«Նոնսենս կլիներ, եթե ՀՀԿ-ն մասնակցեր ընտրություններին, 71 տոկոսը «խփված» թիվ էր». Հայկ. Ա. Մարտիրոսյան

«Նոնսենս կլիներ, եթե ՀՀԿ-ն մասնակցեր ընտրություններին, 71 տոկոսը «խփված» թիվ էր». Հայկ. Ա. Մարտիրոսյան
«Նոնսենս կլիներ, եթե ՀՀԿ-ն մասնակցեր ընտրություններին, 71 տոկոսը «խփված» թիվ էր». Հայկ. Ա. Մարտիրոսյան
Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

– Պարո՛ն Մարտիրոսյան, խորհրդարանական ընտրություններին 71,25 տոկոս ձայն ստացած քաղաքական ուժը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին։ Սա քաղաքագիտական նոնսենս չէ՞։

– Իհարկե նոնսենս է, բայց եթե հաշվի առնենք մի պարզ իրողություն, որ դա նկարված կամ, Սերժ Սարգսյանի խոսքով՝ «խփված» թիվ է, տարօրինակ ոչինչ չկա: Այդ կուսակցության, իսկ ավելի շուտ՝ խմբավորման վարկանիշը մինուսային է: Նոնսենս կլիներ, եթե դեռ մասնակցեին:

– ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց. «ՀՀԿ-ն Երևանը հասցրեց մի բևեռի՝ հաճելի բոլորիս համար բևեռի, որը երբեք չի եղել, և գործող իշխանությունները չհաշտվեցին դրա հետ»։ Արդյոք ՀՀԿ-ն Երևանը հասցրե՞լ է հաճելի բևեռի։ Ի՞նչ ժառանգություն է թողել Տարոն Մարգարյանը հաջորդ քաղաքապետին։

– Գալուստ Սահակյանի համար` անշուշտ դա հաճելի բևեռ է: Մի բան հաստատ է, սակայն, և միանշանակ. դա իրոք բևեռ է: Անհնարինության հասնող վատ բևեռ: Մնացած առումներով` մի տեսակ չէի ուզենա մեկնաբանել այդ անձին:

– Պարո՛ն Մարտիրոսյան, առհասարակ ի՞նչ շանս կունենար ՀՀԿ-ն, եթե մասնակցեր Երևանի ավագանու ընտրություններին։

– Ոչ մի: Միայն իրենք էին իրենց օգտին քվեարկելու, և նրանք, ովքեր ուղղակի ֆինանսական և այլ շահեր ունեին՝ այդ իշխանության գոյությամբ պայմանավորված: Դա գրեթե զրոյական տոկոս է:

– Իսկ ի՞նչ շանս կունենա ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Արդյոք հենց դա՞ չէ ՀՀԿ-ի հիմնական մտահոգությունը, որ չի շտապում արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

– Բուն ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ որևէ մեկի համար սպառնալիք չէ: Այն ուղղակի այսօրվա տեսքով չի գնա ընտրությունների: Կձևափոխվեն, կձուլվեն և նոր դեմքերով կգնան, եթե գնան: Իսկ դա արդեն տհաճ հանգամանք է: Պետք էր հեղափոխության ուժով արգելել այդ կուսակցությունը: Հիմա արդեն ուշ է: Հիմա ներկայիս իշխանությունը նոր խնդիրներ է ունենալու ձևավորվող հակահեղափոխական ուժերի ջանքերի հետ կապված և իր ողջ ռեսուրսը ստիպված է լինելու ծախսել այդպիսի պայքարի վրա:

– ՀՅԴ-ն թեև ասում է, որ անվերապահորեն չի աջակցում Ռոբերտ Քոչարյանին, բայց չի էլ բացառում համագործակցությունը նրա հետ։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երկրորդ նախագահի գործոնն ընտրությունների վրա։

– Եթե նա շարունակի ազատության մեջ մնալ, հաստատ ոչ լավ: Ընդհանրապես, Քոչարյանը հանկարծ քաղաքական դիակից վերածվեց քաղաքական հարություն առածի: Դա մի ֆանտաստիկ վատ սցենար էր, որում, ցավոք, իրենց կամքից անկախ, նոր իշխանությունը իր դերը խաղաց: Եվ ամեն անցնող օրվա հետ միասին ավելի ու ավելի է մեծանում գլխացավանքի ուժգնությունը: Հուսանք, որ այս ամենին վերջակետ կդրվի, և հեղափոխության իրական հեղափոխություն դառնալը մոտ ապագայում կիրականանա ու կամբողջանա: Առանց դրա այս ողջ ազգային գարունը կարող է և աշնան վերածվել, իսկ հետո նաև` ձմռան: Այս գարունը, ավաղ, շատ դանդաղ է զարգանում…

Մանե Հարությունյան

MediaLab.am