաղթեն իրատեսությունը, ողջախոհությունը, քաղաքական ռացիոնալ միտքը, ժողովրդի հետ ազնիվ լինելու և նրան ճշմարտությունը ներկայացնելու համարձակությունը։ Միայն այդ դեպքում է հնարավոր իրագործել ժողովրդի իղձերը և բռնել առաջընթացի ուղին։