Թուրքիայի գործողություններն ու հնչող հայտարարությունները այնքան էլ լավատեսության հիմք չեն տալիս. Տաթեւիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, այսօր՝ Կառավարության նիստին, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ պաշտոնական Երևանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն է տեսնում։ «Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»,- ասել է Փաշինյանը։ Ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ է այն իրատեսական ներկա փուլում։

– Երեկ Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին անցկացվում: Դրա վերաբերյալ նաև համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ ԱԳՆ մամլո խոսնակը՝ գնահատելով դրանք «որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն»: 

Թեև վերջերս հաճախ է խոսվում դրական ազդակների առկայության մասին, սակայն գործողություններն ու հնչող հայտարարությունները այնքան էլ լավատեսության հիմք չեն տալիս: Ուստի ենթադրում եմ, որ կան գործընթացներ, որոնք հանրային չեն: Դրա մասին փաստում են վերջին հայտարարությունները:

Հասկանալի է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը հենց տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է, և դրան ուղղված գործողությունները մեկնարկել են, այդուհանդերձ, նույն եռակողմ հայտարարության մեջ կան հրատապ նշանակության այլ կետեր, օրինակ՝ հայտնի 8-րդ կետը, որը դեռևս մնում է չկատարված: Ավելին, նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին այսօր հերթական անգամ փաստերով խոսել է ՄԻՊ Արման Թաթոյանը: 

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձեր եղել են նաև նախորդիվ, հայ-թուրքական հարաբերությունները բարդ են և բազմաշերտ, դրանք միայն սահմանի բացել-չբացելու խնդրով չեն սահմանափակվում: Հույս ունեմ, որ հնարավոր բոլոր ռիսկերը հաշվարկվում են համապատասխան գերատեսչություններում, և մենք գործ չենք ունենա Թուրքայի կողմից առաջ քաշվող նոր նախապայմանների փաթեթի հետ:

– Առհասարակ, այս առումով ի՞նչ տրամադրություններ են Ադրբեջանում։ Մենք գիտենք, թե ինչպիսի աջակցություն է ցուցաբերել Թուրքիան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին, հիմա որքանո՞վ են այս հայտարարությունները խարխլում այդ հարաբերությունները։

– Ադրբեջանում այլևս չեն թաքցնում 2020 թ. սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից ցուցաբերված օժանդակության և ուղղակի ներգրավվածության փաստը: Վերջերս էլ թուրք օդաչուները պարգևատրվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից F-16 կործանիչներով կատարած թռիչքների համար, ինչը շարունակ ժխտվում էր Թուրքիայի կողմից: 

Թուրքիան և Ադրբեջանը բազմիցս հայտարարել և իրենց գործողություններով էլ ակնհայտ ցույց են տվել, որ տարածաշրջանային հարցերը լուծելու են միասնաբար՝ հիմքում դնելով էթնիկ՝ թյուրքական գործոնը: Վստահ եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում ևս այդ գործոնը աշխատելու է, թեև այս պահին դեռևս Ադրբեջանի կողմից արձագանքներ չկան:

– Նախօրեին երկու ռազմագերի վերադարձավ Հայաստան։ Իրական ռազմագերիների թիվը Ադրբեջանն այսօր էլ չի հայտնում։ Ինչո՞ւ մեզ մոտ ընդամենը մեկ գերու տվեցին երկուսի դիմաց, ոչ ավելի շատ։ Արդյոք այս առումով բանակցելու բաց չե՞ք նկատում։

– Ադրբեջանը ոչ միայն չի հայտնում իրական գերիների թիվը, այլև շարունակում է մի կողմից՝ խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի քաղաքականությունը, մյուս կողմից՝ շինծու դատավարություններ կազմակերպելու գործելաոճը: 

Գերիների վերաբերյալ միջազգային ճնշման գործիքակազմից զատ, կան տարբեր մակարդակներով ընթացող քննարկումներ և դրան հաջորդող գործողություններ: 

Փոխանակման հարցում ընտրված գործելաոճը բարդ է մեկնաբանել, որովհետև քննարկումների մանրամասներին ես չեմ տիրապետում, չգիտեմ նաև, թե ինչ սկզբունք է որդեգրված: Բայց գործընթացը իսկապես խրթին է՝ հատկապես Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պարագայում:

– Ի՞նչ կարող եք ասել այն մասին, որ Ալիևի խորհրդականը հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։ Ի՞նչ ուղերձ է այն պարունակում։

– Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ քայլ առ քայլ ապալեգիտիմացնել ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում՝ փորձելով հիմք ստեղծել նրանց հեռացման համար: 

Պարզ է, որ ռուսական խաղաղապահ առաքելության գլխավոր նպատակը Արցախում ապրող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելն է: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից հնչող հայտարարություններում մեկ կարևոր ընդհանրություն կա՝ կարգավիճակի և համապարփակ քաղաքական լուծման անհրաժեշտության մասին: 

Դա ամբողջությամբ հակասում է Բաքվից հնչող հայտարարությունների տրամաբանությանն ու ոգուն: Բաքվի նպատակն է հայաթափել կամ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել Արցախի հայության հետ և դրանով վերջնական «լուծել» խնդիրը: 

Ռուս խաղաղապահների ներկայությունը այս պահին դա կանխելու գլխավոր երաշխիքն է: Դրանով է պայմանավորված Հաջիևի վերջին հայտարարությունը:

Մանե Հարությունյան

MediaLab.am