Մեր կողքին ապրող մարդիկ. Անգինը

Անգինը

2020 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանից հյուրեր էին մեկնում Շիրակի մարզ, Գեղանիստ գյուղ՝ «անգին» հարսնացուի հետևից: Մանկավարժների ընտանիքում մեծացած աղջիկը պատրաստվում էր ամուսնանալ ռազմական ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդի՝ «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության փոխտնօրեն Վաղինակ Վարդանովի հետ: Կազմակերպությունը դեռ պատերազմից առաջ անցկացնում էր ռազմական պատրաստականության դասեր, որոնց Անգինը երբևէ չէր մասնակցել: 

«Դետք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր համակարգող 25-ամյա Անգին Խաչատրյանը հիշում է, որ խնամիները տեղ հասնելուն պես կատակեցին, թե հարսանեկան շարասյան առջևից տանկ էր գնում, ասես առաջնորդում էր իրենց:

Սեպտեմբերի 27-ին, լույսը չբացված, Անգինը ամուսնուն ճանապարհեց ռազմի դաշտ, այդ ընթացքում բազմաթիվ տանկեր գնացին Արցախ. պատերազմ էր: Ու եթե նախորդը օրը տանկ տեսնելը զարմացրել էր Երևանից Շիրակ գնացողներին, ապա սեպտեմբերի 27-ին կարծես օրինաչափ էր տանկերի տեղաշարժը: 

Դետք նշանակում է ռազմական պաշտպանության և հետախուզության համար զորքից առաջ շարժվող ջոկատ: Այս հարթակում տարածաշրջանի ռազմական նորություններն են, տարատեսակ վերլուծություններ, փորձագիտական ուսումնասիրություններ և այլն:

Անգինի հետ առաջին անգամ հանդիպել էի պատերազմի ավարտից հետո, հիշում եմ, որ այդ ժամանակ բալիկի էր սպասում, ասում էր, որ խրոխտ երգեր պիտի երգի նրա համար, ոչ թե թախծոտ: 

– Դե, ի՞նչ ես երգում Լևոնի համար: 

– «Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախիլ»…

Անգինը, որ երազում է չորս տղա ունենալու մասին ու Լևոնին էլ առաջին հերթին որպես զինվոր է տեսնում, ինձ դիմավորեց ՈՄԱ-ի կենտրոնական գրասենյակում: 

ՈՄԱ-ում մարզվում ու դասընթացներ են անցնում 16 տարեկանից բարձր անձինք: Երեխաների չեն ներգրավում, ոչ մեկին չեն քաջալերում սպանել, ատել, այլ սովորեցնում են պաշտպանվել, ստանալ տարրական ռազմական գիտելիքներ և հմտություններ, որ հարկ եղած դեպքում կիրառեն: ՈՄԱ-ի առաջին նպատակը հնարավորինս շատ հայ քաղաքացիներին ուսուցանելն ու պատրաստելն է, որոնք ապագայում կարող են դառնալ Հայաստանի ԶՈՒ պահեստային ստորաբաժանումների մաս, ինչպես նաև՝ աշխարհազորայիններ և կամավորներ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ՈՄԱ-ի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ ավելացավ հատկապես երիտասարդների շրջանում: 

Անգիննն առաջին հայացքից է միայն փխրուն, իրականում ուժեղ, մեծ կամք ունեցող մարդ է, որին 44-օրյայի ժամանակ նեղացնում էին իրեն պաշտպանել փորձողների խոսքերը՝ նուրբ աղջիկ ես, նոր ես ամուսնացել, մի՛ արի ՈՄԱ, գնա՛ հանգստացիր, վա՜յ, ինչպե՞ս ամուսնուդ թողեցիր, չես կարող, չես ձգի…

– Ինձ նորահարսի պես էին վերաբերվում, հորդորում էին հանգստանալ: Մտածում էի՝ ինչո՞ւ են ինձ հանգստացնում, չէ՞ որ ես հաջորդ օրն իսկ եկա այստեղ ու պինդ կանգնած էի, օգնում էի լրատվամիջոցների հետ աշխատանքը համակարգելու ու այլ աշխատանքներ էի անում: Բարեկամներիցս մեկը զանգահարեց ու ասաց՝ ո՜նց էլ թողեցիր որ ամուսինդ գնար: Ես էլ զայրացած պատասխանեցի՝ գնաց, որ դու կարողանաս այսպես հանգիստ խոսել: 

Հիշում է՝ պատերազմի ընթացքում մի անգամ է լաց եղել, երբ զանգահարեցին ու տեղեկացրին, որ ջոկատը, որում նաև ամուսինն էր, դիրքեր է բարձրացել, և ընդամենը երեք հոգի է փրկվել: 

– Ես նրան չեմ էլ փորձել հետ պահել, ինչպե՞ս կարող էի նման բան անել: Սեպտեմբերի դեպքերի (ի նկատի ունի 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմի՝ Հայաստանի տարածքի վրա հարձակումը) ժամանակ էլ է գնացել, արդեն իմունիտետ ունեմ: 

Շատ մարդիկ 44-օրյայի ժամանակ կենտրոնում էին գիշերում, Անգինը տուն էր գնում ու ուժեղանում՝ սկեսրոջ անհավանական ուժը տեսնելով: Սկեսուրը՝ Թամարա Արզումանյանը, պատերազմ էր ճանապարհել ամուսնուն, երկու որդիներին ու եղբորը: 

– Սկեսուրս ամեն օր աշխատում կենտրոնում՝ առանց լացուկոծի, խոնարհաբար, առանց աչք թարթելու: Ես այնքան ոգևորված էի իր կերպարով, տոկունությամբ, որ չէի կարող ինքս այդպես չանել: Տանը անկեղծ զրույցներ ունենում էինք, բայց աշխատավայրում նա չափազանց մեծ կորով ուներ, որ փոխանցում էր մյուսներիս: 

Անգինը 44-օրյայի ժամանակ հիանում էր կանանցով, որ գնացին սահման՝ անտրտունջ, առանց սելֆիների, առանց ճչալու, հիմա հիանում է նաև այն կանանցով ու տղամարդկանցով, որոնք աշխատանքից, ընտանիքից ու հոգսերից զատ չեն մոռանում ամենակարևորի՝ հայրենիքի մասին: 

– Ես չեմ պատկերացնում ինձ միայն ճաշ եփելիս, տանը նստած ամուսնուն սպասելիս, երեխա մեծացնելիս: Ես սիրում եմ աշխատել, ուզում եմ հնարավորինս օգտակար լինել, ծառայեցնել իմ կարողությունները, որովհետև պատասխանատու եմ, որ իմ երկիրը ամուր լինի: Բոլորս պետք է մեր տեղում լինենք ու հասկանանք, որ մեր արածը չնչին բան չէ, եթե մեկս քիչ աշխատի, վատ է լինելու: 

Ամուսինը երբեմն կատակում է ու պնդում, որ եթե Վարդանովների ընտանիքում չապրեր, դժվար թե գործ աներ թիկունքում: Անգինը հակադարձում է՝ գուցե նման մասշտաբի չաներ, բայց այնքան գիտակից է, որ հասկանում է, թե ինչքան բան է կախված թիկունքից:

– Ես մեզ եմ մեղադրում պարտության համար՝ քիչ գործ անողներին, անտարբերներին, ինձ, որ գուցե հնարավորը չեմ արել պատերազմից առաջ, հա՛, միայն մեզ եմ մեղադրում: Մեզ ոչ թե հաղթելու հեշթեգեր են պետք, այլ բովանդակություն ու արժեքներ սերմանողներ, գործ անող մարդիկ, որ հասկանանք, թե ինչո՛ւ պետք է հաղթենք, ինչո՛ւ է հողը կարևոր: 

Երբ Անգինը ծանոթացավ ամուսնու հետ, չէր էլ մտածում մարզվելու մասին, անգամ երբ Վաղինակն ակնարկում էր: Սակայն նախորդ տարի եռամսյա պարապմունքներին ինքնակամ եկավ՝ նորից կասկածամիտ հայացքների ու շշուկների տակ լուռ պարապելով: 

– Ասում էին՝ իսկը Վարդանովի հարսն է: Ես, այո՛, Վարդանովի հարսն եմ, բայց առաջին հերթին հորս աղջիկն եմ: Իմ մեջ դրել են արժեքներ, որոնք հայրենասիրության, պատասխանատու քաղաքացի լինելու հենքն են: 

Եռամսյա պարապմունքների ժամանակ Անգինը հասկացավ, որ որքան էլ փոխվում են ժամանակները, միևնույն է՝ կան կարծրատիպեր, որոնք շարունակում են իշխել մեզանում: 

– Երբեմն դժվար է հաղթել կարծրատիպին անգամ գործով, հստակ քայլերով: Երբ ամիսներ առաջ եռամսյա պարապմունքների էի գալիս, ինձ հետ այլ աղջիկներ ևս կային: Առաջին օրը տղաները մեզ հորդորում էին վերջին շարքում վազել, որովհետև մենք կանայք ենք, չենք կարող իրենց պես: Բայց մենք վազում էինք շարքի սկզբում, իրենց հավասար, վազում էինք 20 կմ, առաջին օրը հատակից ընդամենը մեկ հրում էի անում, վերջում արդեն՝ 150 հատ: 

Նա ու իր նման կանայք ապացուցեցին, որ ոչ միայն չեն կարող զիջել տղամարդկանց, այլև կարող են գերազանցել: Արտասահմանից լրագրողներ եկան, որ ներկայացրին հայ կնոջ կերպարը ոչ ընտանիքում, նրա կերպարով ոգեշնչվեցին, բայց Անգինն այլ կանանց օրինակներով է ոգեշնչվում ու լցվում: 

– Մի կին կար, զանգահարեց ու ասաց, որ նորածին բալիկ ունի, բայց շատ է ուզում միանալ պարապմունքներին: Ես ուղղակի հիացած էի նրանով, իսկ երբ իմացա, թե ինչու էր զանգել, հասկացա, որ նա ավելի ուժեղ է, քան ես: Զանգել էր, որ հարցնի՝ արդյոք թույլ կտա՞նք կրծքով կերակրել երեխային, երբ դրա անհրաժեշտությունը լինի մարզվելու ժամանակ: 

2022-ին ՈՄԱ-ի դասընթացներին մասնակցել է շուրջ 2500 մարդ, նրանցից ավելի քան 1000-ը կանայք են: Ու եթե անգամ նրանց մեջ կան մարդիկ, որ գալիս են սելֆիների հետևից, միևնույն է, Անգինը վստահ է, որ մի կարևոր բան վերցնելու են, նոր հեռանան: 

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ոչ միայն մեր երկրի ֆիզիկական սահմանները փոքրացան, այլ նաև մեր նեղմտության պատճառով փոքրացավ ընկալումը հայրենիքի հանդեպ: Իսկ հայրենիքը կարիք չունի, որ իրենով հպարտանանք, այն ավելի քան արժանի է, որ իրեն ճանաչենք ու գնահատենք: Ցավալի է, բայց հաճախ մեզ ու մեր երկրին կապող միակ բառը չկշռվող ու չչափվող «հպարտությունն» է: 

Կուշանե Չոբանյան

MediaLab.am