«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, վերջին շրջանում շատ է խոսվում իշխանության ներսում տարբեր թևերի գոյության մասին, այս օրերին էլ լսում ենք տարբեր խոսակցություններ, քննարկումներ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, այլ իշխանական պատգամավորների վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում իշխանության ներսում։
– Ընդհանրապես պերսոնիֆիկացված ավտորիտար համակարգերում, ինչպիսին Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, նման բաները սովորական են, այսինքն՝ պարբերաբար թե՛ թիմի ներսում է սկսվում գզվռտոց, որովհետև թիմի տարբեր սեգմենտներ ձգտում են առաջնորդին ավելի հարմար դիրքավորվել, թե՛ երբեմն համակարգի ղեկավարն է վերադասավորումներ անում, ինչի հետևանքով ֆիլտրումներ են լինում։ Երրորդ՝ չմոռանանք, որ նման իշխանություններում պարբերաբար սրվում է պայքարն ազդեցության ու փողի համար:
Հիմա այս բոլոր գործոններն այս ամենում տեղ ունեն։ Մանավանդ Անդրանիկ Քոչարյանը այդ պերսոնիզացված ավտորիտարիզմի կարևոր կանոնները, գոնե արտաքուստ, սկսել էր խախտել, այսինքն՝ ինչ-որ արտոնություններ էր վերապահել իրեն՝ դիտողություններ անել պաշտոնյաներին, որը վերապահված է միայն «առաջինին», նաև ստորագրահավաքը Գրիգոր Մինասյանի դեմ, որը Փաշինյանին ձեռնտու էր մինչև այն պահը, քանի դեռ այդ նույն խումբը չէր փորձում իր թեկնածուին պարտադրել Փաշինյանին։
Այս ամեն ինչը գումարվեց իրար, ու տեղի է ունենում շատ բնական գործընթաց, ըստ երևույթին, ֆիլտրվելու հերթը հասել է Անդրանիկ Քոչարյանին։ Վերջինիս թվում էր, թե ինքն ունի ինչ-որ «արժանիքներ», օրինակ՝ ոչ պոպուլյար հանձնարարություններ է կատարել, հատկապես պատերազմի հետ կապված, Փաշինյանի նարատիվներն առաջ մղող ամենահայտնի մարդն էր, երևի նրան թվում էր՝ իրեն ավելին կարելի է, քան մյուսներին, բայց իրեն իր տեղը ցույց տվեցին: Թե ինչպիսի հանգուցալուծում կստանա, ճիշտն ասած, չգիտեմ։ Սա իշխանության ճգնաժամի հետևանք է նաև, որովհետև, սովորաբար, այդ համակարգերում բացահայտ հակասություններ դրսևորվում են, երբ իշխանությունը հայտնվում է ճգնաժամի մեջ։
– Ինչո՞ւ է իշխանությունը հայտնվել ճգնաժամի մեջ։
– Նախ՝ քաղաքականության ֆիասկոն, ինչքան էլ նրանք փորձեն վարդագույն ներկայացնել ինչ-որ բաներ, դա այդպես չէ, քաղաքականության ձախողումը ակնհայտ է։ Երբ իշխանությունն արտաքուստ կրիմինալացվում է, այսինքն՝ փողը, ազդեցության ոլորտները սկսում են խիստ կարևոր լինել, մյուս կողմից` լիդերի վարկանիշի անկում է լինում, այդ ժամանակ հակասությունները գլուխ են բարձրացնում։
Ամենակարևորը՝ չմոռանանք, որ մոտենում է 2026-ի ընտրական փուլը, իսկ այդ ժամանակ, ինչպես արդեն ասացի, բոլորը փորձում են հարմար դիրքավորվել շեֆի շուրջ։ Այս բոլորը կարող են բերել շատ լուրջ ճգնաժամի, և բոլոր ավտորիտար համակարգերում փորձում են այդ հակասությունները, գզվռտոցը քողարկել, եթե արտահոսքեր են անում մամուլին, այդտեղ մամուլի մեղքը չէ, դա նշանակում է, որ իրենք ներսում ինչ-որ բարոյական նորմեր կամ ինչ-որ անձանց հեղինակություն սկսում են չհարգել։
– Պարո՛ն Սուրենյանց, կարծում եք, Փաշինյանը կկարողանա՞ վերահսկել այդ ճգնաժամը, թե՞ այն ավելի կխորանա։
– Չէ, Փաշինյանը չի կարողանալու վերահսկել իշխանության առկա ճգնաժամը, այն ավելի է խորանալու արտաքին խնդիրներին զուգահեռ։ Մեր իշխանության ներկայացուցիչների մոտ երկու հակասական զգացում կա․ նրանք բոլորը հասկանում են, որ առանց Փաշինյանի իրենք ոչ մեկ են, երկրորդ՝ որ Փաշինյանի հավանական անկման դեպքում ճիշտ կլինի հնարավորինս սահմանազատված լինեն Փաշինյանից։
Այս երկու իրարամերժ զգացումը իրականում կա ու հնարավոր չէ վերացնել, ու բերելու է նրան, որ ինչ-որ պահից նա սկսելու է չկառավարել ռիսկերը, որն էլ ավտոմատ բերելու է իշխանության ճգնաժամի խորացման։ Հնարավոր չէ այս ճգնաժամը կոսմետիկ դետալներով կարգավորել կամ լուծել։
Տեսնում ենք, չէ՞, որ միայն այդ ճամբարում չէ պրոբլեմը․ Ազգային ժողովի նախագահի ամբարտավանությունն ենք տեսնում, որը վաղ թե ուշ թիմի այլ սեգմենտի կողմից բերելու է շատ լուրջ հակազդեցության: Տեսնում ենք, որ այդ քաղաքային կոալիցիան, մեղմ ասած, արդյունավետ չի աշխատում, ու քաղաքային կառավարումը խոր ճգնաժամի մեջ է։ Տեսնում ենք, որ ՊՆ-ի շուրջ միշտ լարվածություն է՝ մահվան դեպքերի հետ կապված, այսինքն՝ այս բոլորը մի մեծ ճգնաժամի լոկալ դրսևորումներ են։
– Ձեր նշած այս բոլոր խնդիրները հնարավո՞ր է, որ բերեն թիմի ներսից պառակտման, ու դա լինի մինչև 2026 թվականի հերթական ընտրությունները։
– Եթե արտաքին լուրջ ֆորս մաժոր եղավ, բանը չի հասնի մինչև 2026 թվական, այդ դեպքում այս իշխանության բուրգը ժամերի ընթացքում ուղղակի կփլուզվի, բայց եթե արտաքին ֆորս մաժոր չեղավ, ապա ինքնապաշտպանության բնազդը նրանց տանելու է նրան, որ մինչև 2026-ը, այնուամենայնիվ, մեծ ճաքեր չլինեն, ու նրանք փորձեն էլի վերարտադրել իրենց իշխանությունը, բայց այդ վերարտադրության գինը կարող է շատ թանկ լինել։ Այդ վերարտադրությունը, եթե նույնիսկ տեղի ունենա, կարող է բերել իշխանության կոլապսի, որովհետև եթե դա եղավ շատ ծանր գնով՝ կեղծիքի, ընդդիմությանը ճնշելու, փողոցը ճնշելու, բերելու է լարվածության աճի իշխանության ներսում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am