«Աշխատանքի էի, մեր բարեկամները լրիվ զանգում էին՝ Հրաչից խաբար ունե՞ս»․ պատերազմում որդուն կորցնելուց հետո մայրն ասում է՝ մեռանք, չենք ապրում

«Լրիվ դառանք ուրիշ մարդ, մեռանք։ էս ապրել չի, չենք ապրում»,- կսկիծով ասում է 39-ամյա Ալմաստ Հարությունյանը։ Ալմաստի որդին՝ 19-ամյա Հրաչ Մահտեսյանը, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ վաշտի 17 տղաների հետ միասին Ջրականի հատվածից Տիլի գյուղ տեղափոխման ժամանակ։

ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալ» մեքենային։ 

Ալմաստ Հարությունյանն ասում է, որ դեպքի օրը՝ հոկտեմբերի 9-ին, խոսել է որդու հետ։ Մինչ այդ չի իմացել, որ տղան Ջրականում է։ Հրաչը մորը մշտապես ասել է, որ Մեղրիի զորամասում է, ամեն ինչ լավ է։ «Էդ օրը ասեցի, որ իր հոպարի տղաներն են գնացել Ջրական, ասեց՝ ո՞նց, ստեղ կրակից կարկուտ է թափվում, չէի՞ն կարա չգային… Էդպես հասկացա, որ ինքն էլ Ջրականում ա, մինչև էդ չէր էլ ասել իր տեղը, ասում էր՝ մենք մեր տեղն ենք, նորմալ է»։

Ալմաստն ասում է, որ որդին ու վաշտի մյուս տղաները զոհվել են սխալ հրամանի հետևանքով։ Այդ մասին ծնողները բողոք են ներկայացրել դատարան, և դատավարությունը շարունակվում է։

«Էդ օրը տղաներն Իշխանաձորում ԱԹՍ են տեսել, իրանց հրամանատարը ավտոյից 20-30 մետր հեռու է տարել երեխեքին, ու բացազատվել են, հեռու-հեռու պառկել են առանձին տարածքների վրա: Էդ ժամանակ իրանց մարտական գծով փոխգնդապետը եկել է, իրանց տեսել է ու հրաման է տվել, որ նստեն, շարժվեն։ Իրանց վաշտի հրամանատարն ասել է՝ ԱԹՍ-ն վերևում է, գոնե գնա, մի քիչ ուշ կշարժվենք, ասել է՝ չէ, ԱԹՍ-ն ՀՕՊ-ի խնդիրն է, ձեր խնդիրը չէ, նստե՛ք ու շարժվե՛ք։ Նստելուց հետո 5 րոպե է անցել, ԱԹՍ-ն խփել է։ 

Միայն մի տղա է փրկվել, էդ երեխեն դիմացն է նստած եղել»,- ասում է Ալմաստ Հարությունյանը և նշում, որ դեպքի մանրամասները պատմել են վիրավոր տղան և զոհված տղաներից մեկի ծնողը, որը որդու մոտ էր գնացել և, ուղեկցելով «Ուրալ» մեքենան, ականատես եղել դեպքին։

«Մենք բողոքում ենք, որ փոխգնդապետի սխալ հրամանի պատճառով տղաները զոհվել են։ Մեր բողոքներից հետո փոխգնդապետին մեդալ չտվեցին, բայց իրա պաշտոնը բարձրացրին»,- մտահոգ նշում է Ալմաստ Հարությունյանը։

Ալմաստն ասում է՝ հոկտեմբերի 10-ին, երբ որդուց զանգ չի ստացել, արդեն անհանգիստ էր, զգում էր, որ ինչ-որ բան է պատահել, հակառակ դեպքում որդին անպայման կապ կհաստատեր։

«Ես ամսի 11-ին գործի էի գնացել, փուռն էի աշխատում, ասում էի՝ չեմ կարում գործ անեմ, ձեռքերս թուլացել են, զգում էի՝ ինչ-որ բան այն չէ։ Ինքը որ չէր զանգում, գոնե հեռախոսը անջատում-միացնում էր, ինձ նամակ էր գալիս, որ բաժանորդը հասանելի է, ես էդպես արդեն գիտեի, որ ինքը կար։

Ամսի 11-ին անունները գցել էին, ես աշխատանքի էի, մեր բարեկամները լրիվ զանգում էին՝ Հրաչից խաբար ունե՞ս, Հրաչը զանգե՞լ է, բայց ես գիտեի, որ վերջին անգամ ամսի 9-ին եմ խոսել ու էլ ոչ մի բան»,- ասում է Ալմաստը և հուզվելով շարունակում, որ այդ օրն էլ իմացել է որդու զոհվելու մասին լուրը։

Որդեկորույս մայրն ասում է՝ այդ օրվանից կյանքը գլխիվայր շրջվել է։ Օրերը պարզապես անցնում են, բայց չի ապրում․ «Ուժ չկա, դիմանալու չի, օր է՝ անցնում է։ Հրոս իմ թիկունքն էր, իմ թևերն էին, էլի տղա ունեմ, բայց Հրոյով էի ես ապրում»։

Ալմաստն ասում է՝ շատ կապված էր որդու հետ, ոչ թե մայր ու տղա էին, այլ՝ քույր ու եղբայր։

Հրաչը լուրջ, հասուն տղա էր, մայրն ասում է՝ որդու երազանքն էր բանակից վերադառնալ և տուն կառուցել, քանի որ տուն չունեին։

«Որ զանգում էր, հոգնած էի լինում, երկու տեղ էի աշխատում՝ ասում էր՝ հը՞, շա՞տ ես հոգնել, ասում էի՝ չէ՛, քեզ եմ կարոտել, ասում էր՝ չէ՛, մա՛մ ջան, որ գամ, դու էլ չես աշխատի։ Ուզում էր հողագործությամբ զբաղվեր, բանակում սակրավորների վարորդ էր, մտածում էր գար, նաև վարորդություն կաներ»։ 

Մայրն ասում է՝ ականջին անընդհատ որդու խոսքերն են, կարոտը անհուն է, ցավը՝ խորը։

«Իրան դեկտեմբերի 23-ին էին բանակ տարել, ամեն ամսի 23-ին զանգում էր, ասում՝ տենո՞ւմ ես՝ օրերն ինչ արագ են անցնում, վերջին զանգին ասեց՝ արդեն 10 ամիսն է լրանում։

Ինձ ոչ մա էր ասում, ոչ Ալմաստ, ասում էր՝ Մաստ, միացնում էր իրար բառերը ու էդպես էր ասում»,- ասում է Ալմաստը ու հուզմունքով նշում, որ որդին զոհվեց հանուն հայրենիքի, բայց այսօր որևէ մեկը չի հիշում, դուռը չի բացում։

«Երեխեքին տարան, գլուխները կերան, ոչ մի մարդ ոչ մի անգամ դուռ չի բացել, գնաց, կորավ ու վերջ»,- կսկիծով հավելում է Ալմաստը։

Արփինե Արզումանյան

Medialab.am