«Ադրբեջանցիները Քարին Տակի գերեզմանների տակ ոսկու հանք են գտել, քանդում են, նաև Սղնախի գերեզմաններն են քանդել». Շուշիի քաղաքապետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը

Պարո՜ն Սարգսյան, Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունն ահազանգում է, որ ադրբեջանցիները ապամոնտաժել ու հեռացրել են Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակի քանդակները: Քանի՞ քանդակի մասին է խոսքը, ի՞նչ արժեքներ ենք կորցնում, և արդյո՞ք մենք այդ մշակութային ժառանգությունը փրկելու ինչ-որ շանս ունեինք:

-Ես, ճիշտն ասած, քանդակների թիվը չգիտեմ, բայց ամեն տարի արտասահմանից մասնագետներ էին գալիս և տարեկան 5-5, 10-10 քանդակ ավելացնում էին: Դա քանդակների մի մեծ պուրակի էր վերածվել:

Դրանք որևէ կերպ հնարավոր չի՞ եղել փրկել:

-Դե, էն ժամանակ ոչ մեկը չի մտածել, որ Շուշին կարող ենք կորցնել, որ քանդակների համար էլ մտածեինք: Ի վերջո, կերպարվեստի թանգարանն էլ է մնացել, քարերի թանգարանն էլ տեղափոխել էինք, բերել կերպարվեստի թանգարանում պահեստավորել, դա էլ է մնացել:

Նշվում է, որ պուրակից 51 քանդակ է բացակայում: Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին հայտնել առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնել, թե ինչպես են ապահովելու դրանց հանրայնությունը: Ի՞նչ կհաջողվի անել այս առումով:

-Ոչ մի բան չի հաջողվելու: Այդ լկտի ազգի հետ ի՞նչ պետք է հաջողվի, ոչ մի բան: Օրինակ՝ ես տեղյակ եմ, որ Քարին Տակի գերեզմանների տակ ոսկու հանք են գտել և դրած քանդում են, նաև Սղնախի գերեզմաններն են քանդել, որ իբր այնտեղով ճանապարհ են անցկացնում: Ամեն ինչ ուզում են վերացնել: Մեր Հովհաննես Մկրտիչ եկեղեցին են պայթեցրել: Այդքանից հետո ի՞նչ հույս ունենալ, որ քանդակները կփրկեն:

-Ի՞նչ է հնարավոր միջազգային հանրության միջոցով անել, նրա՞նք էլ չեն կարողանում մշակութային ժառանգության պահպանության հարցում որևէ կերպ օգտակար լինել:

-Ո՛չ, այսքան տարիների ընթացքում ի՞նչ են արել, որ հիմա անեն: Ադրբեջանցիները ո՛ր պահանջին են ենթարկվել, որ հիմա ենթարկվեն: Նախիջևանի հայկական խաչքարերը ամբողջությամբ ջարդել են, այդքան գրվել է, խոսվել, որևէ օգուտ չի տվել: Նրանք լկտիացել են և ոչ մեկին չեն ենթարկվում: Միայն ուժով կարող են նրանց ճնշել, ինչ-որ կա, ձեռքներից վերցնեն, այսինքն՝ պետք է նորից ազատագրել այդ տարածքները, ուրիշ լուծում չկա:

Այս փուլում այդ ճանապարհը հնարավոր համարո՞ւմ եք:

-Եթե խելոք մտածենք, իհարկե, հնարավոր է:

Շուշիում այս պահին քանի՞ տոկոս մշակութային ավերածության հետ գործ ունենք:

-Ինչը հայկական է, 100 տոկոսով վերացված է: Ամեն ինչ կամ ավերել են, կամ վերացրել:

Պարոն Սարգսյան, ի վերջո, շուշեցիների քանի՞ տոկոսը վերադարձավ Արցախ: Այն մեծ բնակարանային ծրագրերը, որ իրականացվում են հադրութցիների համար, շուշեցիները ևս կապահովվեն բնակարաններո՞վ:

-Այո՛, շուշեցիների համար ևս բազմահարկ շենքեր են սարքում: Նախկինում սկսածները ավարտման փուլում են, նաև նոր շենքերի հիմքերն են գցված: Դա երևի կտևի 3-4 տարի: Շուշեցիներին տեղավորելու են Ստեփանակերտում: Օրինակ՝ հադրութցիներին տեղավորում են Ստեփանակերտից մի քիչ ներքև ընկած հատվածում: Շուշեցիների մոտ 75-80 տոկոսը վերադարձել է Արցախ: Էլի մարդիկ են գալիս, ուղղակի ապաստանի հարցը լուծված չէ, թե չէ էլի կգան:

Արցախ վերադարձածների վարձի հարցը պետությո՞ւնն է լուծում:

-Այո՛, պետությունն է վարձը տալիս որոշակի չափով: Իսկ մնացած մասով իրենք են տալիս:

-Ձեր կարծիքով՝ Հայաստանի նոր խորհրդարանը կարողանո՞ւմ է իր առջև դրված խնդիրները լուծել, և արդյոք Արցախի ճանաչումը չպե՞տք է լիներ նոր խորհրդարանի օրակարգում:


-Երբ նայում եմ նոր խորհրդարանի աշխատանքը, ուզում եմ այլևս չնայել, որովհետև ոնց որ վեճի թատերաբեմի է վերածվել ԱԺ-ն: Մեկը մի բան է ասում, մյուսը քննադատում է, որևէ հարց չեն լուծում: Քննարկում են, թե ում տղան է վիրավորվել, դրանք ի՞նչ քննարկման թեմաներ են: Այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, ազգի հարցը պետք է լուծվի, ոչ թե անձնական հարցեր քննարկեն: Ես հիասթափված եմ, ես չէի սպասում, որ այսպես կլինի:

Մանե Հարությունյան

MediaLab.am