Ժողովրդավարությունն` ըստ Էդուարդ Շարմազանովի և իրականում

Ժողովրդավարությունն` ըստ Էդուարդ Շարմազանովի և իրականում
Ժողովրդավարությունն` ըստ Էդուարդ Շարմազանովի և իրականում

Մարտի 29-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարությունը առ այն, որ եթե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ժամանակ կարիք լինի, նույնիսկ կփակեն պատգամավորների մուտքը խորհրդարան, որպեսզի նրանք չկարողանան քվեարկել։

Իր մեկնաբանությունում Շարմազանովը նշել էր, որ որևէ մեկն իրավունք չունի զրկել իրեն իր քվեարկելու սահմանադրական իրավունքից, իսկ բոլոր հակասահմանադրական ու հակաօրինական գործողություններն ընդունելի չեն։ Նա նաև հայտարարել էր․ «Ժողովրդավարության հիմնական չափորոշիչը դա օրինականությունն է»։

Ոչ թե օրինականություն, այլ օրենքի գերակայություն

Այդուհանդերձ, իրականում ժողովրդավարության ոչ թե հիմնական չափորոշիչը, այլ հիմնական չափորոշիչներից մեկը դա օրինականությունը չէ, այլ օրենքի գերակայությունը։ Ըստ օրենքի գերակայության սկզբունքի՝ ոչ ոք չի կարող բարձր լինել օրենքից, և բոլորը հավասար են օրենքի առաջ: Այդուհանդերձ, Հայաստանում օրենքի գերակայության սկզբունքը սելեկտիվ կերպով է իրականացվում։ Ինչպես նշում է միջազգային «Freedom house» իրավապաշտպան կազմակերպությունը, Հայաստանում դատական իշխանությունը կոռումպացված է և գտնվում է քաղաքական ճնշման տակ, իսկ իշխանություններն ընտրովի կերպով են կիրառում օրենքը: Այլ կերպ ասած, ՀՀ իրավապահ մարմինները՝ գործադիր իշխանության վերահսկողության տակ, կամայականորեն են որոշում, թե նույն հանցանքը գործած սովորական քաղաքացին կամ, օրինակ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամը ինչպես են պատժվում։

Օրինական հակաժողովրդավարություն

Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հենց օրենքն է եղել հակաժողովրդավարական: Օրինակ, 19-րդ դարում ԱՄՆ-ում օրինական էր ստրկատիրությունը, իսկ Օսմանյան Թուրքիայում հայերի իրավունքների սահմանափակումները ևս օրինական էին։ Ստալինյան բռնապետության տարիներին հայ մտավորականության մասսայական ոչնչացումն ու աքսորը ևս օրինականության վրա էր հիմնված՝ ամեն ինչ արվում էր օրենքով։ Հյուսիսային Կորեայում էլ այժմ օրենքով ամրագրված է, որ իշխանությունների սահմանածից այլ սանրվածք ունեցողները պետք է աքսորվեն ուղղիչ աշխատանքային ճամբարներ:

Հետևաբար, օրինականությունը միշտ չէ, որ ժողովրդավարություն է։ Այլ կերպ ասած՝ Էդուարդ Շարմազանովը, աղավաղելով հասկացությունները փորձում է օրինականությունը ներկայացնել որպես ժողովրդավարության հիմնական ցուցանիշ՝ քաղաքական նպատակներով։

Աղբյուրը՝ sut.am