Վետո. Ադրբեջանում Մեթյու Բրայզային ԱՄՆ դեսպան նշանակելու հարցը կրկին խոչընդոտների առաջ հայամետ սենատորների կողմից

Վետո. Ադրբեջանում Մեթյու Բրայզային ԱՄՆ դեսպան նշանակելու հարցը կրկին խոչընդոտների առաջ հայամետ սենատորների կողմից
Վետո. Ադրբեջանում Մեթյու Բրայզային ԱՄՆ դեսպան նշանակելու հարցը կրկին խոչընդոտների առաջ հայամետ սենատորների կողմից

Թեև նախօրեին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակմանը, այդուհանդերձ, նրա թեկնածությունը դեռևս վերջնականապես չի հաստատվել:
Նախօրեին Սենատում Բրայզայի թեկնածությունը հաստատվելուց հետո (հանձնաժողովի 19 անդամներից 17-ը կողմ են քվեարկել, դեմ են արտահայտվել միայն երկու հայամետ սենատորներ) դեմ քվեարկած սենատորներից մեկը` Բարբարա Բոքսերը, վետո է կիրառել` արգելափակելով Մեթյու Բրայզայի թեկնածությունը:
Իսկ սա նշանակում է, որ ԱՄՆ Սենատի լիագումար նիստում չի քննարկվելու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակման հարցը:

Խոչընդոտներով ուղեկցվող Բրայզայի նշանակման հարցը արդեն տևական ժամանակ է` Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ակտիվ լոբբիստական աշխատանքի արդյունք է:

Սեպտեմբերի 22-ին Հայ դատի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանն այդ քայլից հետո երախտագիտություն է հայտնել Բարբարա Բոքսերին և մյուս հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսին, որը Բրայզայի թեկնածության դեմ արտահայտված երկրորդ սենատորն է:

«Սենատոր Բոքսերի շնորհիվ Միացյալ Նահանգների դիվանագիտությունն այսօր խուսափեց ձախողումից: Լուրջ սխալ կլիներ` ինչպես Միացյալ Նահանգների ռազմավարական շահերի, այնպես էլ Կովկասում հարատև խաղաղության հույսերի առումով, Մեթյու Բրայզային Բաքու ուղարկելը` Ադրբեջանի ղեկավարների կողմից պատերազմի վերսկսման ահագնացող սպառնալիքների լույսի ներքո»,- ասել է Համբարյանը:

Հայ դատի գրասենյակի տնօրենը հայտարարել է նաև, թե հաշվի առնելով Բրայզայի գործունեությունը` նա հստակաբար «կարող էր լինել ոչ այն դիվանագետը, ոչ պատշաճ ժամանակ և ոչ պատշաճ պաշտոնում»:

Նշենք, որ չնայած այս իրադարձությունների նկատմամբ Հայաստանում տիրող անթաքույց հետաքրքրությանը, այդուհանդերձ, քաղաքական ուժերը չեն շտապում գնահատական տալ Բրայզայի` Ադրբեջանում դեսպանի պաշտոնում նշանակել-չնշանակելու հարցին:

ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Մեդիալաբին» ասաց, որ եթե տարբերություն չկա, թե ով կլինի դեսպանը, քանի որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը որոշվում է նախագահի և պետքարտուղարի կողմից, «Սենատը բոլոր դեսպաններին հաստատելու կարիք չպիտի ունենար»:

«Բայց այդ հաստատելու կարիքը կա, քանի որ քաղաքականությունը` քաղաքականություն, բայց անհատները դերակատարություն ունեն: Այնպես որ, այդ պնդումներն այնքան էլ ճիշտ չեն»,- նշեց Կիրո Մանոյանը:

Մանոյանի խոսքով` իհարկե, դեսպան նշանակելու հարցը ԱՄՆ ներքին խնդիրն է, և ինքը` որպես Հայաստանում գործող կազմակերպության ներկայացուցիչ, չի կարող խառնվել այդ ներքին գործերին, բայց, այնուամենայնիվ, Մեթյու Բրայզայի տիկնոջ կապերն «ինչ-որ իմաստով մտահոգությունների տեղիք են տալիս»:

Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզայի կինը` Զեյնո Բարանը, ազգությամբ թուրք է:

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Մեդիալաբին» ասաց, որ որևէ երկրում դեսպան նշանակել-չնշանակելու հարցը ԱՄՆ ներքին գործն է:

«Բայց եթե հաշվի առնենք Մեթյու Բրայզայի անձը, որը երկար ժամանակ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և հաշվի առնելով այդ տարիներին նրա գործունեությունը, ապա դա կարող է ազդել նոր պաշտոնում նրա գործունեության չեզոքության վրա: Ի վերջո, չմոռանանք, որ Բրայզան` որպես համանախագահ, տիրապետում է բանակցային գործընթացի գաղտնիքներին»,- նշեց իշխող ՀՀԿ խմբակցության անդամը:

Հովհաննես Սահակյանի խոսքով` այդ իմաստով Մեթյու Բրայզայի թեկնածության արգելափակումը նորմալ է, և «գուցե այժմ ԱՄՆ իշխանությունները որոշեն մեկ այլ` ավելի անաչառ թեկնածու առաջադրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում»:

Թեև, ըստ Հովհաննես Սահակյանի, եթե անգամ ի վերջո դեսպան նշանակվի հենց Մեթյու Բրայզան, դա էապես չի փոխի հայկական կողմի գործելաոճը:

«Ամեն դեպքում մենք կգնանք մեր ճանապարհով»,- ասաց Սահակյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am