Ընդդիմությունը նախընտրեց թրև գալ փողոցներով, քան գնալ ԵԽԽՎ ու հավելյալ ճնշման լծակ ստեղծել Ադրբեջանի համար. Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

– Պարո՛ն Սաֆարյան, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև: Որքանո՞վ է այն կարևոր ու ի՞նչ է տալու Հայաստանին:

– Հայաստանին օդ ու ջրի նման անհրաժեշտ են Ադրբեջանին զսպող հավելյալ լծակներ, որոնք կօգտագործվեն նրա դեմ ու կբերեն վարքագծի փոփոխության: Ասել, թե Ադրբեջանը ենթարկվում է դրանց, ճիշտ չի լինի, բայց նաև ճիշտ չի լինի ասել, որ անտեսում է դրանք: Երեկվա թուրք-ադրբեջանական համատեղ գործունեությունը, կռիվը՝ բանաձևում ջնջել տալ հայկական կողմի առաջարկությունները, որպեսզի դրանք չընդունվեն, մինչև վերջ տեղի ունեցավ:

Տեսանելի էր իշխող ուժի պատգամավորների աշխատանքը, իսկ այն, վստահաբար, հեշտ չի եղել, բայց բազմաթիվ խնդիրներ կան, որոնք բանաձևից դուրս են մնացել: Բայց սա շանս էր ոչ միայն վերաթարմացնելու ղարաբաղյան հակամարտության հարցը, երբ այն դեռ մնում է չկարգավորված, առիթ էր, որ հակամարտության հումանիտար էությունը ճիշտ թվարկեինք, բայց պարզ է, որ աշխարհում մենակ չենք, ու չէր կարող մեր ցանկացած կետ գրվել ու ընդունվել այդ բանաձևում:

– Բանաձևում ներառված ի՞նչ խնդիրներ կուզեիք տեսնել, որոնք դուրս են մնացել:

– Բանաձևում կարելի էր ներառել մեր փախստականների խնդիրները, որոնց տները մնացել են Հադրութում, Շուշիում և այլ վայրերում, տասնյակ հազարների հասնող անօթևաններ ունենք, մշակութային ժառանգության հարցը կա ու նմանատիպ շատ այլ հարցեր, հումանիտար խնդիրները բազմազան են: 

Պետք է նշեմ նաև, որ, ցավոք սրտի, թիմը փոքր էր, միայն իշխանական պատգամավորներն էին, ընդդիմությունը անթույլատրելիորեն հրաժարվել էր կատարել իր պարտականությունները՝ չմեկնելով Ստրասբուրգ, իսկ նման գործելակերպը դատապարտելի է, սա անպատասխանատու վարքագիծ է Հայաստանի Հանրապետության հանդեպ: 

Այդ մարդիկ դեմագոգիա էին անում պատերազմից հետո, պահանջում էին օր առաջ վերադարձնել գերիներին, այն դեպքում, երբ կարող էին գնալ ու Ադրբեջանի վրա ճնշման լծակներն ավելի շատացնել, հասնել որևէ արդյունքի, բայց նրանք նախընտրեցին Երևանի փողոցներում թրև գալը, ու արդյունքը սա էր: 

Նայում ես՝ թուրքերի ու ադրբեջանցիների կողմից արված առաջարկություններին վերաբերող փոփոխությունների ու առարկությունների կողքին ընդամենը չորս հայ պատգամավորի անուն է գրված ու ցավ ապրում: Այս պայմաններում ստացել ենք այն, ինչ ստացել ենք, վատ բանաձև չէ, վատ կետեր չկան, բայց կարող էինք շատ ավելին ստանալ:

– Փաստորեն, կարծում եք, որ եթե ընդդիմությունից էլ պատգամավորներ լինեին, ապա ավելի՞ լավ արդյունք կլիներ:

– Իհարկե, երբ պատերազմին Թուրքիայի մասնակցության հարցի վերաբերյալ ադրբեջանական ու թուրքական կողմը մեղադրում էր, թե մերկապարանոց հայտարարություններ են, ու, ի վերջո, հաջողվեց բանաձևից այդ մասը հանել, հայկական կողմը կարող էր առաջարկել քննության ենթարկել փաստերը, այսինքն՝ մենակ են եղել: 

Բացի այդ էլ, կրկին պետք է հորդորեմ, որ նման բաներից առաջ պետք է լրջագույն խորհրդակցություններ անցկացնեն փորձառու մարդկանց հետ, որպեսզի կարողանան ավելին ստանալ: Իսկ ընդդիմության արածն ուղղակի հակապետական քայլ էր, եթե գնային, ապա շատ ավելի խնդիրներ մատնացույց կարվեին, առաջարկություններ կլինեին, ինչքան գործընթացում խաղացողները շատ են լինում, այնքան հակառակորդի համար բարդ է լինում գործընթացը վերահսկել: 

– Պարո՛ն Սաֆարյան, իսկ, ըստ ձեզ, ընդդիմությունն ինչո՞ւ է որոշել նման քայլի գնալ:

– Երևի մտածել են՝ թող իշխանության ներկայացուցիչները գնան, բարդ վիճակում հայտնվեն, որ հետ վերադառնալուց հետո այդ փաստն օգտագործեն նրանց դեմ, ինչպես միշտ են արել, պատերազմում պարտությունն են անգամ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար օգտագործում: Բայց ավելի լուրջ խնդիր էլ կա, խնդրում եմ՝ նրանց պատգամավորական կորպուսի անունները կարդացեք, լեզու չգիտեն, անգամ հայերեն չեն կարողանում մարդու համոզել, ուր մնաց՝ անգլերենով: 

– Այսինքն՝ ընդունված բանաձևը, ընդհանուր առմամբ, դրական եք համարում, բայց կարծում եք, որ կարող էինք ավելի լա՞վն ունենալ:

– Այո՛, բազմաթիվ առաջարկություններ էին արվել, մեծ աշխատանք էր կատարվել, բայց եթե մինչև գնալը խորհրդակցեին, եթե պատվիրակության կազմն ամբողջական լիներ, հնարավոր կլիներ ավելի շատ խնդիրներ արձանագրել, որոնք անընդհատ մոնիթորինգի կենթարկվեին, հղում կարվեր դրանց, ու Ադբեջանի վրա գործադրվող ճնշման հնարավորություններն է՛լ ավելի կմեծանային: 

Կարելի էր տարբեր սցենարներ մշակել՝ հակառակորդին հակադարձելու համար, այն պարագայում, երբ դժվար չէ գուշակել, թե քո որ խոսքին ոնց է հակադարձելու Ադրբեջանը: Եթե ավելի լավ մշակված ու խոր ստրատեգիական մոտեցումներով գործեին, կկարողանային կանխել թուրք-ադրբեջանական կողմի այն հաջողությունները, որոնց նրանք հասան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am