«Ալիևը փորձում է անընդհատ լարել իրավիճակը և թույլ չտալ Հայաստանում ու տարածաշրջանում իրավիճակի կայունացում». Տարոն Հովհաննիսյան

Տարոն Հովհաննիսյան
Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, ինչո՞վ եք բացատրում Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, որոնք, ճիշտ է, նորություն չեն, բայց այս պարագայում առնվազն տարօրինակ են, երբ խոսում են կոմունիկացիաների բացման, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման մասին և մեկ էլ հանկարծ հնչեցնում սպառնալից հայտարարություններ:

– Երբ Ալիևը խոսում է կոմունիկացիաներ բացելու կամ տարածաշրջանային կայունության մասին, ըստ էության, իր հայտարարություններով ցույց է տալիս, որ իր ցանկությունը դա չէ, իր ցանկությունը տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը չէ ամենևին, այլ՝ որոշակի առումով Ադրբեջանի դոմինանտությունը տարածաշրջանում, Հայաստանը շրջափակման մեջ պահելու շարունակական քաղաքականությունը, իսկ այդ շրջափակումից դուրս գալու պարագայում էլ՝ Հայաստանն Ադրբեջանից կախվածության մեջ դնելը:

Խաղաղության պայմանագիր կնքելու համար էլ Ադրբեջանը Հայաստանի առաջ այնպիսի պայմաններ է դնում, որոնք Հայաստանը բնականաբար չի կատարելու, ինչը ցույց է տալիս, որ Իլհամ Ալիևն ամենևին էլ շահագրգռված չէ տարածաշրջանային կայունության հարցում։ Ճիշտ հակառակը՝ ամեն ինչ անում է, որպեսզի այդ կայունությունը չլինի, և փորձում է դրա բեռը դնել Հայաստանի վրա:

– Բայց հակասություն չկա՞ Ալիևի՝ խաղաղության պատրաստ լինելու և Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալիք հնչեցնող հայտարարությունների միջև: Ի՞նչ նպատակով են արվում նման հայտարարությունները:

– Իհարկե հակասական է, բայց ես արդեն նշեցի, որ Ալիևի ցանկությունն ամենևին էլ տարածաշրջանում կայունությունը, խաղաղությունը և ենթակառուցվածքները բացելը չէ:

Ադրբեջանը շահագրգռված է բացառապես դեպի Նախիջևան ճանապարհ ստանալու հարցով, ինչով շահագրգռված է նաև Թուրքիան, իսկ մյուս տեղերում կոմունիկացիաներ բացելու շահագրգռվածություն չունի:

Հետևաբար, առաջին հայացքից թվում է հակասական, բայց, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի քաղաքականությունն այդպիսին է, փորձում են անընդհատ լարել իրավիճակը և թույլ չտալ Հայաստանում ու տարածաշրջանում իրավիճակի կայունացում՝ անընդհատ շարունակելով ագրեսիվ քաղաքականությունը:

– Սահմանային միջադեպերն ու լարումներն է՞լ են այդ նպատակով արվում, պարո՛ն Հովհաննիսյան:

– Այո՛, դրանք ցույց են տալիս, որ Ադրբեջանի քաղաքականությունն այդպիսին է, նրանք անընդհատ շարունակելու են լարել իրավիճակը, որովհետև իրենց ձեռնտու չէ իրավիճակի դեէսկալացիան, և բոլոր մակարդակներում՝ թե՛ հայտարարությունների, թե՛ գործողությունների, դա են ցույց տալու:

Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը համարժեք պատասխան տալի՞ս է Ադրբեջանից եկող սպառնալից հայտարարություններին:

– Համենայնդեպս, արձագանք, գնահատական եղել են Ալիևի հայտարարություններին: Այդ արձագանքը գնահատել, անկեղծ ասած, չեմ կարող, եթե չլիներ արձագանք՝ միանշանակ բացասական կգնահատվեր:

Հարցն այլ է, թե այս իրավիճակին ինչպե՞ս են վերաբերում արտաքին խաղացողները: Բայց այդ խաղացողներն առաջնորդվում են ոչ միայն Հայաստանի կողմից հնչած հայտարարություններով, այլ իրենց սեփական շահերով:

– Պարո՛ն Հովհաննիսյան, Ալիևի՝ Շուշի մեկնելու հրավերը, մերժեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները: Սա ի՞նչ հետևանքներ կունենա Ադրբեջանում, և ի՞նչ էր այս քայլը Հայաստանի համար:

– Մինսկի խմբի համանախագահներն անընդհատ հայտարարում են, որ կողմ են բանակցային գործընթացի վերականգնմանը, որ խնդիրը լուծված չէ: Միակ կողմը, որ հայտարարում է, թե խնդիրը լուծված է, Ադրբեջանն է:

Եթե ընդունեին հրավերը, մեկնեին Շուշի և մասնակցեին այդ շոուին, ապա դա անտրամաբանական կլիներ ու կհակասեր իրենց հայտարարություններին: Հետևաբար, եթե իրենք ուզում են խնդիրը լուծվի, չեն կարող տրվել Ադրբեջանի միակողմանի քարոզչական գործողություններին:

Այս քայլը Հայաստանին ցույց տվեց, որ Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ուզում են կամ շահագրգռված են բանակցային գործընթացը սկսելու հարցում:

Բնականաբար դա պետք է օգտագործել, որպեսզի նույն այդ երկրները շարունակական ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ ստիպելով վերսկսել բանակցային գործընթացն ու հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից:

– Թուրքիայի աջակցությունը հիմա՞ էլ է շարունակվում, Ադրբեջանի այս գործողությունները հովանավորվո՞ւմ են Թուրքիայի կողմից:

– Իհարկե, Թուրքիան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական միջոցներով աջակցում է Ադրբեջանին, դա ընդհանուր քաղաքականություն է:

Տարածաշրջանում որևէ բան չի փոխվել, որ դա էլ փոխվի, Թուրքիայի շահերը նույնն են մնացել, ավելին՝ թուրք-ադրբեջանական մերձեցումը շարունակվում է ավելի մեծ թափով, ինչի վառ ապացույցը Շուշիի հռչակագիրն էր:

Միանշանակ է, որ Ադրբեջանն իր քայլերում հաշվի է առնում Թուրքիայի առկայությունը և վերջինիս կողմից լիարժեք պաշտպանությունը

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am