«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանը օրերս չորս գերի է վերադարձրել հայկական կողմին: Ի՞նչ մեկնաբանություններ, տրամադրություններ կան այս իրողության վերաբերյալ Ադրբեջանի ներսում:
– Իրականում ոչ թե չորս գերի վերադարձրեց, այլ մեր գերիների վերադարձը փոխկապակցված է սիրիացի վարձկան ահաբեկիչներին Թուրքիայի միջոցով Սիրիային հետ տալու գործընթացի հետ: Սրանք միմյանց հետ փոխկապակցված գործընթացներ են՝ անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանն ինչ կհայտարարի:
Այդ ահաբեկիչները կարևոր էին Թուրքիայի համար, որովհետև եթե նրանց այսպես կոչված դատավարությունը մեկ-երկու օրով չսահմանափակվեր, այլ պրոցեսը գնար, ու նրանք սկսեին խոսել, թե ինչպես են ներգրավվել պատերազմում, դրանից կարելի էր հսկայական նյութ ստանալ, դա նաև օգտագործելով՝ ավելիին հասնել այդ գործընթացում: Բայց Նիկոլ Փաշինյանը, ենթադրում եմ, նպատակ ունի Ադրբեջանին ներկայանալ որպես բարի կամք դրսևորող ու այդ տիրույթում է խնդիրը դիտարկում:
Ինչ վերաբերում է ադրբեջանական հանրային արձագանքներին, ապա դրանք ընդհանուր առմամբ բացասական են՝ հատկապես բուռն Վագիֆ Խաչատրյանի գործով, որին մեղադրում էին «ցեղասպանության» ու նման հանցանքների համար, նշվում է, որ եթե նման հանցանքներ էին վերագրվում այդ մարդուն, ինչո՞ւ են նրան ազատ արձակում: Այդ ֆոնին ադրբեջանցի տարբեր պատգամավորներ, ինչ-որ հանրային գործիչներ մեկնաբանություններ էին տվել, նշելով, որ նրա վիճակը շատ ծանր էր, ու որպեսզի նա չմահանա ադրբեջանական բանտում, իրենք նման որոշում են կայացրել:
Միևնույն ժամանակ նրանք փորձում են ներկայացնել այդ ամենը որպես «նախընտրական նվեր Նիկոլ Փաշինյանին», այդ խոսույթն էլ են ակտիվ գեներացնում Ադրբեջանում: Թերթերից մեկը նույնիսկ գրել էր, որ «սա քայլ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանն էլ ավելի ակտիվ շարունակի Եկեղեցու դեմ արշավը, ինչի մեջ շահագրգռված է Ադրբեջանը», բառացի այդ տրամաբանության մեջ էլ հրապարակումներ էին արել:
Եթե ուշադրություն դարձնեք, մեր չորս հայրենակցի վերադարձից հետո ադրբեջանական իշխանական մամուլը, հղում անելով իշխանական աղբյուրներին, անմիջապես հրապարակել էր նյութ, որ չի կարող քննարկվել մյուսների վերադարձի հարց՝ հատկապես Արցախի ռազմաքաղաքականության ղեկավարության մասին է խոսքը:
Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ ճիշտ աշխատանքը հնարավոր կդարձնի բոլորի վերադարձը, ինչը իրապես քայլ կլինի խաղաղության գործընթացի շրջանակներում, չի կարող Բաքվում հայ պահվել որպես գերի ու դա զուգադրվի խաղաղության մասին քննարկումների հետ:
Շատ կարևոր են այստեղ հայ հանրության ճիշտ արձագանքը այս թեմայի շուրջ ու որոշակի հստակ պահանջի ձևավորում այդ հարցում: Միևնույն ժամանակ տեսա որոշ պատգամավորներ, փորձում էին ներկայացնել, որ չպետք է այդքան կենտրոնանալ գերիների թեմայի վրա, որովհետև Ադրբեջանը վրեժ է լուծել հայերից մարտի դաշտում, նրանք շատ թանկ են վճարել:
Եթե ուշադրություն դարձնեք հունվարի 13-ի Իլհամ Ալիևի ելույթին, կրկին այդ խոսույթն էր, որ իրենք վրեժ են լուծել մարտի դաշտում և այլն, այսինքն՝ վրեժ լուծելու ու վրիժառության այդ թեման շարունակում է ակտիվ մնալ Ադրբեջանի պետական, քաղաքական գործիչների հանրային խոսքում: Որոշ ընդդիմադիր շրջանակներ՝ ոչ Ադրբեջանում ապրող, նշել էին, որ իրենց համար շատ ցավալի է հայերի ազատ արձակումն այն ֆոնին, երբ Ադրբեջանում կան քաղբանտարկյալներ, շատ նշվում է այդ հայտնի ակտիվիստ Բահրուզ Սամադովի գործը, որը մեղադրվում է հայերի օգտին լրտեսության համար:
– Բացառո՞ւմ եք, որ ադրբեջանցիների ասած «նախընտրական նվեր Նիկոլ Փաշինյանին» էլի կտեսնենք՝ մյուս գերիների վերադարձի տեսքով:
– Ես միայն ուրախ կլինեմ, որ նման «նախընտրական նվերներ» շատ անեն: Եթե մեր ռազմագերիների ազատ արձակումները պետք է լինեն Նիկոլ Փաշինյանի նախընտրական նվերները, ես շատ շահագրգռված եմ, որ նա ստանա այդ նվերը: Այս գործն ընդհանրապես պետք է փակվի, որովհետև այդ շինծու դատավարությունները ընթանում են Հայաստանի դեմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա այդ «նախընտրական նվերը» Ալիևից ստանալ, ես շատ ուրախ կլինեմ ու առաջինը կշնորհավորեմ նրան:
– ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համատեղ հայտարարություն հնչեց օրերս, դրա վերաբերյալ պաշտոնական Ադրբեջանում ինչպիսի՞ արձագանքներ կան:
– Իրականում այս գործընթացը շատ հետաքրքիր է, որովհետև, ես վստահ եմ, որ որքան էլ հրապարակումներ ու քննարկումներ են արվում, այդուհանդերձ, բազմաթիվ դրույթներ այդ թեմայի շուրջ համաձայնեցված չեն: Ադրբեջանական խոսույթից դատելով՝ Ադրբեջանը շահագրգռված է, որ դա լինի հենց ճանապարհ, դատելով Ալիևի հունվարի 5-ի ծավալուն հարցազրույցից, նա փաստացի ասում էր, որ եթե այդ ճանապարհը չլինի այնպես, ինչպես ինքն է ուզում, փաստացի տարածաշրջանում ապաշրջափակում չի լինի:
Ամեն մի կողմ այս փուլում ուղղակի իր բաժին խաղն է խաղում, որովհետև որևէ հստակ պայմանավորվածություն չկա: Այն, ինչ կա այս պահին, որը ես տեսնում եմ որպես մասնագետ, այն է, որ էսկալացիայի հստակ վտանգը, այո՛, որոշակիորեն չեզոքացվել է, առնվազն քանի դեռ ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմն է, որոշակի երաշխիքներ այդ առումով Հայաստանն ստացել է, բայց հետագայի համար պետք են շատ ավելի գործուն քայլեր ու ճիշտ գործողություններ: Այս ամբողջ թեման ավելի շատ մեծ բլեֆ է, ամեն մեկն ուզում է հասնել նրան, ինչ ուզում է, ու այս առումով տարածաշրջանային խաղը բարդ է:
– Այսինքն՝ ադրբեջանական կողմում հռետորաբանության փոփոխություն չկա՞, նրանք շարունակում են պնդել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը:
– Միանշանակ, ու հենց օրերս Բայրամով-Ֆիդան զրույցի մեջ արձանագրություն են արել հենց այդ տերմինաբանությամբ, այդ առումով չկա փոփոխություն, Ալիևը շարունակում է այդ խոսույթն առաջ տանել, այսինքն՝ այդ տերմինաբանության մեջ փոփոխություն չկա, ու ասում եմ՝ դրա տակ իրենք հասկանում են ճանապարհ, իսկ ամերիկյան կողմը դրա տակ հասկանում է երկաթգիծ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















