Վարչական ռեսուրսն այս պահին կիրառվում է գործող իշխանության և «Հայաստան» դաշինքի օգտին, տրվում են ընտրակաշառքի խոստումներ. նախընտրական դիտարկումներ

Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ավարտին մնացել է երկու օր: Այն, որ այս քարոզարշավը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առանձնանում է գրեթե ամեն առումով, փաստում են թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական դաշտի ներկայացուցիչները:

Քարոզարշավի «առանձնահատկություններից» են անհանդուրժողական մթնոլորտի խորացումը, ատելության խոսքի տարածումը, փոխադարձ վիրավորանքներն ու հայհոյանքները: Այս ամենից զատ, այս քարոզարշավն առանձնահատուկ է նաև խախտումների առումով:

Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ և դրանից հետո դիտորդական առաքելություն իրականացնող «Ականատես» հասարակական դաշինքի ծրագրերի համակարգող Մարիամ Հովեյանը «Մեդիալաբին» ասում է, որ մայիսի 1-ից մեկնարկած իրենց դիտորդական առաքելության նախնական զեկույցն արդեն հրապարակել են, որում ներառված են այն խախտումները, որոնք կատարվել են մայիսի 1-ից մինչև հունիսի 7-ը:

Հովեյանի խոսքով՝ գործող իշխանությունը նախընտրական քարոզարշավը սկսել էր պաշտոնական մեկնարկից դեռ ամիսներ առաջ, երբ այցելում էր մարզեր:

Արձանագրված խախտումների հիմնական մասը վարչական ռեսուրսի կիրառմանն է վերաբերում, բայց, նրա խոսքով՝ այս քարոզարշավն առանձնանում է նրանով, որ վարչական ռեսուրս կիրառում է նաև ընդդիմությունը:

«Բնականաբար իշխող ուժը տիրապետում է ավելի շատ վարչական ռեսուրսների, բայց միշտ չէ, որ այդ լծակներն օգտագործվում են հենց իշխող ուժի կուսակցությանն ի նպաստ: Օրինակ՝ համայնքների ղեկավարները կամ այլ վարչական ռեսուրսների լծակ ունեցող կառավարիչները այլ կուսակցությունների օգտին են աշխատում, օրինակ՝ «Հայաստան» դաշինքի»,- ասում է Մարիամ Հովեյանը:

Դիտորդական առաքելությունն արձանագրել է նաև հանրային ծառայողներին ստիպողաբար հավաքներին մասնակցելու պարտադրանքի դեպքեր:

«Օրինակ՝ Արտաշատում, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ղեկավարը, որը միաժամանակ ընկերության ղեկավար է, աշխատակիցներին աշխատանքի ժամին բերել էր հավաքին, կամ դպրոցի տնօրեններ, մանկապարտեզի աշխատակիցներ, որոնք մեր դիտորդներին ասել էին, որ իրենց ընդամենը կես ժամ առաջ են ասել, որ պետք է գան հավաքի: Շատ են դեպքերը, երբ հանրային ծառայողներն աշխատանքի ժամերին մասնակցում կամ ուղեկցում են կուսակցությանը»:

Վարչական ռեսուրսի կիրառման դեպքերից Հովեյանը մատնանշում է նաև Հանրային հեռուստաընկերության՝ վարչապետի պաշտոնակատարի այցերը լուսաբանելու շրջանակներում, օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագրի» լոգոների, պաստառների ցուցադրությունը, ինչը դարձյալ անուղղակիորեն վարչական ռեսուրսի չարաշահում է ու քարոզչություն:

Դեպք են արձանագրել, երբ պետական միջոցների հաշվին առաջարկվել է քաղաքացիներին, օրինակ՝ լիցքավորել մեքենաները և մեկնել հավաքի, կոնկրետ Նոյեմբերյանի շրջանում է այդ դեպքը տեղի ունեցել:

Մարիամ Հովեյանն ընդգծում է, որ բացի պետական վարչական ռեսուրսից, կիրառվում է նաև մասնավոր վարչական ռեսուրս, երբ մասնավոր ընկերությունները իրենց աշխատակիցներին պարտադրում, համոզում են մասնակցել որևէ քարոզչական միջոցառման, քվեարկել այս կամ այն ուժի օգտին, այս դեպքում գործ ունենք արդեն մասնավոր վարչական ռեսուրսի կիրառման հետ, որը պարտադիր չէ, որ լինի իշխող կուսակցության օգտին:

«Հայաստան» դաշինքի օգտին ևս գրանցել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպք:

«Գորիս համայնքի Քարահունջ վարչական կենտրոնի ղեկավարը մշակույթի տան գույքը տեղափոխել է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբ, այսինքն՝ հանրային ռեսուրսները ծառայեցվել են կուսակցության նեղ քարոզչական նպատակներին»,- ասում է Հովեյանն ու հավելում, որ նմանատիպ ու այլ բնույթի դեպքերը բազմաթիվ են, որոնք բուն քարոզչության շրջանում ավելի են ինտենսիվացել:

Նրա խոսքով՝ այս պահին եղած դեպքերը վկայում են, որ հիմնականում գործող իշխանության ու «Հայաստան» դաշինքի օգտին է կիրառվում վարչական ռեսուրսը: Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունը օգտվում են նաև մարդկանց տեղից տեղ տեղափոխելու հին ու բարի ավանդույթից:

«Կոորդինացված ձևով տեղի է ունենում մարդկանց փոխադրում՝ տպավորություն ստեղծելու նպատակով, որ բազմազան հանրույթ է հետևում տվյալ քաղաքական ուժին: Միանշանակորեն ասել, որ սա վարչական ռեսուրսի չարաշահում է, չի կարելի, որովհետև պետք է ուշադրություն դարձնել, թե կիրառվող միջոցներն արդյոք հանրային ռեսուրսնե՞ր են, թե՞ ոչ: Եթե հանրային ռեսուրսներ են՝ գործ ունենք և՛ անարդար մրցակցության, և՛ վարչական ռեսուրսի չարաշահման հետ, եթե միայն կուսակցության միջոցներով կազմակերպված փոխադրումներ են, պարզապես անազնիվ մրցակցության հետ գործ ունենք»,- ասում է Մարիամ Հովեյանը:

Թեև ընտրակաշառքի խոստումների, տրամադրման վերաբերյալ խոսակցություններ անընդհատ հասնում են դիտորդական խմբին, բայց դեռ որևէ կոնկրետ դեպք՝ փաստացի ու ապացուցողական նյութերով, իրենք չեն արձանագրել:

Փոխարենը, հիշեցնենք, Գլխավոր դատախազությունը օրերս հաղորդել էր Արմավիրում և Գեղարքունիքում ընտրակաշառք խոստանալու մասին, երբ մի դեպքով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, մյուս դեպքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Մեդիալաբին» ասում է, որ ընտրակաշառքի դեպքերի ստուգումն իրականում բարդ է, և այս պահին հստակ որևէ տվյալ ասել չի կարող:

«Ահազանգերն այդքան շատ չեն, որ վիճակագրորեն ասեմ՝ մարզերի՞ց են ավելի շատ ահազանգում, թե՞ մայրաքաղաքից: Ըստ էության, երկուսի մասով էլ լսել ենք: Դեպք չի եղել, որ կաշառքի առաջարկ ստացած անձը զանգի, հիմնականում զանգահարում են կողմնակի մարդիկ»,- ասում է Այվազյանը:

Եղել են դեպքեր, երբ զանգահարողն ասել է, թե կոնկրետ որ քաղաքական ուժն է ընտրակաշառք առաջարկել, բայց Սոնա Այվազյանն ասում է, որ չեն հրապարակի այդ տեղեկությունը, քանի դեռ հարյուր տոկոսով չեն ճշտել, իսկ ճշտված տեղեկություններով քարոզարշավի ընթացքն ամփոփող զեկույցը կհրապարակվի հունիսի 18-ին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am