«Ավտոլվացման կետերի քիմիական նյութերը թափվում են ինչպես Հրազդան գետ, այնպես էլ՝ Երևանյան լիճ». Ինչո՞ւ է նվազել Երևանյան լճի ջուրը

Երևանյան լճում այս օրերին ջուրը նվազել է, և նույնիսկ կան մտավախություններ, որ լճի ճահճացման վտանգ կա: Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը, սակայն, վստահեցնում է՝ Երևանյան լճում ճահճացման վտանգ չկա, ջուրն իջեցվել է՝ լճում աշխատանքներ իրականացնելու նպատակով:

«Երևանյան լճում այս պահին ընթացող մաքրման աշխատանքները, ինչով էլ պայմանավորված է ջրի իջեցումը, կապված են զուտ Երևանյան ջրամբարի ջրարգելակների հանգույցների ցանցերի մաքրման հետ»,- «Մեդիալաբին» ասում է Վաղարշակյանը:

Նա, այդուհանդերձ, ընդգծում է՝ այս պահին կատարվող աշխատանքները կապ չունեն լիճն աղբից մաքրելու հետ:

Ամռան ամիսներին այդ ջրարգելակի միջոցով լճի ջուրը հոսում է Էջմիածնի ու Մասիսի շրջաններ՝ ոռոգման նպատակով: Եվ որպեսզի այս գործընթացն ավելի արդյունավետ իրականացվի նաև մյուս տարի, ընկերությունը տարվա այս ժամանակահատվածն է նպատակահարմար գտել ջրարգելակները մաքրելու համար: Բացի այդ, ըստ Վաղարշակյանի` ոռոգման սեզոնն ավարտվել է:

«Լիճը երկու օրից կիջեցվի, ցանցերը կբացվեն, դրանց մաքրման աշխատանքները կիրականացվեն, եթե վնասված հատվածներ լինեն` կվերականգնվեն, նոր ջուրը կլցվի լիճ»,- ասում է Վաղարշակ Վաղարշակյանը:

Նրա խոսքով՝ Երևանյան լճի մաքրման աշխատանքները կախված են կոնկրետ աղբի քանակությունից, ինչն ամեն տարի տարբեր ծավալի է լինում: Աղբի քանակի վերաբերյալ հստակ թվային տվյալներ Վաղարշակյանը դժվարացավ ներկայացնել` պատճառաբանելով, որ աշխատանքն անընդհատ կատարվող է, ու, լողացող աղբ տեսնելիս, ընկերությունը կատարում է իր գործառույթը: Լճի աղտոտման հիմնական պատճառը ափերին եղած կենցաղային աղբն է, որ լիճ է հասնում ինչպես Հրազդան գետից, այնպես էլ Սևանա լճից:

«Աղբը գցում են Հրազդան գետի մեջ, լճի ափերին, ու, կախված դրա քանակից, տարվա ընթացքում մի քանի անգամ լճի մաքրման աշխատանքներ ենք իրականացնում»,- ասում է լճի մաքրման աշխատանքներով զբաղվող ընկերության գլխավոր ճարտարագետն ու հավելում, որ լճում աղբի կուտակումներ հիմնականում լինում են գարնանն ու ամռանը:

Վաղարշակ Վաղարշակյանը վստահ է, որ լճի աղտոտվածության խնդիրը կարող է լուծվել միայն մարդկային գիտակցության բարձրացման շնորհիվ, քանի որ գործ ունենք միայն մարդկային գործոնի հետ, ու մարդն ինքը պետք է գիտակցի, որ լիճը աղբանոց չէ:

«Մեր ընկերությունը հիմնականում զբաղվում է լողացող աղբի մաքրմամբ ու Երևանյան ջրամբարի հանգույցի շահագործմամբ: Մարդկանց երևի հիմնականում հետաքրքրում է նստվածքների մաքրումը, բայց նշեմ, որ նստվածքի մաքրման աշխատանքներ չեն կատարվել, գուցե փորձեր եղել են, բայց չի ստացվել»,- իսկ չստացվելու պատճառը, Վաղարշակյանի խոսքով, տեխնիկական ու ժամանակային խնդիրն է:

«Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետը համոզված է, որ Երևանյան լճի նստվածքը չի կարող լճի ճահճացման կամ այլ լուրջ խնդիրների պատճառ լինել:

Լճի մաքրման աշխատանքները, որոնցում բնապահպան Կարինե Դանիելյանը նախորդ տարիների համեմատ դրական առաջընթաց նկատում է, բավարար չեն ասելու, թե լիճը բարեկարգ վիճակում է: Նրա խոսքով՝ դրան հասնելու համար դեռ բավական ժամանակ ու աշխատանք են հարկավոր:

«Հրազդան գետն ու ոչ միայն՝ մաքրելու խնդիր կա, որովհետև լիճն ընդունում է նաև աղբի թափոններ, իսկ դա կանխելու համար անհրաժեշտ են շատ լուրջ քայլեր, որոնք չեն արվում», – «Մեդիալաբին» ասում է բնապահպանն ու նշում, որ լիճը որպես հանգստի գոտի օգտագործելու նպատակով էլ ոչինչ չի արվում, մինչդեռ լիճը, ըստ նրա, պետք է ծառայեր հենց այդ նպատակին:

«Միայն մաքրելը չէ խնդիրը, բավականին լուրջ աշխատանք պետք է կատարվի բնակչության հետ, որպեսզի իսկապես գնահատեն ջրային ռեսուրսների կարևորությունը: Ինչ աղբ ձեռքներս ընկնի՝ գցենք ջուրը՝ այս մոտեցումն ուղղակի կործանարար է»,- ասում է Կարինե Դանիելյանը:

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի գնահատմամբ՝ այն լուծումներն ու աշխատանքները, որոնք տարվում են համապատասխան կառույցների կողմից լիճն աղբից մաքրելու համար, ընդամենը մասնակի են լուծում առկա խնդիրները, իսկ բուն հարցը, որը, ըստ նրա, ավելի խորքային է, այդպես էլ լուծում չի ստանում:

«Խնդիրը լուծում չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասկացել, թե որտեղից է սկիզբ առնում լճի աղտոտվածությունը: Ստույգ պատկեր չունենք, թե որ ցանցով ինչ է մտնում լիճ, որովհետև մեզ մոտ ինքնաշեն ու անօրինական խողովակները շատ են, ու շատ դժվար է հասկանալ՝ որն ի՛նչ ցանցի է կպնում»,- «Մեդիալաբին» ասում է Ինգա Զարաֆյանն ու ընդգծում, որ կոնկրետ Երևանյան լճում ունեն շատ վտանգավոր իրավիճակ, որովհետև վտանգավոր թափոնները, որոնք արտադրվում են չգրանցված ու գրանցված ձեռնարկություններում, ոչ ոք չի հաշվարկում, մինչդեռ, ըստ նրա, կոնկրետ համակարգը պետք է գրանցեր, թե որ գետում ինչքա՞ն արտադրական թափոններ կան, դրանցում ի՞նչ քանակությամբ տոքսիկ կամ վտանգավոր նյութեր կան:

«Հայաստանում, ընդհանուր առմամբ, ողջ ջրային ավազանը մեծ չափով աղտոտված է, իսկ այդ աղտոտված ջուրը գալիս է նաև Երևանյան լիճ: Ու քանի որ այն արհեստական լիճ է, ու ջրի փոխանակումն էլ շատ դանդաղ է կատարվում, քիմիական շատ միացություններ, որոնք ժամանակի ընթացքում չեն քայքայվում, նստում են լճի հատակին»,- ասում է Զարաֆյանը:

Ի տարբերություն քիմիական նյութերի՝ կոյուղաջրերում առկա նյութերը բավականին շուտ են քայքայվում ու այս համատեքստում պակաս վտանգավոր են համարվում լճի ջրի համար: Ըստ Զարաֆյանի՝ լճի համար շատ վտանգավոր են ավտոլվացակայանները, որոնք իրենց գործունեության մեջ օգտագործում են քիմիական նյութեր, իսկ այդ ընկերությունների թափոններն էլ լցվում են ինչպես Հրազդան գետ, այնպես էլ Երևանյան լիճ:

«Ավտոսպասարկման ու լվացման կետերում, որտեղ մեքենաներ են լվանում, փոխում շարժիչի յուղերը և այլն, այդ թափոնները, որոնք արդեն հարուստ են քիմիական նյութերով, թափվում են գետ ու լիճ»,- ասում է Զարաֆյանը ու ընդգծում, որ խնդիրը միայն ավտոլվացման կետերով չի սահմանափակվում, թունավոր նյութերով հարուստ արտադրական թափոնների աղբյուր են նաև տարբեր արտադրական մանր ու մեծ գործարանները, որոնց թափոնները ևս լցվում են Հայաստանի ջրային տարբեր ավազաններ:

Նրա խոսքով՝ լճից եկող հոտն արդեն իսկ բավարար է հասկանալու համար, որ ջրում առկա են տոքսիկ կամ վտանգավոր նյութեր, բայց քանի դեռ չկա այն համակարգը, որը կոնկրետ գրանցումներ կանի, այս խնդիրը երբեք լուծում չի ստանա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am