«Խորհրդարանն ինձ ճահիճ է հիշեցնում, որտեղ խճճվել են անցյալն ու ներկան»․ Թագուհի Թովմասյան

8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանում, երբ դեռ ձևավորվում են ԱԺ մարմինները, այսօր սովորականից ավելի լարված օր էր։ Փոխադարձ մեղադրանքներ, պիտակավորումներ միմյանց հասցեին, գոռգոռոցներ միմյանց վրա, և արդյունքում նիստը վարող ԱԺ նախագահի հրահանգով նիստերի դահլիճ հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները՝ հանդարտեցնելու իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին։

Մինչ այդ, սակայն, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Աննա Մկրտչյանին նիստերի դահլիճից դուրս էր հրավիրել, քանի որ վերջինն իր ելույթում օգտագործել էր «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը։

Խորհրդարանի նախագահն իր ելույթում ասաց, որ նմանատիպ ցանկացած ելույթ կանխելու է ամեն գնով, իսկ ընդդիմադիրները ինչ ուզում են՝ թող անեն, որտեղ ուզում են՝ թող դիմեն։

«Մեդիալաբի» հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ խորհրդարանն իրեն ճահիճ է հիշեցնում, որտեղ խճճվել են անցյալն ու ներկան, իսկ այսպես շարունակվելու դեպքում ոչ մի կողմ չի կարող առաջ գնալ։

«Անցնող երեք տարիների ընթացքում ևս հեղափոխական իշխանությունը շարունակ հիշեցնում էր անցյալը, շարունակ հետ էր նայում, ինչի պատճառով էլ չկարողացանք մեր երկրում հեղափոխական առաջընթաց ունենալ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Թովմասյանի գնահատմամբ՝ Ալեն Սիմոնյանը փորձում է իրավիճակի վերահսկողությունն իր ձեռքը վերցնել, բայց, ըստ նրա, երբեմն գերազանցում է ԱԺ նախագահի իր լիազորությունները։

«Կարծում եմ՝ սթափվել է պետք։ Ժողովուրդը մեզ խորհրդարան չի ուղարկել անբովանդակ քննարկումներ անելու համար»,- նկատեց Թագուհի Թովմասյանը։

Հարցին, թե այդ սթափությունը միայն իշխանականների՞ն է պետք, Թովմասյանն ի պատասխան, ասաց, որ սթափությունը բոլորին է վերաբերում։

Ընդդիմադիր պատգամավորը համաձայն չէ, թե իշխանության կողմից՝ կառուցողական աշխատանքի մեկնած ձեռքն իրենք չեն սեղմել։

«Իշխանությունը մի կողմից խոսում է կառուցողականության մասին, մյուս կողմից՝ հարձակվում դահլիճում ընդդիմադիր տեսակետ հնչեցնողների վրա։ Այդպե՞ս են ձեռք մեկնում»,- հարց բարձրացրեց պատգամավորը։

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ընդդիմությունը պիտակավորում է, ասում է «հողատու, կապիտուլյանտ», իրենք էլ պատասխանում են, Թագուհի Թովմասյանն արձագանքեց․

«Ընդդիմությունը տալիս է ներկա քաղաքական և անվտանգային իրավիճակի գնահատականը»։

Ընդդիմադիր պատգամավորից հետաքրքրվեցինք, արդյոք հատո՞ւկ է «Պատիվ ունեմ» խմբակցությունն ընտրել Աննա Մկրտչյանին, որպեսզի վերջինը նմանատիպ ելույթներ ունենա, առհասարակ, խմբակցությունն ինչպե՞ս է վերաբերվում իրենց գործընկերոջ գործելաոճին:

Թագուհի Թովմասյանը, սակայն, հրաժարվեց մեկնաբանությունից՝ խորհուրդ տալով այդ հարցերն ուղղել իր գործընկերոջը՝ Աննա Մկրտչյանին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am