«Չեմ բացառում, որ կարող են լինել ուղարկված մարդիկ». Փաշինյանը խոսել է այսօր երթի և հանրահավաքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, Հանրապետության հրապարակում այսօր կայանալիք հանրահավաք կգնա երթով: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանն ասել է, որ երթը կսկսվի 17:30-ին Արցախի պողոտա-Էրեբունի փողոց խաչմերուկից:

«Հիշում եք՝ դա այն տեղն է, որտեղից 2018թ. ապրիլի 21-ին ինձ առևանգեցին ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները: Համոզված եմ՝ նրանք այսօր երթի ընթացքում կիրականացնեն իրենց ծառայությունը, և ոմանք նույնիսկ մեզ հետ կմասնակցեն քայլարշավին: Սա կլինի ազգային համերաշխության մի առանձնահատուկ դրսևորում»,- ասել է նա:

Դիմելով երթի և հանրահավաքի մասնակիցներին՝ Փաշինյանը խնդրել է ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ չպատասխանել: Նրա խոսքով՝ բոլոր կանխատեսումների համաձայն՝ այսօրվա միջոցառումների մասնակիցների թիվը մեծ է լինելու, ինչը բոլորից պահանջում է առանձնահատուկ պատասխանատվություն և զսպվածություն:

«Չեմ բացառում, որ կարող են լինել ագրեսիվության դրսևորումներ, ուղարկված մարդիկ, որոնց նպատակը կլինի սադրանքներ կազմակերպելը: Խնդրում եմ ագրեսիվության որևէ դրսևորման չպատասխանել: Իսկ եթե դա կլինի ագրեսիվություն, որին պետք է անպայման պատասխանել, խնդրում եմ դիմել ոստիկանությանը, որոնք այսօր ուժեղացված ծառայություն կիրականացնեն»,- ասել է նա:

Փաշինյանը նաև ասել է, որ Հանրապետության հրապարակում 18:30-ին մեկնարկող հանրահավաքում հանդես կգա ծավալուն ելույթով, կլինի լուրջ խոսակցություն նախորդ երեք ամիսների և ապագայի մասին: