«Յուրաքանչյուր լավ գրող, կուզեի, որ պանթեոնում թաղված լիներ». Էդվարդ Միլիտոնյանը՝ Վանո Սիրադեղյանին հուղարկավորելու մասին

Այսօր հայտնի դարձավ, որ գրող, հրապարակախոս, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով:

Վանո Սիրադեղյանը, որը Հայաստանից հեռացել էր 2000 թվականին, շարունակում է մնալ Հայաստանի գրողների միության անդամ: Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասում է՝ Սիրադեղյանն իր համակուրսեցին էր, թեև վեց տարով մեծ էր իրենից:

«Միասին ենք սովորել, արդեն բանակում ծառայած հասուն մարդ էր: Միասին աշխատել ենք: Նրա ստեղծագործական կյանքի ուղին ուշ սկսվեց, նրա առաջին գործերը հրապարակել ենք հենց «Գարուն» ամսագրում: Լավ եմ հիշում «Թերեզի երջանկությունը» պատմվածքը: Նրա առաջին գիրքը՝ «Կիրակին», հետաքրքիր ոճ ուներ և շատ լավ ընդունվեց, հետո գրեց «Ծանր լույսը» վիպակը»,- «Մեդիալաբին» ասում է Միլիտոնյանը:

1988-ին, ԳՄ նախագահը հիշում է, Սիրադեղյանը «Ղարաբաղ» կոմիտեի միջոցով դարձավ շարժման ակտիվ մասնակիցներից մեկը, ինչից հետո էլ սկսվեց նրա քաղաքական գործունեությունը:

Նա դժվարանում է ասել՝ արդյոք Սիրադեղյանը հանրության կողմից ընդունվել է ավելի շատ որպես պետական գործի՞չ, թե՞ գրող: «Հանրությունն այդքան չի կարդում, որ կարծիք կազմի, մանավանդ քաղաքական-հասարակական լարված իրավիճակներում, շարժման ժամանակ: Եթե կարդային, հրապարակախոսական հոդվածները կկարդային, մնացածը՝ ով ճանաչում էր, կարող էին կարդալ նաև գրական գործերը»,- նշում է Միլիտոնյանը:

Ծանր փորձությունների միջով անցած գրողի մահը, ըստ Միլիտոնյանի, մեծ կորուստ է. «Նա ծանր ժամանակներ է ունեցել, անցկացրել ու ընկել մեծ փորձությունների մեջ, իմ ու մեզ բոլորիս համար շատ ծանր կորուստ է»:

Գրողների միության նախագահի խոսքով՝ լավ կլինի, որ մի օր հրապարակվեն վերջին տարիներին Վանո Սիրադեղյանի գրվածքները:

«Ասում են, որ նա տարագրության տարիների մասին գիրք է գրել, շատ կարևոր կլինի, եթե դա հրատարակվի, որովհետև նրա վերլուծական միտքը կարևոր է, ու կարծում եմ՝ հետաքրքիր մեկնաբանություններ արած կլինի: Տեսնենք՝ ժամանակը ցույց կտա»,- նշում է Միլիտոնյանը:

Կառավարական հանձնաժողովի կազմում, ասում է, Գրողների միությունից ներկայացված չեն, նման առաջարկ չի եղել, բայց նշում է.

«Նախարարությունը (նկատի ունի՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը – հեղ.) գրողներին Կոմիտասի պանթեոնում հուղարկավորելու վերաբերյալ որևէ չափորոշիչ չունի: Եթե նկարիչ է, երգիչ և այլն, կա պայման, որ ժողովրդական կոչում պետք է ունենա, գրողների վերաբերյալ չկա նման բան: Ես այդ հարցով քննարկումներ ունեցել եմ նախարարության հետ, բայց դեռ լուծում չկա: Հիմա հանձնաժողով է ստեղծվել, այդ հարցերը կքննարկեն, կորոշվի՝ ինչ անել: Յուրաքանչյուր լավ գրող, կուզեի, որ պանթեոնում թաղված լիներ, թե որ պանթեոնում՝ թող հանձնաժողովն ինքը որոշի: Օրինակ՝ շատ կուզեի, որ Աղասի Այվազյանը թաղված լիներ Կոմիտասի անվան պանթեոնում: Բայց այնտեղ չէ, չէ՞»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am