«ԱԺ-ում լրագրողներից պահանջվողը սահմանափակումներ չեն, այլ՝ կանոնակարգումներ»․իշխանական պատգամավորը՝ ՄԻՊ-ին

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի կարծիքով՝ ցանկացած իրավասու մարմին իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան, հետևաբար պատգամավորը չի ցանկանում գնահատել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ Սահմանադրական դիմելու մասին որոշումը:

«Դա իրավական գործընթաց է, հետևենք ընթացքին»,- «Մեդիալաբին» ասում է պատգամավորը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հիշեցնենք, օրերս հայտարարել էր, որ դիմել է ՍԴ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

«Խոսքը վերաբերում է օրենսդրական բացի, ինչպես նաև իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների հետևանքով լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը։

Մյուս հարցն առնչվում է որոշ սահմանափակումներ նախատեսող դրույթներում իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ հանգեցնում են Սահմանադրությամբ երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության, տեղեկություններ ստանալու իրավունքի անհամաչափ սահմանափակմանը, ինչպես նաև չեն համապատասխանում միջազգային պրակտիկային և մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Խնդիրն այն է, որ Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանն առնչվող հարցերն ԱԺ կանոնակարգում ունեն անորոշ կարգավորում: Սահմանված չեն առանձին, իրավական կոնկրետ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները»,- հայտարարել էր Թաթոյանը:

«ՄԻՊ-ի այն մտահոգություններին, որ ԱԺ կանոնակարգումների հետևանքով որևէ մեկի իրավունքը կամ առավել ևս տեղաշարժի ազատությունները սահմանափակվում են, ապա ես և գործընկերներս ոչ մեկ անգամ նշել ենք, որ ԱԺ-ում, ի տարբերություն այլ պետական հաստատությունների, մինչ այժմ որևէ ներքին կանոնակարգում սահմանված չի եղել, որոնց շնորհիվ կապահովվի թե՛ լրագրողների, թե՛ աշխատակազմի, թե՛ պատգամավորների բնականոն աշխատանքը»,- «Մեդիալաբին» ասում է իշխանության ներկայացուցիչը։

Պատգամավորը համոզված է, որ առանց կանոնների միջավայրում հնարավոր չէ ապահովել որևէ մեկի իրավունքը, հետևաբար, Հովհաննիսյանը շարունակում է պնդել, որ այս փոփոխությունները սահմանափակումներ չեն, այլ՝ կանոնակարգումներ։

Պատգամավոր Հովհաննիսյանը չցանկացավ ասել, թե ինչ վճիռ է ակնկալում ՍԴ-ից, հորդորեց սպասել։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքների գնահատականին անդրադառնալիս Հովհաննիսյանն ասաց, որ այդ մասին մանրամասն կխոսեն դեռ, երբ կունենան կառույցի տարեկան հաշվետվությունը։

Հարցին՝ այս կառույցը նրա համար և՞ս հակահեղափոխական է, ինչպես, օրինակ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի, Հովհաննիսյանը պատասխանեց․

«Ինչ վերաբերում է պարոն ՄԻՊ-ի մասին՝ պարոն Գրիգորյանի կարծիքներին, ապա խոսք է գնացել նրա հայտարարությունների ոչ անաչառ լինելու մասին, ինչի մասին ես ինքս ոչ մեկ անգամ խոսել եմ։ Իսկ մնացածը՝ ճիշտ կլինի պարզաբանում խնդրեք հենց միտքը հնչեցնողից»։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am