«Չինաստանում արդեն պատվաստվել է 1 մլրդից ավելի մարդ, չկան վախեր, շարժվում են հատուկ կոդերով»․ Անահիտ Գրեյանը՝ չինական Սիանից

Չինաստանի Սիան քաղաքում բնակվող Անահիտ Գրեյանն ասում է, որ կորոնավիրուսային համավարակի պայմաններում մարդիկ Չինաստանում շարժվում են հատուկ կոդերով։ 25-ամյա Անահիտը Չինաստան է տեղափոխվել 2018 թվականին, անգլերեն է դասավանդում դպրոցներից մեկում։ 

Ասում է՝ իրենց մոտ գործում են սահմանափակումներ, որոնք առաջին հայացքից կարող են խորթ թվալ Հայաստանում։ 

«Մի ծրագիր կա, կոչվում է We chat, այդ ծրագրի միջոցով մենք ունենում ենք անհատական կոդեր, որոնք ներառում են կորոնավիրուսի հետ կապված ողջ ինֆորմացիան մեր մասին՝ ներառյալ այն, թե տվյալ անձը պատվաստված է, թե ոչ, երբ է վերջին անգամ թեստ հանձնել»,- «Մեդիալաբին» պատմում է Անահիտը։

Այդ կոդերը, Անահիտի ներկայացմամբ, կարող են լինել կանաչ կամ կարմիր․ կանաչ է, երբ չկա որևէ վտանգ, իսկ եթե կարմիր է, նշանակում է՝ կա՛մ անձը վարակակիր է, կա՛մ գտնվել է մի տարածքում, որտեղ վարակակիր կա։ 

«Եթե, օրինակ՝ ես օգտվեմ ինչ-որ ավտոբուսից, հետո այդ ավտոբուսից օգտված լինի նաև վարակակիր ինչ-որ մեկը, իմ կոդը կդառնա կարմիր, ու ես կիմանամ, որ վարակակրի հետ նույն տարածքում եմ եղել։ Այդ պարագայում ես կինքնամեկուսանամ»,- չինական կարգն է ներկայացնում Անահիտը։ 

Ցանկացած տեղաշարժ Չինաստանում կատարվում է բացառապես այդ կոդերի միջոցով, ու որևէ տարածք մտնելիս նրանք սկանավորում են այդ կոդերը, հետո մտնում։ 

«Անհնար է շրջանցել հակահամաճարակային կանոնների պահպանումը որևէ վայր մտնելիս, որովհետև ամենուրեք կան անվտանգության աշխատակիցներ, որոնք ստուգում են մեր կանաչ կոդերի առկայությունը, դիմակ կրելը և չափում են ջերմությունը։ Նույնիսկ մեր շենքերի մոտ կան անվտանգության աշխատակիցներ»,- ասում է նա։ 

Սիան քաղաքում այժմ վարակակիրներ չկան, իսկ ողջ Չինաստանում վարակակիրների թիվը գրեթե հասել է նվազագույնի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ օգոստոսի 27-ի դրությամբ Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94․765 դեպք, 4636-ը՝ մահվան ելքով։ Ըստ ԱՀԿ-ի՝ օգոստոսի 27-ին Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել։ 

Չնայած վարակակիրների նվազագույն ցուցանիշին՝ քաղաքում խստացվել է հակահամաճարակային կանոնների պահպանումը, իսկ պատճառն այն է, որ Սիանում անցկացվում են համաչինական խաղեր։ 

«Այժմ մեզ մոտ փակ են ակումբները, բարերը, արգելված են հավաքույթները։ Որոշ տեղեր էլ փակ են ախտահանման համար։ Օրինակ՝ երկու շաբաթ առաջ մի զույգ էր եկել մեր քաղաք, որ նախապես շփում էր ունեցել վարակակրի հետ։ Նրանք շրջել էին բոլոր տեսարժան վայրերով, բայց երբ պարզվել էր նրանց շփումը վարակվածի հետ, մեր բոլոր տեսարժան վայրերը փակեցին ախտահանման նպատակով, իսկ այդ մարդիկ մեկուսացվեցին»,- նշում է նա։

Բացի դիմակներից և սահմանափակող այլ միջոցներից, Չինաստանում շատ են կարևորվում պատվաստումն ու թեստավորումը։ Ըստ Անահիտի՝ չին ժողովուրդը բարձր գիտակցական մակարդակ և պատասխանատվության զգացում ունի վարակի կանխարգելման և բոլոր կանոնները պահպանելու հարցում։

Թեստավորումը կարևոր է Չինաստանում տեղաշարժվելու համար։ Կան նույնիսկ հյուրանոցներ, որոնք չեն ընդունում չթեստավորված անձանց։ Յուրաքանչյուր բուժհաստատությունում կա առանձնացված սենյակ, որտեղ կատարվում է թեստավորում, և քաղաքացին վճարելով (մեկ թեստի արժեքը 5000-7000 դրամ է) թեստավորվում է։ 

Պատվաստումը կամավոր է, սակայն հիվանդանոցներում և դպրոցներում, որտեղ անձնակազմը շփում է ունենում մեծ թվով մարդկանց հետ, պատվաստումը պարտադիր է։

«Ես ինքս առաջիններից եմ եղել, որ պատվաստվել եմ։ Առհասարակ բնակչության ճնշող մեծամասնությունը որևէ տարակարծություն չունի պատվաստման հարցում։ Հասարակության մեջ կասկածներ ունի ընդամենը մի փոքրիկ զանգված, որը հիմնականում եկել է արտասահմանից և այդքան էլ իրազեկված չէ, իսկ մեզ մոտ այդ խնդիրը գրեթե չկա։ Վերջին տվյալներով՝ Չինաստանում արդեն պատվաստվել է 1 մլրդ-ից ավելի մարդ, չկան վախեր, և կա գիտակցական բարձր աստիճան»,- նշում է Անահիտը և հավելում, որ պատվաստման հանդեպ վախը հայերի շրջանում տեղեկացված չլինելու պատճառով է։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am