«Ապօրինությունների, բեսպրեդելի մթնոլորտը, որը տարիների ընթացքում հաստատվել է Արցախում, պետք է վերանա». Տիգրան Գրիգորյանը՝ տեղի ունեցածի մասին

«Ապօրինությունների, բեսպրեդելի մթնոլորտը, որը տարիների ընթացքում հաստատվել է Արցախում, պետք է վերանա». Տիգրան Գրիգորյանը՝ տեղի ունեցածի մասին
«Ապօրինությունների, բեսպրեդելի մթնոլորտը, որը տարիների ընթացքում հաստատվել է Արցախում, պետք է վերանա». Տիգրան Գրիգորյանը՝ տեղի ունեցածի մասին

Արցախում տեղի ունեցող բողոքի ակցիաներով մարդիկ փորձում են երկրում ժողովրդավարություն հաստատել և պաշտպանել իրենց իրավունքները: Այս ակցիաների վրա անդրադարձ են ունեցել նաև հայաստանյան հայտնի դեպքերը, և Արցախի բնակիչները ևս փորձում են փոփոխություններ անել երկրում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը:

«Ես վստահ եմ, որ եթե հայաստանյան հայտնի դեպքերը տեղի չունենային, նույնիսկ երեկվա դեպքից հետո Արցախում այսպիսի ակցիաներ չէին անցկացվի: Արցախը մեծ հաշվով Հայաստանի մաս է: Իսկ Հայաստանում իրողություն է փոխվել, մթնոլորտ է փոխվել, և մարդիկ այլևս պատրաստ չեն հանդուրժել այն վերաբերմունքը, որը գոյություն ուներ տարիների ընթացքում»,- «Մեդիալաբին» ասում է Տիգրան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում ԱԱԾ երկու հատուկ ջոկատայիններ իրենց կողմնակիցներով դաժան ծեծի են ենթարկելու երկու քաղաքացու: Ականատեսների վկայությամբ՝ տարածքում գտնվող ոստիկանները չեն միջամտել տեղի ունեցածին: Այս միջադեպից վրդովված արցախցիները երեկ գիշերվանից բողոքի ակցիաներ են իրականացնում: Արցախի գլխավոր դատախազությունը հրապարակել է ծեծկռտուքին մասնակցած ԱԱԾ աշխատակիցների անունները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ: Արցախի իշխանությունները խոստանում են, որ բոլոր մեղավորները պատժի կենթարկվեն:

Բողոքի ակցիայի մասնակիցները, սակայն, ընդլայնել են իրենց պահանջները: Տիգրան Գրիգորյանն ասում է, որ այսօր արդեն ցուցարարները պահանջում են բոլոր ուժային մարմինների ղեկավարների հրաժարականը, բացի բանակի ղեկավարությունից: Չի բացառվում, որ նաև իշխանությունների հրաժարականի պահանջ դրվի:

«Այս փուլում դեռ պահանջը դա է՝ բոլոր ուժային կառույցների ղեկավարների հրաժարական: Ցուցարարներից բաղկացած պատվիրակությունը հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ: Կարծում եմ՝ եթե այս պահանջները չկատարվեն, հավանականություն կա, որ նաև այլ պահանջներ կհնչեցվեն»,- ասաց նա:

Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ այն, որ Արցախի ուժային կառույցներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա, դա ակնհայտ է: «Ապօրինությունների, բեսպրեդելի մթնոլորտը, որը տարիների ընթացքում հաստատվել է Արցախում, պետք է վերանա: Այդ ուժային կառույցների նույնիսկ շարքային աշխատակիցներն անպատիժ ծեծի էին ենթարկում մարդկանց, ահաբեկում: Երեկվա միջադեպը, կարելի է ասել, միայն առիթ էր, որ այս պոռթկումը տեղի ունենար: Իսկ պատճառն այս տարիների ընթացքում կուտակված բողոքն էր»,- ասաց նա: Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ բողոքի ակցիային մասնակցողների թվում կան մարդիկ, ովքեր պատմում են իրենց հետ տեղի ունեցած դեպքերի մասին, թե ինչպես են ուժային կառույցներում իրենց անպատիժ ծեծի ենթարկել: Նրա խոսքով՝ ոչ միայն պետք է փոխվեն ուժային կառույցների ղեկավարները, այլ նաև աշխատաոճը պետք է փոխվի, երկրում տիրող մթնոլորտը պետք է փոխվի:

«Մարդիկ հենց դա են ասում, որ Արցախում որևէ մարդ, երիտասարդներն այլևս չպետք է ապրեն վախի մթնոլորտում: Ցուցարարներն ասում են՝ մենք ունենք մեկ թշնամի, և այդ թշնամին սահմանից այն կողմ է գտնվում: Ասում են՝ չենք ցանկանում ներքին թշնամիներ ունենալ»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Տիգրան Գրիգորյանը նաև ասաց, որ ըստ պաշտոնական տեղեկությունների՝ 16 մարդ է բերման ենթարկվել: Նրանցից ոմանց նկատմամբ արդեն քրեական գործեր են հարուցվել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am