«Շատերը չգիտեն, որ կարելի է ապրել առանց ցավի, և մտածում են, թե թմրադեղ օգտագործելուց թմրամոլ կդառնան».Կյանք առանց ցավի

«Շատերը չգիտեն, որ կարելի է ապրել առանց ցավի, և մտածում են, թե թմրադեղ օգտագործելուց թմրամոլ կդառնան».Կյանք առանց ցավի
«Շատերը չգիտեն, որ կարելի է ապրել առանց ցավի, և մտածում են, թե թմրադեղ օգտագործելուց թմրամոլ կդառնան».Կյանք առանց ցավի

Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օրը, որ այս տարի ամբողջ աշխարհում նշվում է հոկտեմբերի 13-ին, նպատակ ունի ևս մեկ անգամ իրազեկելու հասարակությանը պալիատիվ օգնության կարևորության մասին:
Այս առիթով հոկտեմբերի 9-ին Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների համերգը ևս մեկ առիթ էր «Կյանք առանց ցավի» քարոզարշավի շրջանակներում իրազեկելու կյանքը սահմանափակող հիվանդություններով ապրող մարդկանց, նրանց ընտանիքների խնդիրների և պալիատիվ խնամքի կարևորության մասին:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ դեռևս 2009-ից լուրջ աշխատանքներ է կատարում պալիատիվ օգնության ներդրման և քաղաքականության մշակման հարցում:
Կազմակերպության օժանդակությամբ մեկնարկած «Կյանք առանց ցավի» քարոզարշավը կազմակերպությունների, անհատների, խնամակալների, հիվանդների և առողջապահության համակարգի մասնագետների նախաձեռնությունն է, ովքեր Հայաստանում կարևորում են պալիատիվ խնամք իրականացնելու համար ցավազրկող դեղերի հասանելիությունը:

Համաձայն այս խնդրի շուրջ Հայաստանում իրականացված կարիքների գնահատման տվյալների` գրեթե 3600 հիվանդ ամեն օր պալիատիվ խնամքի կարիք ունի, որի շուրջ 75 տոկոսը կարիք ունի լիարժեք ցավազրկում ստանալու:

«Խնդիրը այն էր, որ կային կազմակերպություններ, որոնք զբաղվում էին պալիատիվ օգնությամբ, բայց նրանք դա անում էին սեփական նախաձեռնությամբ, իսկ համակարգ գոյություն չուներ, և երբ 2009-ին մեր կազմակերպության աջակցությամբ հետազոտություն անցկացվեց, պարզվեց, որ դրա կարիքն իրոք կա, և այս ծառայությունն ընդհանրապես չկա Հայաստանում»,- ասում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության հանրային առողջապահության ծրագրի համակարգող Անահիտ Պապիկյանը:

Նա նշում է, որ պալիատիվ խնամքի վերաբերյալ հատուկ մշակված հայեցակարգը, որ ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարությանը, արդեն իսկ հաստատվել է այս տարվա օգոստոսին:

«Բժիշկների համար մշակվել են նաև չափորոշիչները: Առողջապահության նախարարության և «Գլոբալ ֆոնդի» կողմից մեր առաջարկով ստեղծվել են 4 փորձնական ծրագրեր, որ անցկացվել են 4 շրջաններում՝ Վանաձորում, Արարատում, երկուսը՝ Երևանում` բժիշկներին և բուժքույրերին կրթելու համար: Եվ մենք այսօր ունենք նաև պատրաստված բժիշկներ, որոնք ծրագրի շրջանակում իրականացրել են պալիատիվ բուժօգնություն, ծառայություններ են մատուցել հիվանդներին, ցավի կառավարում և խնամք: Պարզապես սրանք դեռ պետական ծրագրեր չեն, օրենքով հաստատված չեն, և մեր խնդիրն է, որ կառավարությունը տեսնի այս մոդելները, թե ինչքանով են դրանք կարևոր»,- նշում է Պապիկյանը:

Այս ամենին զուգահեռ շարունակում է անցկացվել նաև հասարակության իրազեկման քարոզարշավը. «Քանի որ նրանք չգիտեն այդ ոլորտի կարևորության մասին, շատերը չգիտեն, որ կարելի է ապրել առանց ցավի, և մտածում են, թե թմրադեղ օգտագործելուց թմրամոլ կդառնան, որը սխալ է»:

«Կյանք առանց ցավի» քարոզարշավում ընդգրկված «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ տեխնիկական խորհրդատու Հովհաննես Մադոյանը նշում է, որ բժիկների համար մշակված ուղեցույցը հնարավորություն կտա բժիշկներին հնարավորինս արդյունավետ աշխատելու հիվանդների հետ:

«Մյուս կողմից` կապահովվի բժշկի անվտանգությունը, քանի որ նարկոտիկ դեղամիջոցների հետ գործ ունի, և կարող են խնդիրներ առաջանալ: Բժշկին կարող են մեղադրել դեղամիջոցն անհիմն նշանակելու մեջ, իսկ այդ ուղեցույցը, որով առաջնորդվում է բժիշկը, հնարավորություն է տալիս աշխատել ավելի անվտանգ պայմաններում այն առումով, որ էդ դեպքում նրա մեջքին կանգնած է առողջապահության նախարարությունը` որպես պետական կառույց, և ինքը առաջնորդվում է այդ նախարարության հաստատած ցուցումներով: Դա կարևոր քայլերից մեկն է»,- ասում է Մադոյանը:

Ըստ նրա՝ ներարկային ցավազրկողը, որն այսօր տրամադրվում է չարորակ ուռուցք կամ կյանքի տևողությունը սահմանափակող այլ հիվանդություններ ունեցող մարդկանց, առավելագույնը տալիս են 3 օրվա համար և քիչ քանակով:

«Օրական 50 մգ մորֆինից ավելի չեն տալիս, իսկ մորֆինն ունի հատկություն, որ օրգանիզմը սովորում է, որոշ ժամանակ անց այն դեղաչափը, որ ազդում էր, սկսում է չազդել, կարիք է լինում դեղաչափն ավելացնելու, ու ստացվում է, որ մարդկանց ցավազրկումը ոչ լիարժեք է իրականացվում»,- հավելում է Մադոյանը:

Ըստ «Կյանք առանց ցավի» քարոզարշավն իրականացնողների՝ առջևում դեռ շատ ճանապարհ կա անցնելու, որպեսզի հասարակությունը գիտակցի պալիատիվ բուժօգնության գաղափարը, և երկրորդ` փոխվի պետական համակարգը` լրացուցիչ օրենսդրական փոփոխություններ կատարելով, որպեսզի այս ոլորտը լիարժեք ներդրվի Հայաստանում:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am