Արցախյան պատերազմները Օլյայից խլել են նախ՝ ամուսնուն, հետո՝ տղային․ «Ես դառնությամբ եմ ապրել, անընդհատ վիշտը սրտումս ա էղել»

65-ամյա Օլյա Դավթյանը Արցախյան երկու պատերազմների հետևանքով կորցրել է սկզբում ամուսնուն, այնուհետև՝ որդուն։ Ասում է՝ այդպես էլ պատերազմը չթողեց, որ հանգիստ սրտով ապրի․ «Ես դառնությամբ եմ ապրել, անընդհատ վիշտը սրտումս ա էղել, իմ ժպիտը րոպեական ա եղել»,- արցունքների միջից ասում է Օլյան։

Օլյա Դավթյանը Արցախի Ստեփանակերտ քաղաքից է։ 90-ականների պատերազմի ժամանակ ամուսնուն կորցնելուց հետո երեք անչափահաս երեխաներին միայնակ է մեծացրել, միաժամանակ մի քանի աշխատանք կատարել, որ կարողանա ապրուստը հոգալ։ Ասում է՝ տարիներն անցան, չարչարանքը սկսեց մոռանալ ու արդեն պետք է վայելեր կյանքը, բայց վրա հասավ երկրորդ ողբերգությունը։ 

«Ամուսինս 39 տարեկան էր, որ զոհվեց։ Շրջափակման մեջ ընկան, և իրենց գլուխները կտրած տարան։ Առանց գլուխ են բերել։ Հիմա էլ՝ տղես։ Հարված՝ հարվածի հետևից»,- ասում է 65-ամյա կինը։ 

Օլյա Դավթյանի որդին՝ 45-ամյա սպա Սլավա Դավթյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նա երրորդ պատերազմին էր մասնակցում, մայրն ասում է՝ առաջին անգամ որդին 16 տարեկանում է մասնակցել պատերազմին։

Մայրը կսկիծով պատմում է, որ հոկտեմբերի 2-ին տղան կնոջը բերել է իրենց տան նկուղ, որ ապահով լինի, ու նորից գնացել դիրքեր, նույն օրն էլ՝ ժամեր անց, զոհվել։

«Որ տղես եկավ, ասեցի՝ արի ճաշ կեր, ասեց՝ չէ ու գնաց, իրիկունը 8-ն անց կես խփել են։ Ռեմբատի [ремонтный батальон – վերանորոգման գումարտակ.- հեղ.] վրա են խփել, էնտեղ, որտեղ տանկեր են ռեմոնտ անում, ուղարկում»,- պատմում է մայրը։

Լուսանկարում՝ ձախից Օլյա Դավթյանի ամուսինը, աջից՝ որդին։

Օլյան ասում է, որ տղային ճանապարհելուց հետո սիրտը սկսում է վատ բան գուշակել, ժամեր անց երեկոյան զանգում է տղային, զանգերն անպատասխան են մնում․ «Դեպքը, որ սկսել ա, ես մի պահ սրտումս վախ ունեցա: Անընդհատ զանգում էի, տեսնեի՝ ոնց ա, չէր վերցնում: Թոռս էլ իրա հետ էր, զանգեցի թոռանս, ասեցի՝ Սլավան չի վերցնում, ասեց՝ տատի՛, սպասի, ման ենք գալիս, չենք գտնում։ Դե, իրիկուն էր, գիշեր՝ լույսերը հանգած։ Սիրտս գուշակեց, որ երեխես չկա, որ էսքան ժամանակ ձեն չի հանում… Գնացինք հիվանդանոց, տեսանք, որ էնտեղ ա»,- արցունքները կոկորդում խեղդելով ասում է որդեկորույս մայրը։

Ասում է՝ նույնիսկ տղայի մարմինը տեսնելուց հետո էլ չի կարողանում հավատալ ու համակերպվել իրականության հետ․ «Ես մինչև հիմա չեմ պատկերացնում, որ ինքը չկա, մինչև հիմա ես ինքս չեմ կարողանում համոզվել, չեմ կարողանում հաշտվել»։

Տղան բոլորին մշտապես օգնության էր հասնում, աշխույժ էր, բարեկամասեր, ընկերասեր, ընտանիքով հանրակացարանում էր ապրում ու երազում էր ընտանիքի համար տուն գնել, երեխաներին ամուսնացնել, բայց՝ երազանքն էլ սրտումը գնաց։

Օլյան թոշակառու լինելով այսօր էլ շարունակում է աշխատել՝ մաքրություն է անում, ասում է՝ այդպես գոնե կարողանում է օգնել տղայի ընտանիքին․ «Ես ամուսին եմ կորցրել, տարել եմ, գիտեմ՝ էդ ինչ ա, չեմ ուզում հարսս էդ դժվարությունը քաշի, չեղածից էլ տալիս եմ, թոշակս եմ տալիս, որ օգնեմ»,- ասում է 65-ամյա կինը:

Պատերազմի հետևանքով ուրախություն ու երջանկություն չտեսած Օլյան ապրում է թոռների ու մյուս երեխաների համար, աշխատանքն էլ մի քիչ կտրում է ցավոտ ու դառնագին մտքերից։

«Շատ դժվար ա, իմ օրերը շատ տանջալից են, չեմ կարողանում 5 րոպե մոռանալ իրան։ Աշխատանքի եմ գնում, դա մի քիչ օգնում ա»։ 

Օլյան ասում է՝ վախով է ապրում Արցախում, վերջին պատերազմից հետո լավ բան չի սպասում․ «Ես որ նայում եմ, էս վիճակը տեսնում եմ, ես էստեղ՝ Արցախում, ապագա չեմ տեսնում, ըսկի գնալու տեղ էլ չունեմ։ Մենք ամսի 27-ի առավոտ որ տեսանք՝ միանգամից ոնց սկսվեց, մեր մոտ վախ կա, ամեն առավոտ սրիկաները կարող ա նորից սկսեն»,- հոգոց հանելով ասում է Օլյան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am